21.04.2017 14:16

Քաղաքապետարանը սպառնում է Տարոն Մարգարյանի՞ն

Քաղաքապետարանը սպառնում է Տարոն Մարգարյանի՞ն

Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի է ունեցել «Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել է ծրագրի մեկնարկային հաշվետվությունը»։ Եւ ահա, նիստի ընթացքում,  նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը հայտարարել է, թե «այս նոր գործընթացի մեկնարկով այսօր արդեն կարող ենք սահմանել, որ «գծատերեր» հասկացությունը պետք է վերանա»։

Չէ, սա կատակ չէ: Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ քաղաքապետարանը հանկարծ ու հիշել է, որ Երեւանի տրանսպորտն ուղղակի խայտառակ վիճակում է, եւ  որ կան գծատերեր: Այո, ուշագրավ հայտարարություն է: Կասեինք անգամ՝ բացահայտում: Չէ՞ որ եթե ողջ հանրությունը տարիներ շարունակ դժգոհում է տրանսպորտի վիճակից, եւ հասկանում, որ ամբողջ մեղավորությունը իշխանությունների հետ կամ սերտաճած կամ հենց իշխանության մեջ գտնվող գծատերերինն է, քաղաքապետարանում այսօր են «հասկացել» միայն այդ խնդիրն ու անդրադարձել դրան:

Բայց լավ, ովքե՞ր են այդ գծատերերը, որ այդքան տարիներ հարուցում են հասարակության դժգոհությունը, եւ որոնց մասին այդպես անտեղյակ են իշխանությունները, եւ մասնավորապես՝ քաղաքապետարանում:

Փորձե՞նք գտնել նրանցից մի քանիսին: Օրինակ՝ Տարոն Մարգարյանին: Այո, այո, նույն ինքը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն իր աներորդու՝ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ համատեղ՝ երթուղայինի գծատեր է: Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Օրինակ՝ ՀՀԿ ռեյտինգայով ցուցակով պատգամավոր դարձած Արման Սահակյանին ու նրա հորը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Այս ցանկն, իհարկե, դեռ կարելի է շարունակել, բայց թերեւս ամենաուշագրավը առաջին երկուսն են՝ Տարոն Մարգարյանն ու Հենրիկ Նավասարդյանը: Այս անձինք, տարիներ շարունակ լինելով գծատերեր, այսինքն՝ տրանսպորտի այս խայտառակ վիճակի պատասխանատուներ, իրենց բիզնեսն են առաջ տարել, շահույթներ ստացել (ոմանց կարծիքով՝ անգամ գերշահույթներ), եւ ահա, մեկ էլ՝  ԷՎՐԻԿԱ, Երեւանի ավագանու ընտրություններից առաջ նույն Տարոն Մարգարյանի եւ Հենրիկ Նավասարդյանի աշխատավայրում հասկացել են, որ նրանք՝ «գծատերերը», գոյություն ունեն, եւ այդ հասկացությունը պետք է վերանա: Ասել է թե՝ ի՞նչ, Երեւանի քաղաքապետարանը վերացնելո՞ւ է քաղաքապետի եւ տրանսպորտի վարչության պետի բիզնեսները: Հազիվ թե: Անկասկած, այս ամբողջ փոթորիկը ընտրական գործընթացների շրջանակներում է, եւ հետընտրական ժամանակահատվածում կանցնի-կգնա, իսկ եթե չգնա, ապա կվերանան ոչ թե Տարոն Մարգարյանն ու Հենրիկ Նավասարդյանը՝ որպես գծատեր հասկացություն, այլ ավելի խոցելիները, եւ իշխանությունները կհամարեն, որ տրանսպորտի հարցը լուծել են-փակել: Թե չէ, պատկերացնո՞ւմ եք, Տարոն Մարգարյանը գնա իր գծի երթուղայինների հավաքատեղի ու ինքն իրեն ասի՝ «Տարոն ջան, սիրուն չի, վերացրու այս «գծատեր» հասկացությունը»:

Իշխան Պողոսյան