20.04.2017 17:00

Վահան Թումանյան. Թուրքիայի հանրաքվեն եւ...

Վահան Թումանյան. Թուրքիայի հանրաքվեն եւ...

Կդառնա՞ Էրդողանը «սուլթան» կամ արեւելյան բռնապետ՝ Թուրքիայի խնդիրն է: Եթե թուրքերի կեսից ավելին քվեարկել է սահմանադրական փոփոխությունների օգտին, ուրեմն այդ երկրին պետք է, ինչպես ասում են, «ուժեղ ձեռք»: Սահմանադրական հանրաքվեն օրինական են ճանաչել Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը: Էրդողանին այդքանը բավարարում է, մյուս երկրները նրան չեն դատապարտել, իսկ ԵԱՀԿ դիտորդների կարծիքը գործնականում որեւէ նշանակություն չունի: Ֆրանսիայում նախագահական, Անգլիայում եւ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի եւ Եվրոպայի հարաբերություններում կգա «ճշմարտության պահը», կողմերը կմոռանան փոխադարձ մեղադրանքները, եւ ամեն ինչ կմտնի հունի մեջ:

Իհարկե, Թուրքիան Եվրամիության անդամ չի դառնա՝ գոնե տեսանելի ապագայում: Բայց միաժամանակ էլ Եվրոպան ստիպված կլինի պատկառելի հեռավորության վրա մնալ եւ չմիջամտել թուրքական ներքին խնդիրներին: Ըստ երեւույթին, հենց դա է Թուրքիայի ընտրությունը. եթե չեն ընդունում «եվրոպական ակումբ», ուրեմն թող «մեր տան գործերին էլ չխառնվեն»: Ու թեեւ շատերը, այդ թվում՝ եւ Թուրքիայում, Էրդողանին մեղադրում են քեմալիզմի սկզբունքներից հրաժարվելու մեջ, բայց պետք է արժանին մատուցել նրա հետեւողականությանը: Չէ՞ որ Մուստաֆա Քեմալին հեշտ չի տրվել աշխարհիկ Թուրքիայի կառուցումը, եւ ժամանակակիցներից շատերն էլ նրան քննադատել են օսմանիզմից հրաժարվելու եւ եվրոպական ուղի ընտրելու համար:

Կայսրության փլատակների վրա Մուստաֆա Քեմալը կերտել է Թուրքիայի հանրապետություն: Այդ պետությունը գրեթե մեկ դար դիմակայել է փորձություններին եւ հայտնվել մի իրավիճակում, որ կամ պետք է ենթարկվեր ապակենտրոնացման, կամ համախմբվեր ինչ-որ գերակա գաղափարախոսության շուրջ: Էրդողանին հաջողվել է իսլամականության վերազարթոնքի ճանապարհով հասնել որոշակի կոնսոլիդացիայի: Սահմանադրական հանրաքվեի իմաստը Թուրքիան որպես ունիտար պետություն պահպանելու անհրաժեշտությունն է: Էրդողանի բոլոր հայտարարությունների գլխավոր ուղերձը դա է՝ կամ երկիրը գնում է ուժեղ նախագահական համակարգի, կամ իշխանության ապակենտրոնացումը եւ Թուրքիայի ամբողջականության կորուստը դառնում են անխուսափելի: Իհարկե, խոշոր քաղաքներում Էրդողանը պարտվել է: Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում հազարավոր մարդիկ բողոքում են, ընդդիմությունը պատրաստվում է վիճարկել քվեարկության արդյունքները: Բայց դա նույնպես «ժանրի» պահանջ է: Քվեարկությունն անցել է արտակարգ դրության պայմաններում, եւ ցանկության դեպքում Էրդողանը կարող էր ավելի շոշափելի հաղթանակ ապահովել: Կանցնի որոշակի ժամանակ, եւ այսօրվա բողոքավորները կպաշտպանեն Էրդողանին, քանի որ 2019թ. նախագահական քարոզարշավի գլխավոր կարգախոս կհռչակվի համազգային համերաշխությունը՝ հանուն Թուրքիայի միասնության:

... Իսկ հայ մեկնաբանը կարծում է, որ թեեւ Թուրքիայի մասնատման հեռանկարը բավական մշուշոտ է, բացառված չէ, որ ներքին կամ արտաքին որեւէ հեղաբեկում կարող է օրակարգային դարձնել Հայկական հարցի արծարծումը: Վատ չէր լինի զգուշանալ Թուրքիայի ոչ թե «սուլթանականացումից», այլ հենց մասնատման հեռանկարից: Որովհետեւ 80 միլիոնանոց երկրի փլուզումը, մանավանդ որ դա կարող է տեղի ունենալ միայն արտաքին ազդեցությամբ, հղի է իրոք անկանխատեսելի սպառնալիքներով: