20.04.2017 14:28

Կադիրովը Պուտինին հավաստիացրել է, որ Չեչնիայում խաղաղ քաղաքացիներին չեն սպանում

Կադիրովը Պուտինին հավաստիացրել է, որ Չեչնիայում խաղաղ քաղաքացիներին չեն սպանում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր՝ Չեչնիայում ապօրինաբար ձերբակալում և սպանում են խաղաղ քաղաքացիներին, չի համապատասխանում իրականությանը:

«Ես ուզում եմ ձեզ զեկուցել, որ այն սադրիչ հոդվածները Չեչենական հանրապետության մասին, այն դեպքերի մասին, որոնք, իբր, տեղի են ունենում մեզ մոտ, իբր՝ ձերբակալություններ են եղել,  պարոնայք «լավ մարդիկ» գրում են այդ մասին, թե, իբր, մեր հանրապետությունում ձերբակալություններ են տեղի ունենում: Նույնիսկ անհարմար է խոսել այդ մասին: Իբր՝ մարդկանց այնտեղ ձերբակալում են, սպանում, նույնիսկ մեկի ազգանունն են նշել»,- ասել է Կադիրովը:

Կադիրովը չի նշել ոչ կոնկրետ լրատվամիջոց, ոչ էլ կոնկրետ հրապարակում:

Ապրիլի 1-ին «Новая газета»-ն հրապարակել է «Պատվի սպանություն» վերնագրով հետաքննական հոդված, որում ասվում է, թե Չեչնիայում վերջին շաբաթներին ձերբակալվել է ավելի քան հարյուր տղամարդ, որոնք կասկածվում են համասեռական կապերի մեջ:

Հինգշաբթի Մոսկվայում թերթի խմբագրությունը փոստով ուղարկված ծրար է ստացել՝ անհայտ սպիտակ փոշու պարունակությամբ: Ծրարի վրա հետադարձ հասցեն նշված է եղել Գրոզնին:

Փոխանցում է BBC-ն: