21.04.2017 11:11

Կարո՞ղ էր ՌՀՌԻ-ն ազդել Թրամփի ընտրության վրա

Կարո՞ղ էր ՌՀՌԻ-ն ազդել Թրամփի ընտրության վրա

2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության պլանը մշակվել է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի նախկին  պաշտոնյաների:

Reuters-ի հետազոտության համաձայն՝ այդ պլանը կազմվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքով: Նրա հիմնական ուղերձներն են եղել՝ սոցիալական մեդիայի միջոցով, հեռարձակող հսկաներ RT-ի և Sputnik-ի օգնությամբ քարոզչություն իրականացնել ամերիկացիների շրջանում, որպեսզի նրանք ընտրեն Օբամայի իշխանության համեմատ՝ Կրեմլի նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն վարող թեկնածուին: Երկրորդ խնդիրը, որ դրվել է՝ ԱՄՆ ընտրական համակարգի նկատմամբ վստահության խարխլումն է եղել՝ եթե հանկարծ հաղթեր Հիլարի Քլինթոնը, պնդում են Reuters-ի հետազոտության հեղինակները, որոնք հղում են անում ԱՄՆ վարչակազմի և հետախուզության նախկին և ներկա յոթ պաշտոնյաների, որոնք երկու փաստաթուղթն էլ տեսել են:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել չհավատալ Reuters-ի հրապարակման մեջ առկա տեղեկություններին՝ պատճառաբանելով, որ դրանք հիմնված են անանուն աղբյուրների վրա:

Ի դեպ, ՌՀՌԻ-ի կանոնադրության մեջ, ի թիվս այլ խնդիրների, նաև նշվում է՝ «ազգային անվտանգության ոլորտում պետական քաղաքականության ծրագրերի և նպատակային ուղղությունների գնահատական և փորձաքննություն, առանձին երկրներում և տարածաշրջաններում այնպիսի դեպքերի վերլուծություն և կանխատեսում, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև նման իրավիճակները կարգավորելու միջոցների և ուղիների առաջարկների մշակում»:

Փոխանցում է BBC-ն: