20.04.2017 12:06

Տիգրան Պասկեւիչյան. Մի լուսապատճենի պատմություն

Տիգրան Պասկեւիչյան. Մի լուսապատճենի պատմություն

Կա՞ մի հայ, որը չի ուզում ծովից ծով Հայաստան։ Չկա՛։ Նույնիսկ ես եմ ուզում՝ շատ լավ իմանալով, որ դա անհնար է։ Ինչո՞ւ եմ ուզում՝ չգիտեմ։ Հավանաբար՝ որովհետեւ մանկությունից, դպրոցից, դասագրքից, պատմավեպից, ամեն ինչից իմացել եմ, որ հայը, եթե իսկական է, պետք է երազի ծովից ծով Հայաստան։

Տասներեք-տասնչորս տարեկան էինք։ Ընկերոջս տան կիսանկուղային հարկում վարձով ապրում էին ֆիզիկոս երկու եղբայր, որոնք երեխեքի հետ զբաղվելու հավես ունեին։ Կանչում էին իրենց կիսամութ կացարանն ու սկսում խոսել ազգից, պատմությունից, հերոսությունից ու նման բաներից։ Մի անգամ էլ մեզ տվեցին Վուդրո Վիլսոնի հայտնի քարտեզը`These lands belong to Armenia (Այս հողերը Հայաստանին են պատկանում) մակագրությամբ։

Ֆիզիկոս եղբայրների տվածն, իհարկե, գունավոր չէր։ 9x12 չափի լուսանկարչական թղթով բազմացված այդ քարտեզն առանց գույնի էլ հմայում էր, քանզի մեր հողերի կողքին կանգնած էր հզոր մի մարդ,  ժամանակի միջազգային քաղաքականության մեջ մարդկայնության հիմնարար օրենքը ներդնելու համար 1919-ին խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Վուդրո Վիլսոնը։

13-14 տարեկանում մենք ոչինչ չգիտեինք Վիլսոնի կամ Նոբելյան մրցանակի մասին։ Մեզ գրավում էր ոչ թե այդ մարդու պաշտոնը, կոչումը կամ ստացած մրցանակը, այլ բռունցք դարձած ձախ ձեռքը։

Ֆիզիկոս եղբայրները բացատրում էին, որ աշխարհի արդարությունը մեր կողմն է, եւ շուտով, շատ շուտով այդ արդարությունը պետք է հաստատվի թե՛ Հայաստանում (Սովետական), թե՛ այն հողերում, որոնք փռված էին Վիլսոնի աջի տակ։

Մի խոսքով՝ հավատում էինք, չհավատալու պատճառ չունեինք, որովհետեւ, մի կողմից՝ ֆիզիկոս եղբայրները բավականին համակրելի եւ վստահելի էին, մյուս կողմից էլ՝ այսօրվա հնարավորությունը չունեինք, որ google-ում արագ գտնեինք նրանց ասածը հավաստող կամ ժխտող տեղեկություններ։

Քարտեզի լուսապատճեններից մեկը խնամքով թաքցնելով տետրի մեջ ու տեղավորելով դպրոցական պայուսակում՝ տարա տուն։ Տան իմ անկյունում, գրասեղանիս մոտ փակցրեցի պատին։ Ամեն անգամ՝ դաս սովորելուց առաջ եւ հետո, երազկոտ հայացքով նայում էի այդ նկարին ու պատկերացնում ծովից ծով իմ Հայաստանը, մինչեւ մի օր պապս նկատեց այն ու պահանջեց անմիջապես վերացնել։

Այն ժամանակվա ընտանիքները բանակի նման էին՝ քննարկում չկար, բայց քանի որ հարցը՝ հայրենասիրության հետ կապված լինելով, բավականին նուրբ էր, պապս ոչ թե հրամայեց անմիջապես պատռել նկարն ու գցել աղբամանը, այլ հանեց պատից ու կանչեց զրույցի։

Ինձ թվաց, թե նա կսկսի նախատել անխոհեմ վարքի համար՝ հերթական անգամ զգուշացնելով բանտերից ու սիբիրներից, վերապատմելով ձախորդ կյանքն իր աներորդու, որն անզգույշ մի խոսքի համար տասնամյակ էր անցկացրել Կրասնոյարսկում։

Այդ ամենը ես լսել էի բազմիցս ու պատրաստվում էի ձանձրույթի հերթական չափաբաժինն ընդունելուն։ Բայց նա վերցրեց նկարն ու հարցրեց.

-Սովետական Միությունը (նկարի աջ անկյունում՝ USSR) ե՞րբ է ստեղծվել։

-1922-ին,- միանգամից պատասխանեցի։

-Լավ,-ասաց պապս,-այսինքն՝ էս մարդու նկարվելու օրը ՍՍՀՄ-ը դեռ չկար, ճի՞շտ է։

-Ճիշտ է,- կրկնեցի։

-Կարսի անկումը ե՞րբ եղավ։

-Կարծեմ, 1920-ի աշնանը,- անվստահ ասացի ես։

-Սեւրի պայմանագիրը ե՞րբ է ստորագրվել։

-1920-ի օգոստոսին։

-Բա որ օգոստոսին էս հողերը մեզ էին նվիրում, մի ամիս անց ո՞նց Կարսն ընկավ։

-Եսիմ,- ասացի։

-Իսկ էս հայկական հողերը պարագծող շղթայի կողպեքն ո՞վ է բացելու։

-Չգիտեմ։

-Դե որ չգիտես, էս նկարը քո ձեռքով պատռիր ու դեն գցիր։

Ինչ-որ դեւ մտավ մեջս, ասացի՝ չեմ պատռի։

Նկարն, իհարկե, այլեւս չզարդարեց տան իմ անկյունը։ Մեր հարաբերությունները բավական երկար ժամանակով փչացան։ Տարիներ անց իմացա, որ նրա ամենամոտ ընկերոջը 1-ին Հանրապետությունում մահապատժի էին ենթարկել կառավարության անհեռանկար քաղաքականությունը քննադատելու համար։ Եւ հենց այդ ընկերոջ պատվին էր նա ինձ Տիգրան կոչել, թեեւ հարցնողներին ուրիշ բան էր ասում՝ 1963-ին Տիգրան Պետրոսյանի աշխարհի չեմպիոն դառնալը։