21.04.2017 13:15

Դատարանը Ռուսաստանում արգելել է «Եհովայի վկաներին»

Դատարանը Ռուսաստանում արգելել է «Եհովայի վկաներին»

Ռուսաստանի գերագույն դատարանը, արդարադատության նախարարության հայցով, Ռուսաստանում «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը ծայրահեղական է ճանաչել և արգելել նրան աշխատել երկրի տարածքում:

Քննելով արդարադատության նախարարության հայցը՝ դատարանը համաձայնել է, որ «Եհովայի վկաների վարչական կենտրոնի» գործունեությունը Ռուսաստանում կարելի է գնահատել որպես ծայրահեղական, ուստի կենտրոնը պետք է լուծարվի:

Դատարանը նաև որոշել է, որ կազմակերպության ունեցվածքը պետք է բռնագրավվի: Կենտրոնի ներկայացուցիչները հնարավորություն ունեն բողոքարկելու դատարանի որոշումը: Եթե նրանք բողոքարկեն, ապա դատարանի որոշումն ուժի մեջ չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ բողոքը չի քննվել:

Ավելի վաղ Ռուսաստանում մի քանի դատավարություն է տեղի ունեցել երկրում 1991 թ. գրանցված «Եհովայի վկաների» համայնքների դեմ: Որպես կանոն՝ բոլոր դեպքերում ծայրահեղական գործունեության մեղադրանք է ներկայացվել: Մասնավորապես՝ 2014 թ. դեկտեմբերին Գերագույն դատարանը ծայրահեղական է ճանաչել կազմակերպության կայքը, ինչպես նաև՝ այնտեղ տեղադրված երեք գրքեր՝ «Իրականում ի՞նչ է ուսուցանում Աստվածաշունչը», «Մոտեցիր Եհովային», «Եկ և հետևիր ինձ»:

«Եհովայի վկաներ» կազմակերպությունը ստեղծվել է 1931 թ. ԱՄՆ-ում, «Աստվածաշնչի հետազոտողներ» կրոնական շարժման մասնատման արդյունքում:

Փոխանցում է BBC-ն: