01.05.2017 12:13

Սարգիս Միքայելյան. Իրերը կոչենք

Սարգիս Միքայելյան. Իրերը կոչենք

Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքում գրում է.

Ինչպես լիբերալիզմին է սպառնում լիբերալիզմի ծայրահեղացումը (Գ. Շելսկի), այնպես էլ այս «ազգային-ազգայնական պաթոսախեղդին» սպառնում է ամենայն ազգայինի դերի գերագնահատման, բացարձակացման և վերջում՝ ազգայնամոլությանը (նացիզմին) հանգելու վտանգը: 

Նացիոնալիզմը (ազգայնականությունը) սովորաբար տեղին է լինում և պատմական անհրաժեշտությամբ ձևավորում է ա՛յն ժողովուրդների մոտ, որոնց տվյալ պատմական տիրությում սպառնում են ասիմիլյացիան կամ ազգային ինքնության կորստյան լուրջ վտանգները, ազգային, կրոնական, սոցիալ-տնտեսական կամ այլ դիսկրիմինացիան: 
ՍՍՀՄ-ի ժամանակ այդ ազգայնականությունը մասամբ տեղին էր, քանզի կար լեզվական, մշակութային, իսկ հեռանկարում՝ էթնիկական ասիմիլյացիայի վտանգ: Այն տեղին էր նաև Օսմանյան կայսրության անկման ժամանակահատվածում, որտեղ կար բնաջնջման վտանգ, կայսրության փլատակների վրա պատմական հայրենիքից առարկայական, իրական հայրենիք (պետություն) ստեղծելու մարտահրավեր: Նաև, երբ սասանվում է կայսրությունը, և սկսում է վերանալ անվտանգություն ապահովող Pax Romana-ն, օրինաչափ է կայսրության պերիֆերիայում ապրող ժողովուրդների մոտ ազգայնականության զարթոնքը, իսկ տեղ-տեղ էլ անգամ ազգայնամոլության տարրերի դրսևորումները, որոնք տարերայնորեն առաջանում են անվտանգության վակուումին հանդիման և ինքնապահպանման բնազդի հողի վրա:

Հայաստանում հայ ժողովրդին ասիմիլյացիա կամ ինքնության կորստյան վտանգ չի սպառնում: Հայաստանը մոնոէթենիկ է (գուցե՝ դժբախտաբար, բայց սա լրիվ այլ թեմա է), նաև շատ ցածր է մշակութային ինտեգրացիան (մշակութային կոոպերացիան է անգամ շատ ցածր, ուր մնաց՝ ինտեգրացիան) այլ ժողովուրդների հետ, ասել է թե՝ չի սպառնում նաև մշակութային ինքնության ինչ-որ հիպոթետիկ կորստյան վտանգ: 
Հայաստանը հայ ժողովրդի ստեղծած պետությունն է, հայ ժողովուրդը չի ապրում ուրիշի պետությունում՝ տիտղոսային ազգի գերակայության պայմաններում: Հայաստանում հայ ժողովրդին չի սպառնում երկրորդ կարգի ազգ լինելու ճակատագիրը, չի սպառնում լեզվական, մշակութային, կրոնական, էթնիկական ճնշվածությունը, չկա և չի կարող լինել ազգային-ազատագրական պայքար (մենք ազատագրված ենք և ունենք մեր պետությունը), և այլն: 
Որտեղի՞ց են, ուրեմն, ծագում վերջին ժամանակներս երկում ավելի ու ավելի տարածվող ազգայնականության դրսևորումները, որոնք տեղ-տեղ սահմանակցում են ազգայնամոլության (նացիզմի) հետ: 
Անգամ վերը նկարագրված դեպքերի համար օրինաչափ և առողջ ազգայնականությունը միշտ չէ, որ զերծ է մնում կողմնակի մանիպուլյացիաներից: Այս պրոցեսներում հաճախ ներգրավվում են արդեն ազգայնամոլակա՛ն տրամադրված քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց հրապարակային մտքերն ու իդեաներն աղերսներ ունեն արդեն ոչ թե առողջ ազգայնականության, այլ ուղղակի ազգայնամոլությա՛ն հետ և, ավաղ, ինտերնետի, մասս-մեդիայի և այլ միջոցներով պրոպագանդա իրականացնելու այժմյան հնարավորությունների կիրառմամբ տարածվում են՝ մատուցվելով որպես ազգային ինքնության պահպանմանը, «արմատներին վերադարձի» և այլ գեղեցիկ բաներին միտված երևույթներ: 
Ազգայնամոլական տրամադրությունները վտանգավոր են նաև նրանով, որ դրանց կրողները խնամքով թաքցնում են իրենց իրական շարժառիթները: Արտաքուստ «շուկա են հանվում» դեմագոգիկ հայտարարություններ և տեքստեր՝ իբր վտանգված ազգի, վտանգված ազգային ինքնության, ազգային բարոյականության, ազգային արժեքների, ազգային գաղափարախոսության և այլնի մասին՝ ապակողմնորոշելով լայն լսարանին՝ շահելու համար վերջինիս քաղաքական համակրանքը և բարձրացնելով իրենց իսկ իշխանության հանդեպ պսևդո-գաղափարական լոյալության մակարդակը:

Այսպես, խոսվում է ինչ-որ միֆական ազգային բարոյականության մասին, կարծես կարող է գոյություն ունենալ ինչ-որ «ապազգային բարոյականություն»: Խոսվում է ազգային արժեքների մասին՝ մոռանալով ասել, որ ազգային արժեքներ են, առաջին հերթին, ազատության, իրավահավասարության, արդարության և այլ համամարդկային արժեքները, որոնք ընդունվում են տվյալ ազգի ներկայացուցիչների մեծամասնության կողմից, և որոնցով կարգավորում է հանրային վարքը…
Եվ կամ խոսվում է ազգային գաղափարախոսության մասին՝ կարծես հայտնի գաղափարախոսությունները, օրինակ՝ սոցիալիզմի, լիբերալիզմի և այլն, որևէ բանով պակաս են և չեն կարող ազգային լինել, այն է՝ տվյալ ազգին ծառայել պատմական տվյալ ժամանակում, նպաստել ազգի ձեռքբերումներին, առաջընթացին, և անպայմա՛ն պետք է ինչ-որ նոր հեծանիվ հորինել…. 
Ընդ որում՝ այդ նոր «հորինված հեծանիվը» պետք է լինի հնարավորինս ամորֆ ու անչափելի, որ ոչ մեկը չհասկանա, թե այդ ինչ գաղափարախոսություն են մեզ համոզում դավանել… Կարևորը՝ ազգայի՛ն: Օրինակ՝ Ազգ-Բանակ… 
«Ազգ-Բանակ»-ը, որն ինքնին ո՛չ թե գաղափարախոսություն է, այլ ընդամենը իշխանության պահպանման համար մտածված սոցիալ-քաղաքական Բիզնես-Պլան: 
 Մինչդեռ այն ներկայացվում է՝ որպես ազգային գաղափարախոսություն կամ գրեթե աստվածաշնչյան մի նոր հայտնություն: 
Հարկավ, գործող իշխանության համար ձեռնտու է ազգայնականության դոզայի աստիճանական ավելացումը հասարակությունում, ընդհուպ մինչև ազգայնամոլության աստիճանի, քանզի.

Ա) ազգայնական իդեաները հնարավորություն են տալիս իրենցով փոխարինել այլ գաղափարախոսություններ (ասենք՝ ազատական), որոնց տարածումը կարող էր վտանգ սպառնալ իշխանության պահպանմանը,

Բ) ազգայնական գաղափարներն ունակ են համեմատաբար կարճ ժամանակում ներթափանցել հանրության բոլոր շերտերը, քանզի էթնիկական, ազգային նախասկիզբն այն ընդհանուրն է, ինչը կրում է յուրաքանչյուր մարդ՝ ի տարբերություն այլ հատկանիշների, որոնք կարող են կրել սոցիալական միայն որոշակի խմբերի ներկայացուցիչներ:Այսպիսով՝ ազգայնական գաղափարներն ուղղված են բոլորին, մինչդեռ, օրինակ, սոցիալական հավասարության գաղափարները կարող են ուղղված լինել սոցիալապես ընկճված խավի՝ այդ հավասարության կարիքը զգացող և դրան հավատացող հատվածին;

Գ) մարդկանց մեծ մասը Հայաստանում համատարած գործազրկության, աղքատության և այլ պատճառներով կորցրել է իր սոցիալական դերերին բնորոշ պատկանելության զգացումը (օրինակ՝ պատկանելիության զգացումը կոնկրետ սոցիալական շերտի, կոնկրետ մասնագիտական հանրույթի, և այլն), և դա փոխարինվում է, կոմպենսացվում է էթնիկական պատկանելության զգացման անհամաչափ ուժեղացումով: Տնտեսապես բարեկեցիկ և ազատ քաղաքացին հոգեբանական կարիք չունի իր ինքնության գիտակցման մեջ հատուկ շեշտելու ազգային բաղադրիչը, որն առանց այդ էլ կա և անփոփոխ է:Ազգային բաղադրիչը լրացուցիչ հատուկ շեշտվում է, երբ չկան կամ թերի են այլ բաղադրիչները:

Դ) ազգայնականության իդեաների լույսի ներքո դժվար չէ «համոզել» մարդուն, որ անհրաժեշտ է տոկալ ամենայն դժվարության, քանզի մենք «պարտվողական չենք», իսկ, այ, խաղաղություն կնքելու մասին մտածելը խիստ ապազգային բան է: Այստեղ սկսվում է ազգայնականության տեսանելի տրանսֆորմացիան ազգայնամոլությանը (նացիզմին): Օրինակ, «Այդ ո՞ւմ հետ ենք խաղաղություն կնքում, չլինի՞՝ թուրքի»: Կարելի է կարծել, որ մեր հակառակորդը, ասենք, հոլանդացիք են, իսկ ոմանք հոլանդացիքի հետ չեն ուզում համաձայնության գալ, այլ հենց թուրքի… Պարզ չէ՞, որ ով քո հակառակորդը կամ թշնամին է, հենց նրա՛ հետ պետք է համաձայնության գաս…. Հայի և թուրքի արհեստական այս համեմատության մեջ («հայը վստահելի է, թուրքը՝ ոչ, հայը խելացի է, թուրքը՝ դեբիլ, հայը ուժեղ է, թուրքը՝ թույլ, հայն ունի բազում արժանիքներ, թուրքը՝ ոչ մի») պարունակվող նացիզմը թույլ է տալիս հեշտությամբ հաղթահարել արտաքին խնդիրները՝ չլուծելու համար ներքին լրջագույն խնդիրներ ունենալու հոգեբանական պատը… 
( Նացիզմի լույսի տակ նորմալ է դիտվում «Գերմանացի լինեին՝ հա, հասկացանք, բայց թուրքի հետ պայմանավորվել անհնար է» դատարկաբանությունը… (ուղղակի հիշեցման կարգով. խոսվում է այն գերմանացիների մասին, որոնց իշխանությունների կազմակերպած կոնցլագերներում մարդկանց մաշկում էին և կաշվից կանացի նուրբ ձեռնոցներ կարում... Ուրեմն՝ նրանց հետ, պարզում է, ավելի հեշտ կլիներ պայմանավորվել...): Սա՝ որպես օրինակ: )

…. Իրենց էությամբ նացիստական, իսկ գոյությամբ՝ ատավիստական նման «գաղափարական գրոհներից» զերծ մնալու համար սովորական քաղաքացին պետք է մշտապես մտքում պահի այն պարզ բանաձևը, որ հասարակական միտքը պետք է հիմնված լինի կյանքի իրողությունների՛, այլ ոչ թե ֆանտազիաների ու ցանկությունների վրա, և պետք է միտված լինի ապագայի՛ն, ոչ թե անցյալին, պետք է փնտրի ճանապարհնե՛ր, այլ ոչ թե արգելապատնեշներ: 
Սակայն պետականորեն կազմակերպված գաղափարական-պրոպագանդիստական տոտալ գրոհի պայմաններում սովորական քաղաքացին կարող է հեշտությամբ ընկնել գեբելսյան թակարդը, ինչի ապացույցն էլ տեսնում ենք հաճախ…