21.04.2017 02:12

Ահաբեկչական ակտ Փարիզում. Մեկ ոստիկան սպանված է, երկուսը՝ վիրավոր

Ահաբեկչական ակտ Փարիզում. Մեկ ոստիկան սպանված է, երկուսը՝ վիրավոր

Անհայտ անձը ապրիլի 20-ի երեկոյան Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Առնվազն մեկ ոստիկան զոհվել է, եւս երկուսը վիրավորում են ստացել: 

Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ հարձակումը ահաբեկչական բնույթ է կրում:

Ֆրանսիայի ՆԳՆ-ում հայտնում են, որ հարձակվողների մեքենան կանգնել է ոստիկանական մեքենայի մոտ տեղական ժամանակով մոտ ժամը 21:00-ին:

Մեքենայից դուրս է եկել մի տղամարդ եւ ավտոմատ հրազենով կրակ է բացել: Ականատեսների վկայությամբ, նա զինված է եղել Կալաշնիկովի ավտոմատով:

Սպանությունից հետո գրոհայինը փորձել է փախչել, կրակել է մյուս ոստիկանների վրա, նրանցից երկուսը վիրավոր են: Հայտնի է նաեւ, որ վիրավորվել է մեկ պատահական անցորդ:

Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով: Ոստիկանությունը փնտրում է նրա հանցակիցներին: