24.04.2017 23:10

Մերի Մուսինյան. Դեռ էս օրը սարսափելի մեծ ցավի օր է, որին գումարվում է մեծ ամոթը

Մերի Մուսինյան. Դեռ էս օրը սարսափելի մեծ ցավի օր է, որին գումարվում է մեծ ամոթը

Մերի Մուսինյանը Ֆեյսբուքում գրում է.

«Մի քանի տարի առաջ հայ և թուրք լրագրողների խմբով երկխոսության ծրագրի շրջանակներում ավտոբուսով ու ինքաթիռով շրջում էինք Թուրքիայի երկայնքով մեկ: Ծրագիրն էնպիսին էր, որ Թուրքիայում հանդիպումներից ու այցելություններից հետո պիտի նույն կազմով վերադառնայինք Հայաստան, ու մեր երկրում արդեն թուրք լրագրողները պիտի հանդիպումներ ունենային: Անասելի երկար ճանապարհներ կտրեցինք Թուրքիայում, ու թեև հոգնած էինք, բայց ճամփաներն անցանք թիթեռի պես մի պարզ պատճառով, որ Թուրքիայի ճանապարհները կառուցված են արտակարգ լավ ու որևէ կերպ չէին զիջում զարգացած երկրների ընտիր ճանապարհներին: 

Այդ օրերին ունեցած զգացողությունների ու հետևությունների մասին չէ, որ հիմա ուզում եմ խոսել: Էդ մասին իրականում շատ էլ գրեցինք ու արտահայտվեցինք: Ուղղակի այս ծանր օրը հիշեցի, որ երբ Վրաստանով Հայաստան էինք մտնում թուրք և հայ լրագրողներիս տեղափոխող ավտոբուսով, ամոթից գետինն էինք մտել: Այդ ամբողջ ընթացքում խոսել-պատմել էինք մեր թուրք գործընկերներին Հայաստանի, մեր պատմության և հնարավոր ամենի մասին, անհամեստություն չլինի, բայց կարծես ի դեմս մեզ՝ նրանք հասկացել էին, որ մեր պետությունը մեզ համար բացարձակ արժեք է, ու որ մենք հպարտ ենք մեր ժողովրդի նկարագրով ու տեսակով: Բայց երբ ավտոբուսը հատեց Վրաստանի ու Հայաստանի սահմանը, ու երբ մենք՝ ուղևորներս, սահմանը հատելու պահից իսկ սկսեցինք մեզ կարտոֆիլ զգալ, որովհետև էնաստիճան դարուփոս էր ճանապարհներին, մենք՝ հայերս, ամոթից սուս էինք: Դա առաջին տպավորությունն էր Հայաստանից: Վատ ճանապարհներ, աղքատության մասին պատմող տեսարաններ:

Դու երբեք թուրքին չես ասի այդ պահին, թե, գիտե՞ս, մենք 100 տարի առաջվա թուրքից վերան իշխանություն ունենք, որ ներսից քայաքայում է մեր երկիրը: Մենք չենք կարող պատմել, թե ինչքան ենք ամաչում նրանց փոխարեն: Բայց իրականում ամաչում ենք ու գետինն ենք մտնում: Դե, իհարկե, այս վիճակի համար մենակ իշխանությունը չի մեղավոր: Մենք ամենքս աչքի լույսի պես պիտի պահեինք մեր մի բուռ երկիրը, մեր երկրի ճանապարհները մեզ համար սրբություն պիտի լինեին,մեր երկրի հեռավոր սահմաններում ապրող հասարակ շինականները մեր հոգածությանն ու հատուկ վերաբերմունքին պիտի արժանանային, մեր մի բուռ երկրում սոված ու հիվանդ երեխա չպիտի լիներ, մեզ համար իմ ու քո երեխա հասկացությունը չպիտի լիներ, պիտի լիներ հայ երեխա, որ ծնվել, ապրում է Հայաստանի Հանրապետությունում, ու ինքը պիտի ունենար 100 տոկոսանոց պաշտպանվածություն մեր պետության բոլոր հնարավոր համակարգերում՝ մանկապարտեզ, դպրոց ու այդուհետ: 
Մենք էսպես պիտի պատասխանեինք 100 տարի առաջ մեզ հետ պատահած ողբերգությանը: 
Իսկ քանի դեռ ունենք ՀՀԿ գրասենյակներ դարձած դպրոցներ, հեռավոր սահմաններին դատարկվող գյուղեր, պատերազմում զոհվող աղքատ ընտանիքների զավակներ, մայրաքաղաքներում վեր խոյացող օլիգարխների դղյակներ, մարդկանց կարեկցությանը սպասով հիվանդ երեխաներ, դպրոցներում ողբասաց հանդեսներ ու քանդված, քանդվող ճանապարհներ ու այդ ճանապարհների փողը հաճույքով ուտող իշխանություններ, ուրեմն դեռ էս օրը սարսափելի մեծ ցավի օր է, որին գումարվում է մեծ ամոթը»: