20.04.2017 14:01

Պուտինին մարդասպան համարող հաղորդավարը հեռացվել է սեքս-սկանդալի պատճառով

Պուտինին մարդասպան համարող հաղորդավարը հեռացվել է սեքս-սկանդալի պատճառով

Ամերիկյան Fox News հեռուստատեսության հաղորդավար Բիլ Օ’Ռայլին հեռացվել է աշխատանքից սեռական ոտնձգությունների մեղադրանքի կապակցությամբ, ասվում է հեռուստատեսության ղեկավարության տարածած հայտարարության մեջ:

Ապրիլի 12-ից Օ’Ռայլին արձակուրդում է համարվում, չորեքշաբթի նա Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Լրագրողի դեմ բազմիցս սեռական ոտնձգության մեղադրանք է ներկայացվել, ինչի արդյունքում հեռուստաալիքի ավելի քան 50 հովանավորներ հրաժարվել են գովազդ տրամադրել նրա «Օ’Ռայլիի գործոնը» ծրագրին: Նրա նկատմամբ ճնշումը մեծացել է այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե Օ’Ռայլիի հետ աշխատած հինգ կանայք 13 մլն դոլար հրաժարադրամ են ստացել: Օ’Ռայլին ինքը, որ հեռուստատեսությունում աշխատել է նրա գոյության հենց ամենասկզբից, հերքում է բոլոր մեղադրանքները:

Փետրվարի սկզբին հեռուստահաղորդավարը մի ուրիշ աղմկոտ պատմության հերոսն էր դարձել, երբ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահին հարցրել էր, թե նա ինչպես է վերաբերվում Վլադիմիր Պուտինին: Եվ երբ Թրամփը պատասխանել էր, թե Պուտինին հարգանքով է վերաբերվում, Օ’Ռայլին վրա էր բերել. «Բայց չէ՞ որ նա մարդասպան է»:

Կրեմլում Օ’Ռայլիի խոսքը գնահատել էին վիրավորական և անթույլատրելի: Դմիտրի Պեսկովը նշել էր, որ լավ կլիներ՝ հարգարժան հեռուստատեսությունը ներողություն խնդրեր նախագահ Պուտինից: Սակայն Բիլ Օ’Ռայլին պատասխանել էր, թե մտադիր չէ առաջիկա տարիներին ներողություն խնդրել իր արտահայտության համար: «Ես աշխատում եմ այդ ներողության վրա, բայց դա կարող է որոշ ժամանակ խլել: Հնարավոր է՝ դուք կուզենաք ստուգել, թե այն ինչ վիճակում է… 2023 թվականի կողմերը»,- կատակել էր նա:

Փոխանցում է BBC-ն: