21.04.2017 11:40

Մենք ապրել ենք եւ ապրելու ենք հարեւանությամբ

Մենք ապրել ենք եւ ապրելու ենք հարեւանությամբ

Թուրքիայում կայացած հանրաքվեն ու Էրդողանի քաղաքական իշխանության ընդլայնումը հայկական իրականության մեջ նորից թյուրըմբռնում է առաջացրել։ Ոմանց ուրախացնում է Թուրքիայի ու Արեւմուտքի միջև նկատվող լարվածությունը, ոմանք համարում են, որ Էրդողանի իշխանության ուժեղացմամբ՝ Թուրքիան հերթական անգամ կարող է սպառնալիք դառնալ մեր անվտանգությանը, ոմանք ցանկանում են, որ Թուրքիան մասնատվի… ու այսպիսի անհիմն պատկերացումների մի ամբողջ շղթա, որը ելակետ դարձնելը լրջագույն խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեզ։

Թուրքիայում կատարվող կամ կատարվելիք ցանկացած գործընթացի առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է զերծ մնա ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի հետ ինչ-որ հույսեր կապելու անհեռատես ու զգացմունքային դիրքորոշումներից: Ռուսաստանն ու Արևմուտքը Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանավորել են ու կպայմանավորեն ըստ իրենց աշխարհաքաղաքական շահերի։ Նրանց հակակրանքներն ու համակրանքները կրել են ու կրելու են ժամանակավոր բնույթ, իսկ մեր երկու ժողովուրդներն ապրել են ու ապրելու են կողք-կողքի։

Թե ինչպիսի կառավարման համակարգ կձևավորվի Թուրքիայում, մեզ ընդհանրապես չպետք է հետաքրքրի։ Թուրքական ցանկացած տիպի իշխանության հետ՝ լինի բռնապետական կամ դեմոկրատական, մենք պետք է կարողանանք լեզու գտնել. սա պետք է լինի Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ելակետը: Մնացած բոլոր տեսակի պատկերացումները մեզանից պետք է հեռու վանել:

Շատերը մշտապես պնդում են, որ ինչքան Թուրքիան ապակայունանա, այնքան ավելի անվտանգ կդարձնի մեզ այս տարածաշրջանում: Սա մակերեսային պատկերացում է, որը կարող ծագել միայն ուռա-հայրենասերներ գլխում։ Այսպես մտածում էին նաև մեկ դար առաջ, բայց տեսանք դրա հետեւանքը: Թուրքիայի տիպի կայսրությունները մշտապես շատ ավելի վտանգավոր ու անկանխատեսելի են եղել ապակայունացված իրավիճակներում, քան այն ժամանակահատվածներում, երբ ներքին կայունություն են ունեցել։ Նրանց ներքին կայունությունից մենք շատ ավելին ենք կարողացել ստանալ, քան անկայունությունից:

Հասկանալի է, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմքում հայաստանցի մարդը չի կարողանում տեսնել երկու պետությունների հարաբերություն, այլ մշտապես մտածում է պատմական արդարություն հաստատելու մասին։ Երբ զանգվածների գիտակցությունը նվաճում են պատմական զգացմունքներն օգտագործելով՝ քաղաքական դաշտում երկարատև մնալու համար, ապա արդյունքում տուժում է ամեն ինչ, և ամեն մի անհատ: Այդպիսին է նաև Հայաստանի իրավիճակը, երբ ներկայի և հետագայի շահերը անտեսելով՝ փորձում են պատմական անցյալի խնդիրներ լուծել:

Գագիկ Քամալյան