20.04.2017 16:20

Արսեն Գրիգորյան. Պարազիտը

Արսեն Գրիգորյան. Պարազիտը

Բարդ է ընդդիմություն լինելը, հատկապես՝ եթե քաղաքական կուսակցություն կամ գործիչ չես: Այսինքն, տանը կամ քաղաքում քաղաքական են ընկալում՝ չիմալով այդ բառի ամբողջ տարողությունը:

Բարդ է ոչ թե ժողովրդի համար, որը գաղափարական բոլոր փաստարկներից վերջում ընտրում է 10 հազար դրամը, այլ քաղաքական մտքի գեղագետների եւ քաղաքագիտություն ուսանողների համար:

«Ելքի» համաառաջնորդ Էդմոն Մարուքյանը կուսակցություններից մեկին մեղադրում է, որ վերջինս հենց ոչ լեգիտիմ է համարում ընտրությունների արդյունքները: Մարուքյանին դուր չի եկել, որ այդ կուսակցությունը մի քանի օր հետո է հայտարարում այդ մասին, այլ ոչ թե՝ ընտրությունների օրը (մոռանանք, որ ՀԱԿ-ը հենց նույն օրն է խոսել կեղծիքների մասին):

Ելքականն այսպիսով ոտքի տակ է տալիս հետաքննիչի այն կանխավարկածը, որ ցանկացած հայտարարություն արվում է փաստերի հիման վրա:

Մարուքյանն ավելացնում է, որ այդ ընդդիմադիր կուսակցության տեղամասային հանձնաժողովների նախագահները ստորագրել են ընտրությունների ամփոփիչ արձանագրությունների տակ:

Հետեւաբար՝ ի՞նչն է ոչ լեգիտիմ:

Ես հետեւել եմ ընտրությունների արդյունքների վիճարկման՝ Սահմանադրական դատարանի 8 քննության: 8-ում էլ ընդդիմությանը մերժելու՝ ՍԴ-ի հիմնավորումների մեջ կա Մարուքյանի այս փաստարկը:

Լրագրողը փաստում է, որ Մարուքյանը չի պնդի, թե ընտրություններն անցել են միանգամայն օրինական եւ խաղի բոլոր կանոնների համաձայն, եւ «քաղաքական» գործիչը համաձայնում է՝ հիշեցնելով, որ այդպես հայտարարելու համար փաստեր պետք է հավաքեն:

Նկատեցի՞ք քաղաքական գործչի անհետեւողականությունը: Նա պարտավոր չէ սկզբունքային լինել, բայց հետեւողականությունը նրան անհրաժեշտ է ծիծաղելի չլինելու համար:

Ուրեմն, ընդդիմադիր քաղաքական ուժը պետք է հենց ընտրությունների օրը առանց փաստերի հայտարարեր, որ ընտրություններն անցել են օրինախախտումներով եւ լեգիտիմ չեն, իսկ Էդմոն Մարուքյանն այդպես հայտարարելու համար պետք է փաստեր հավաքի:

Ինչպե՞ս Մարուքյանն ասի, որ երջանիկ է թեկուզ ոչ լեգիտիմ ընտրություններով պատգամավորի անհոգ մանդատը պոկելու համար: Ինչպե՞ս բղավի, թե «մեր հացին վայիս մի եղեք»: Չի կարող:

Ինքը երբեք չի կտրելու իշխանության ծառի այն ճյուղը, որի վրա նստացրել են իրեն: Ինքը ընդդիմադիր էդ ուժի՝ ՀԱԿ-ի սխալը չի գործի, որը քաղաքական ուժ էր եւ ոչ մի գնով չնստեց իշխանության ծառի ճյուղին:

Ինքը հարմարավետության գինը գիտի: Ինքը դրա համար արդեն մի «սռոկ» պատգամավոր է աշխատել հենց իշխանության ողորմածությամբ, երբ միանգամայն լեգիտիմ համարվեց երկրում 5 տարի անընդմեջ չբնակվածի հակառակը պնդող փաստաթուղթը:

Նման բաների համար պետք է վճարել հետեւողական չլինելով: Հարմարավետությունը կորցնելու վախից արվող հայտարարությունները սովորաբար մատնում են պարազիտին, որի մարդկային կարիերայի գագաթնակետը քաղքենին է:

Ինչպես ամուսնացյալ հոգեւորականի կարիերայի գագաթնակետն է քահանայությունը: Ինչպես շարքային զինակոչիկի կարիերայի գագաթնակետն է ենթասպան:

Մեր հերոսն, այսինքն, դեռ պետք է երկրորդ «սռոկ» 5 տարում կայանա որպես քաղքենի: Ինչը, խոստովանենք, դժվար է մի խորհրդարանում, առավելեւս՝ մի պետության մեջ, որտեղ ամբողջ հարմարավետությունը հաշվակված է պարազիտի համար: Որն, ի դեպ, ելքի զգացում չունի: