20.04.2017 16:32

Սևանա լճում ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն է նախատեսվում տեղակայել

Սևանա լճում ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն է նախատեսվում տեղակայել

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պատճառաբանելով՝ կառավարությունն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշում:

Ծրագրի շրջանակում ավարտվել են մանրաձկան արտադրություն գործարանի շինարարական աշխատանքները և այն հանձնվել է շահագործման, Սևանա լճում տեղակայվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը: Ծրագրով նախատեսվում է ընթացիկ տարում Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն: Գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև կառուցել բացօթյա ավազաններ, ինչպես նաև ձկան բազմացման կայան (սելեկցիոն տնտեսություն): Ապրանքային ձկան արտադրությունն իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, հետևաբար այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ՝ սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար: Արդյունքում կստեղծվեն Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված ձկան արտադրության արժեշղթայի օղակներ:

Գործունեության արդյունավետ կազմակերպման արդյունքում ձևավորված միջոցները կուղղվեն Սևանա լճի հիմնախնդիրները լուծմանը, և կնպաստեն իշխանի պաշարների վերականգնմանը, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը: