19.04.2017 12:35

Առաքել Թավրիզյան. Լարսից կախված... «ուժեղ» Հայաստան

Առաքել Թավրիզյան. Լարսից կախված... «ուժեղ» Հայաստան

Երբ Գագիկ Սուրենյանը կանխատեսում է եղանակի փոփոխություն, լրահոսում տեղեկություն է հայտնվում նաեւ Լարսի անցակետի փակ կամ բաց լինելու մասին: Բայց դա միայն մեզ է հետաքրքիր: Վրաստանի համար Լարսի անցակետը՝ եղած կամ չեղած: Մենք ենք, որ Լարսով բեռնափոխադրումներ ենք իրականացնում, արտագաղթում Ռուսաստան, ամռանն էլ տուրիստ գալիս, որ ծիրան ուտենք:

Երկրի լավ ու վատը, փաստորեն, պայմանավորված է նաեւ Լարսով: Իսկ եթե, Աստված չանի, տեղի ունենա փլուզում, եւ ճանապարհը փակվի՞՝ ինչպես անցյալ տարի ծիրանի սեզոնին եղավ: Կասկածել պետք չէ, գտնվելու են «կոնսպիրոլոգներ», որ վրացական կողմին մեղադրելու են Հայաստանի նկատմամբ «միտումնավորության» մեջ: Անցյալ տարի, համենայնդեպս, այդ բնույթի հրապարակումների պակաս չկար, իսկ մի քանի դեպքում հեղինակները պարզապես չափն անցան՝ Վրաստանին պահանջ ներկայացնելով, որ «անհապաղ ավարտին հասցնի վերականգնողական աշխատանքները»: Ներկայիս էլիտա կոչվածի ոճին դա չափազանց հարիր է:

Բայց դառնանք բուն խնդրին. երբ խոսվում է Ղարաբաղի հարցը կարգավորելու անհրաժեշտությունից, ընդդիմախոսները մոտավորապես նույն բանն են ասում. «Ոչ ոք մեզնից չի պահանջում վերադարձնել տարածքները, շրջափակումը խոչընդոտ չէ, որպեսզի Հայաստանը հզորանա, պետք է համատեղել բոլոր հնարավորությունները, սպառազինել բանակը եւ պատրաստ լինել ցանկացած փորձության»:

Վերջերս վրացական օպոզիցիան հայտարարություն էր տարածել, որ իշխանությունները թույլատրել են ռուսական ռազմական ավտոշարասյան անցումը դեպի Հայաստան: Աղմուկը չափազանց մեծ էր, հերքում տարածեցին ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Ռուսաստանի պատկան մարմինները: Ռուսաստանից Վրաստանով Հայաստան մի ճանապարհ կա, այն էլ անցնում է Լարսով: Հետեւաբար՝ Հայաստանի հզորացումը կախված է Լարսից, «մի քիչ» էլ՝ Վրաստանից, որի տնտեսության մեջ անցյալ տարի կատարված ներդրումների 70 տոկոսը բաժին է ընկնում... թուրք-ադրբեջանական կապիտալին:

Ճիշտ է, հայ ազգայնականը դրանից աղմուկ է բարձրացնում(տե՛ս www.arevelk.am-ում Սեւակ Արծրունու հոդվածը), թե «Վրաստանի թուրքացումը միայն ժամանակի հարց է», բայց փաստ է, որ դարեր շարունակ Վրաստանը ե՛ւ բարիդրացիական կապեր է ունեցել թուրքական աշխարհի հետ, ե՛ւ պահպանել ազգային ինքնությունը: Ամենագլխավորը՝ ապագայի ընտրության հարցում Վրաստանն ազատ է, եւ մենք չէ, որ նրան պիտի խորհուրդներ տանք:

Մեր խնդիրները մեզ լիուլի հերիք են, իսկ գերագույն ռեբուսն այն է, թե ինչպե՞ս Լարսից կախված Հայաստանը դարձնել այնքան ինքնաբավ եւ հզոր, որպեսզի Ադրբեջանին ոչ մի թիզ հող չվերադարձնենք: Ավելին՝ լուծենք նաեւ Նախիջեւանի, Հյուսիսային Արցախի, Դաշտային Ուտիքի, Լեռնային Գարդմանքի եւ Փայտակարանի հարցը: Ներողություն, Ջավախքի մասին մոռացա... Բայց չէ՞ որ այդ դեպքում Լարսը վերջնականապես կփակվի, եւ մենք չենք կարողանա հասնել Կարս...