03.05.2017 15:59

Փաստացի՝ պառլամենտում գրեթե բացակայում է քաղաքական միտքը

Փաստացի՝ պառլամենտում գրեթե բացակայում է քաղաքական միտքը

Քաղաքացի Արմեն Մելիքյանը Ֆեյսբուքում գրում է.

Ոչմիթիզհողականություն քարոզող քաղաքագետներն ու վերլուծաբաններն այդպես էլ չընդվզեցին հասարակության ներսում արժեհամակարգերի խոր անկման դեմ: Չհետաքրքրեց այդ մարդկանց, որ քաղաքական մտածողությանն այլընտրանքը տասը հազար դրամն է: Ոչմիթիզհողական էլիտան և ընտրակաշառք բաժանողը նույն քաղաքական ընտանիքից են՝ հարազատ քույր ու եղբայր:
Հոգեկան հիվանդության աստիճանի հասնող կեղծ հայրենասիրական լոզունգները համեմվել են մտածելու ունակությունը մարդու մեջ ոչնչացնելու ստրատեգիայի հետ:Ավելի շատ փորձում են ստատուս քվոն պահել ոչ թե Ղարաբաղի շուրջը, այլ Հայաստանի ներսում: Թալանի անփոխարինելիության և այլընտրանքի չգոյության քարոզ է:
Սրան զուգահեռ՝ այլընտրանք են փորձում ներկայանալ մեկ կամ միակ ընդդիմությունով խենթացածները: Նախ՝ պրակտիկապես մի քիչ դժվար է պատկերացնել մեկ կամ միակ ընդդիմություն: Պահպանողականը, լիբերալը կամ սոցիալիստը դժվար թե մեկ ուժի մեջ գտնեն քաղաքական ինքնաբավարարվածություն:

Այսինքն, ընդդիմադիր համարվող այդ ուժը, որը փորձում է վերածվել մեկ ընդդիմության՝ ակամա խոստովանում է, որ ցանկություն չունի հայ ժողովրդի մեջ սերմանել քաղաքական մտածողություն:
Կարծում եմ, հաջողության կհասնի այն քաղաքական ուժը, որը առաջիկա հինգ կամ տասը տարիների ընթացքում իր առաջ իշխանության գալու նպատակ չի դնի, նաև պատրաստ լինելով ցանկացած պահի վերցնել իշխանությունը՝ մշտապես լինել սպորտային մարզավիճակում: Ժողովրդին քաղաքկան մտածողության վերադարձնելու նպատակ պետք է դրվի, հուսադրողն այստեղ այն է, որ գումարով բոլոր քվեարկողների մոտ զգացվում է մեղքի գիտակցում, և այդ մարդկանց մեջ խոսում է խիղճը: Հենց այս խղճի ձայնը կարող է դառնալ ռեսուրս, որը որպես հիմնաքար կարելի է օգտագործել ու մարդու մեջ սերմանել բանական՝ քաղաքական մտածողություն:


Հայաստանի առաջ երկու գերխնդիր կա, ու երկուսն էլ շաղկապված են, մեկը, բնականաբար, Արցախն է, իսկ երկրորդը՝ արժեհամակարգերի անկումը, խորը ընկճախտը, որը կարող է հասցնել պետականության ավարտին: Նման հոգեվիճակով հասարակությունը երկար ժամանակ պետականություն պահելու ներուժ չի կարող ունենալ: Նոր քաղաքական մտածողությունը, ինձ թվում է՝ ձևավորվելու է նորընտիր պառլամենտից դուրս:
Այնտեղ, մի կողմում՝ պոպուլիզմն է ներկայացված, մյուս կողմում՝ ընտրակաշառքը: Փաստացի՝ պառլամենտում գրեթե բացակայում է քաղաքական միտքը: Լավ է, թե վատ, իրական քաղաքականություն Հայաստանում ձևավորվելու է քաղաքական կոչված՝ իշխանական կառույցներից դուրս: