21.04.2017 10:31

Առաքել Թավրիզյան. Բայց մենք ունե՞նք Ծապլվար դարձնելու հայրենիք

Առաքել Թավրիզյան. Բայց մենք ունե՞նք Ծապլվար դարձնելու հայրենիք

Երեք ամիս հետո լրանում է ԼՂ հակամարտության համապարփակ (փաթեթային) կարգավորման համաձայնագրի նախագիծը կողմերին ներկայացնելու 20 տարին: 1998 թ. իշխանափոխությունից հետո անցած տարիներին դա համարվել է «պարտվողական» տարբերակ: Որպես հիմնական փաստարկ բերվել է համաձայնագրի՝ Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող ձեւակերպումը, որով վերջինս «Ադրբեջանի կազմում պետական եւ տարածքային կազմավորում է»։ Կարգավորման այդ տարբերակի քննադատները միանշանակ պնդել եւ պնդում են, որ դա նշանակում է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակ:

Բայց նրանք մոռանում են Ղարաբաղի կարգավիճակն ընդհանուր առմամբ սահմանող ձեւակերպման շարունակությունը, որտեղ ասված է, որ «նրա ինքնորոշումը կներառի ստորեւ թվարկված իրավունքներն ու առավելությունները, երբ նրանք կձեւակերպվեն Ադրբեջանի եւ ԼՂ իշխանությունների միջեւ կնքված համաձայնագրում, հավանության կարժանանան Մինսկի խորհրդաժողովի կողմից եւ կներառվեն Ադրբեջանի ու ԼՂ սահմանադրություններում»։

Հարկ չկա անդրադառնալու այն իրավունքներին եւ առավելություններին, որ համաձայնագրով սահմանվում էին Ղարաբաղի համար: Բավական է ուշադրություն դարձնել, որ Ղարաբաղի ինքնորոշումը վերապահվում էր նրա եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ ապագայում կնքվելիք պայմանագրին, որը պետք է ներառվեր Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանադրություններում: Ընդ որում, Ղարաբաղի եւ Ադրբեջանի իրավաենթակայական հարաբերությունների սահմանները նույնպես գծված էին. Ղարաբաղն ինքն է կազմավորում իր օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունը, Ադրբեջանի սահմանադրությունը, օրենքները եւ կատարողական ակտերը Ղարաբաղում չեն գործում, եթե դրանք հակասում են նրա սահմանադրությանը եւ օրենքներին:

Փաստացի սա «ընդհանուր պետության» առաջարկությունն էր, որ 1998 թ. իշխանափոխությունից հետո ընդունեցին Հայաստանը եւ Ղարաբաղը, բայց այս անգամ էլ մերժեց Ադրբեջանը: Ի՞նչ հույսեր էր Ադրբեջանին ներշնչել Հայաստանի նոր իշխանությունը՝ պատասխանը երեւի կտա ապագայի անաչառ պատմաբանը: Փաստն այն է, որ Ղարաբաղը ձեռքից բաց թողեց Ադրբեջանի կողմից որպես կարգավորման իրավահավասար սուբյեկտ ճանաչվելու, միջազգային հանրության հետ հարաբերությունները լեգիտիմացնելու, տնտեսական եւ սոցիալական ազատ զարգացում ունենալու հնարավորությունը:

Իրողություն է նաեւ, որ անցած քսան տարիներին Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները բոլոր միջոցները գործի են դրել, որպեսզի հասարակությանը ներշնչվի մի կեղծիք. 1997-98 թթ. «կանխվել է ինքնավարության կարգավիճակով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու պարտվողական ծրագիրը»։ Պատմական պատասխանատվությունից փոքրոգաբար խուսափելը, տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագրերից Հայաստանի եւ Ղարաբաղի մեկուսացումը, շրջափակման խորացումը եւ այդ ամենի հետեւանքով այսօրվա ծանրագույն իրավիճակը եւ պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքը ներկայացնել իբրեւ «ազգափրկիչ» քաղաքականություն՝ յուրահատուկ է ընկ. Բ. Փանջունուն. «Թող կործանվի Ծապլվարը, միայն ապրի գաղափարը»։

Բայց մենք ունե՞նք Ծապլվար դարձնելու հայրենիք...