21.04.2017 17:19

Տրանսպորտի ռեֆորմը, որի մասին այդքան խոսում էր Տարոնը, հետաձգվո՛ւմ է

Տրանսպորտի ռեֆորմը, որի մասին այդքան խոսում էր Տարոնը, հետաձգվո՛ւմ է

Լրագրող ընկերս, հետեւելով Երեւանի քաղաքապետի ընտրություններին վերաբերող լրահոսին, ասաց, որ նախանձում է գործող քաղաքապետի ընդդիմախոսներին, որովհետեւ Տարոն Մարգարյանի վեց տարվա գործունեությունը քննադատելն առանձնապես մեծ ջանք չի պահանջում: Դուրս ես գալիս փողոց, հինգ րոպե կանգնում ես հանրային տրանսպորտի կանգառում, տասը րոպե երթեւեկում ես քաղաքապետի մերձավորներին պատկանող գարշահոտ «Գազելվագեններում», ու ջախջախիչ քննադատության համար նյութը պատրաստ է:

 

***

«Կուսակցության նախաձեռնած համակարգային բարեփոխումները հստակ նշմարվում են հորիզոնի* վրա:

*Հորիզոն – երեւակայական գիծ, որը հեռանում է՝ նրան մոտենալուն զուգահեռ»:                                                                                                                                                         (Սովետական ժամանակաշրջանի անեկդոտ)

 

«Ամենաուշը մեկ տարվա ընթացքում Երևանը կունենա նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխան երթուղային ցանց», - Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում 2016 թվականի մայիսի 6-ին հայտարարել էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Ըստ փոխքաղաքապետի ասածի, արդեն հիմա՝ ամենաուշը երկու շաբաթից, մենք Երեւանում պետք է ունենանք նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող երթուղային ցանց, որտեղ չեն լինի հնամաշ միկրոավտոբուսներ (ընդհանրապես չեն լինի, կլինեն միայն միջին ու մեծ ավտոբուսներ), չեն լինի ծխող վարորդներ, կռացած ուղեւորներ, ու կլինի էլեկտրոնային միասնական վճարման ճկուն համակարգ, որտեղ որոշ սոցիալական խմբեր ավելի էժան կերթեւեկեն, ոմանք մի քիչ ավելի շատ կվճարեն, վարորդները համազգեստ կհագնեն, կսափրվեն, երթեւեկության այլ մասնակիցների հետ հարաբերությունները կկառուցեն բարեկրթության նորմերից ելնելով, անտեղի ազդանշան չեն տա, կտրուկ չեն արգելակի, չեն հայհոյի, մայրաքաղաքի երթեւեկությունը կթեթեւանա, ու, ընդհանուր առմամբ, բոլորը գոհ կլինեն ու բավարարված:  

Այսօր 2017-ի ապրիլի 21-ն է, սակայն զարմանալիորեն, քաղաքում տրանսպորտային հիմնարար բարեփոխումների շունչը դեռ չի զգացվում, «պատասխանատու» լրատվամիջոցները Հանրապետության հրապարակում հարյուրավոր նոր ավտոբուսների շքերթի մասին հրճվագին ռեպորտաժներ չեն պատրաստում, չեն ցուցանում նոր համակարգի բազմաթիվ առավելությունները ու դրանում քաղաքային իշխանությունների անուրանալի ավանդը: Հակառակը, բառացիորեն օրերս՝ 2017-ի ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը,  պատասխանելով տրանսպորտային բարեփոխումների վերաբերյալ հարցին, նշեց, որ հայտնի չէ, թե երբ դրանք իրականություն կդառնան:

«Հիմա աշխատանքներ են տարվում, երբ որ դրանք կավարտվեն, մինչև հունիսի վերջը քննարկումներն ավարտված կլինեն, հետո հարցը կդրվի հանրային քննարկման», - ասաց Նավասարդյանը:
Իսկ արդեն ապրիլի 19-ին Tert.am կայքին տված հարցազրույցում ինքը՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ տրանսպորտային ոլորտի բարեփոխումները «լինելու են մեր հաջորդ տարիների գերակայություններից մեկը»: Փաստորեն, ըստ Մարգարյանի, բարեփոխումները ո՛չ առաջիկա մայիսին, ոչ էլ հաջորդող ամիսներին լուծվելիք խնդիր չեն:

Միայն երեկ՝ քարոզարշավի մեկնարկի անմիջապես նախորդ օրը, քաղաքապետարանում տեղի ունեցավ «Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի» առաջին նիստը, որի ընթացքում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտարարեց, որ գործընթացի արդյունքում «գծատեր» հասկացությունը պետք է վերանա: Թե երբ գործընթացը կավարտվի՝ կրկին ոչ մի խոսք: Չի բացառվում, որ այս աշխատանքային խումբը եւս ոչ մի արդյունքի չհասնի, ինչպես չի հասել 2013-ի սեպտեմբերին Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված նմանատիպ հանձնաժողովը, որը մի քանի նիստ գումարելուց հետո դադարեցրեց աշխատանքները: Հիշեցնենք, այդ հանձնաժողովը Մարգարյանը ստեղծել էր 2013-ի հուլիսին տեղի ունեցած բողոքի հարաճուն ցույցերից հետո, երբ նա ի վերջո ստիպված եղավ կասեցնել ուղեվարձի թանկացման մասին իր իսկ ընդունած որոշումը: 

Այսպիսով՝ արձանագրենք, որ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման ընթացքմում քաղաքային տրանսպորտի խնդրի անդրադառնում է կամ ընտրություններից առաջ, կամ՝ բողոքի ցույցերից հետո:

Այսպես՝ 2013-ի մարտի 13-ին՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ավտոբուսների շքերթ, որի «հրամանատարը» Տարոն Մարգարյանն էր: Մասնավոր ընկերությունների ձեռք բերած նոր, փոքր տարողությամբ ավտոբուսների ներկրումը ներկայացվում էր որպես քաղաքապետարանի խոշոր ձեռքբերումը: Սակայն ընդհանուր պատկերն այդ մի քանի տասնյակ մեքենաները, իհարկե, չփոխեցին: Այդ նույն օրը Մարգարյանը հայտարարեց, որ առաջիկայում ուղեվարձերի թանկացում նախատեսված չէ, սակայն երեք ամիս անց՝  մայիսին կայացած ընտրություններից հետո կատարեց վերեւում նշված թանկացման փորձը:

Հաջորդ անգամ, ինչպես նշեցինք, Մարգարյանը տրանսպորտի խնդրին անդրադարձավ 2013-ի սեպտեմբերին՝ ուղեվարձի թանկացման որոշումը կասեցնելուց հետո, եւ հիմա՝ ընտրական քարոզարշավի մեկնարկից անմիջապես առաջ: Ինչպես տեսնում ենք, բոլոր այս դեպքերում քաղաքապետի փորձերը արդյունավետ չեն եղել:

Ի դեպ, հանրային տրանսպորտի ոլորտում «ոչ համակարգային», մասնավոր խնդիրների լուծման հարցում եւս քաղաքապետարանի քայլերը հիմնականում կիսատ-պռատ են, ժամկետանց ու կրկին իմիտացիոն բնույթ են կրում: Ամենալավ օրինակը թերեւս հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսների ներդրման գործընթացն էր: Նախ, 2012-ի ապրիլին Չինաստանից ներկրված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակի շահագործման ժամանակ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ դրանցից 25-ը մինչեւ տարեվերջ հնարավորություն կունենան ապահովելու անվասայլակով տեղաշարժվող քաղաքացիների ելումուտը: Դրանից մեկ տարի անց Երեւանի տրանսպորտի վարչության պետը iLur.am-ին ասաց, որ հարմարեցված 10 ավտոբուս կշահագործվի մինչեւ 2013-ի տարեվերջ, սակայն դրանք շահագործման հանձնվեցին միայն 2015-ի հունվարին, եւս 5-ը երթուղի դուրս եկան 2016-ի հոկտեմբերին, այսինքն՝ ի սկզբանե Տարոն Մարգարյանի հայտարարած ժամկետից 4 տարի անց Երեւանում գործում էր հաշմանդամների համար հարմարեցված 15 ավտոբուս՝ խոստացված 25-ի փոխարեն:

Այնպես որ, կարելի է մոտավորապես պատկերացնել, թե ինչ գին ունի Տարոն Մարգարյանի խոսքը ընդհանրապես, եւ մասնավորապես, թե որքան կարող է ուշանալ նրա խոստացած տրանսպորտային բարեփոխումների ծրագիրը:

Բիրդան Աղայան

 

Հ.Գ. Ի դեպ, վաղուց ի վեր օրենսդությամբ սահմանված՝ գերբեռնված տրանսպորտային միջոցների  երթեւեկության համար տուգանքը չի վերանայվել, սակայն ցանկացած երեւանցի կարող է ամեն օր, օրվա ցանկացած ժամի ականատես լինել, որ հանրային ավտոբուսներն ու հատկապես երթուղային միկրոավտոբուսները նախատեսվածից շատ ուղեւոր են փոխադրում: Սակայն Ճանապարհային ոստիկանության վիճակագրութունը կփաստի, որ վերջին տարիների ընթացքում գերբեռնված երթեւեկության համար որեւէ երթուղայինի վարորդ չի տուգանվել կամ, լավագույն դեպքում, տարիների ընթացքում տուգանվել են մի քանիսը: Նույնը վերաբերում է երթուղայինների վարորդների թույլ տված՝ երթեւեկության կանոնների այլ խախտումներին: Հաճախ կարելի է ականատես լինել, որ նրանք վարելիս ծխում են,  տեսահսկվող խաչմերուկներում արգելված մանեւրներ են անում կամ անգամ հատում են խաչմերուկը կարմիր լույսի տակ՝ առանց վախենալու տուգանվելուց:

Թե ինչու է ՃՈ-ն աչք փակում երթուղայինների վարորդների խախտումների վրա, այլ հարց է, որին կանդրադառնանք առաջիկայում: