20.04.2017 16:03

Լիզա Ճաղարյան. Ցաքուցրիվ մտքեր՝ ընդդեմ «պետք է»-ների հեղեղի

Լիզա Ճաղարյան. Ցաքուցրիվ մտքեր՝ ընդդեմ «պետք է»-ների հեղեղի

Լսում ենք ու լսելու ենք, կարդում ենք ու կարդալու ենք մեկը մյուսից բարձրագոչ հայրենասիրական կոչեր։ Քանի կանք։ Իսկ ես վառ ու լուսապայծառ հույսս չեմ կորցնում, որ միշտ էլ լինելու ենք։ Ուրեմն եւ՝ ստիպված ենք հաշվի նստել այն իրողության հետ, որ Հայաստանում եւ ի Սփյուռս աշխարհի ունենք հայրենասերների հզոր բանակ, բայց եւ ստիպված ենք համակերպվել, որ այս հզոր բանակի ծովածավալ հայրենասիրությունը Հայաստանին տալիս է նույնքան օգուտ, որքան, օրինակ, որեւէ օտարական անցորդի «հայասիրական» զեղումներն են օգուտ տվել ու տալիս։ Չէ, օգուտ չեն տվել ու չեն էլ տալու, բայց հո բռերով երախտագիտության արցունքնե՞ր են կորզել ու կորզում հայրենասերների հզոր բանակի աչքերից։

Մե՞ջն ինչ կա՝ ախպերական ասած։

Եթե օտարների հայասիրությունն ու մերոնց՝ օդ նետած հայրենասիրական բաղձանք-բառակույտերը շոշափելի արդյունք տալու հրաշագործ հատկություն ունենային, հայերս վաղուց ի վեր ծովից ծովն էլ մեզանով արած կլինեինք, այստեղ-այնտեղ «արյան ծովի վրա» տարուբերվելով թեյ խմելու գործն էլ գլուխ բերած կլինեինք։ Բայց՝ չէ. դեռ նստած ենք մեր համեստագույն տաշտակի առաջ, եւ քանի որ տաշտակն էլ անբարեխիղճ ու փնթի «տանտերերի» է հանձնված՝ անտերունչության զգացումից նվաստացած՝ ճաքեր է տալիս ու տալիս։ Ու այսպես եթե շարունակվի, կամ տաշեղների կույտ կդառնա, ու քամին կքշի-կտանի՝ որտեղ կամենա, կամ էլ վառելանյութ կդառնա եւ ընդամենը որեւէ հայրենասեր խմբակի սառած ոտքերը կտաքացնի առժամանակ ու կմոխրանա։

Որովհետեւ խոսքը գործի հետ նույնացնողները չեն նվազում՝ ավելանում են ու ավելանում։

Որովհետեւ սին խոսքին ծափահարողները չեն պակասում՝ բազմապատկվում են։

Որովհետեւ փուչիկների հաղթարշավի ժամանակն է, ու կարմիր – կապույտ - ծիրանագույն փուչիկները պորտապար են բռնել օդում, եւ այսպես եթե շարունակվի՝ Հայաստանի երկնակամարը ծածկվելու է բազմաբղետ գույներով, միամիտներն ասելու են՝ ինչ գեղեցիկ է, բայց այդ գեղեցկությունը փուչիկի պարգեւած գեղեցկություն է, որն ի չիք դարձնելու համար ասեղի ծակոցն էլ է բավական։

Ասում են՝ պետք է... Ու շարում են իրենց ցանկությունները՝ յուրաքանչյուրն իր գրագիտության կամ կիսագրագիտության արշինաչափով։

Թե այս «պետք է»-ները քանի անգամ են խոսքից գործ դարձել, չհաշվենք՝ ամոթից կկարմրենք։

Որովհետեւ եղածն է մսխվում «պետք է»-ների «հզոր» ժխորի բթացնող ներշնչանքի ներքո։

Որովհետեւ ասում են՝ պետք է կռվել, ու գնում են սուրճ կամ օղի խմելու, գիրք կարդալու կամ ֆուտբոլ նայելու, հաջորդ «պետք է»-ի անհրաժեշտության մասին նոր շարադրություն կամ տրակտատ գրելու։

Եվ թե ոնց իրականացնել այդ «պետք է»-ն, տրաքես էլ՝ ասողը չեն։

Լավագույն դեպքում ասում են՝ պետք է ազատվել սրանցից, սրանք են խոչընդոտում նվիրական «պետք է»-ների հաղթական երթը։

Հեղափոխություն է պետք՝ ասում են։

Ու բարալիկ կամ հաստլիկ վզները ձգում են, որ տեսնեն՝ հորիզոնում երեւու՞մ են հեղափոխություն անողները։

Չէ, չեն երեւում։

Ա՛յ, որ երեւային, ահագին «գործ» կբացվեր «պետք է»-ների՝ ձանձրույթից հորանջող դրոշակակիրների համար։

Կասեին՝ բա էդպե՞ս են անում հեղափոխությունը, «պետք է» այսպե՛ս արվեր։ Կամ՝ այսպե՛ս։ Կամ էլ՝ այսպե՛ս։ Ծայրահեղ դեպքում՝ այնպե՛ս։

Կհակադարձեք՝ միշտ էլ եղել են «պետք է» ասողներ ու կլինեն։

Ճիշտ է։

«Պետք է» ասողներին հորանջելով ու անպտուղ հրճվանքով ծափահարողների թիվն է տագնապահարույց։

Մի վառ ու լուսապայծառ հույս էլ ունեմ՝ գուցե ե՞ս եմ չափն անցած տագնապահար։