21.04.2017 12:15

Մահմուդ Ահմադինեժադին թույլ չեն տվել մասնակցել նախագահական ընտրություններին

Մահմուդ Ահմադինեժադին թույլ չեն տվել մասնակցել նախագահական ընտրություններին

Իրանում երկրի նախագահի պաշտոնի համար գրանցել են վեց թեկնածուի, այդ թվում՝ գործող նախագահ Հասան Ռոուհանիին և պահպանողական ճամբարի առաջնորդներից մեկին՝ Էբրահիմ Ռաիսիին: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին թույլ չի տրվել առաջադրվել ընտրություններում:

Կառավարության վերահսկողության տակ գտնվող՝ Սահմանադրության պահապանների խորհուրդը նույնպիսի որոշում է կայացրել նաև նրա զինակից Համիդ Բագհաիի վերաբերյալ:

Մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում մասնակցող թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի ապրիլի 27-ին: Հաղորդվում է, որ առաջադրվելու ցանկություն է հայտնել 1600-ից ավելի մարդ:

Ռոուհանին Իրանի նախագահ է ընտրվել 2013 թ.՝ խոստանալով վերջ դնել երկրի միջազգային մեկուսացմանը և ստեղծել ազատ հասարակություն:

Նախագահական պաշտոնի համար պայքարելու՝ Մահմուդ Ահմադինեժադի որոշումն անակնկալ էր: Անցյալ տարի այաթոլլա Խամենեին Ահմադինեժադին նախազգուշացրել էր, որ նման քայլը «ոչ իր շահերից է բխում, ոչ էլ երկրի»:

Սահմանադրության պահապանների խորհրդի անդամների կեսից ավելիին նշանակում է այաթոլլան:

Փոխանցում է BBC-ն: