05.05.2017 14:59

Լիզա Ճաղարյան. Խեղճ, խեղճ ըմբոստություն

Լիզա Ճաղարյան. Խեղճ, խեղճ ըմբոստություն

Ոչ մեկի համար նորություն չէր, եւ դրա մասին շատ հանգիստ խոսվում էր նաեւ մինչ Ազգային ժողովի ընտրությունները։

Խոսքն ինքնաբացարկի դիմումների մասին է, որ նախապես գրվում ու պահվում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակի որեւէ դարակում։

Սա շա՞տ լավ բան է, թե՞ շատ վատ բան, խայտառակ բան, դատապարտելի բան։

Ինքս երբեք ԲՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու ցանկություն չէի հայտնի՝ ոչ ինքնաբացարկի դիմումով, ոչ էլ՝ առանց դիմումի։

Այսքանը՝ տվյալ խնդրին իմ վերաբերմունքի մասին։

Տասներկու հոգու «ըմբոստացումից» (ափսոս է էս բառը) հետո լրատվամիջոցները եւ անչափ ազնիվ մարդիկ ցնցված են։ Փաստորեն «չգիտեին» այդ դիմումների մասին, եւ հենց տասներկու «ըմբոստները» ոստնեցին որոտընդոստ, մեկ էլ բոլորն իմացան, որ նման դիմումներ կան, ու ցնցվեցին։

Դժվարությամբ, շա՛տ դժվարությամբ փորձենք ենթադրել, որ այդպես էլ կա՝ հասարակությունը նոր է իմացել այդ դիմումների մասին ու հիմա սեփական ցնցումներից հաճույք է ստանում։ Բարի վայելում։

Այդ դիմումները գրողներն է՞լ չգիտեին։ Ասում են՝ մենք տեղյակ չենք, թե ինչի տակ ենք ստորագրել, ինչ-որ դատարկ, սպիտակ, պլպլան թուղթ էր, դե՝ տվեցին, ստորագրեցինք։ Ենթադրենք՝ ճիշտ են ասում։ Այս պարոնայք «ըմբոստներն» ինչու՞ են ստորագրել ոչինչ չասող դատարկ թուղթը։ Եթե ստորագրել են, ուրեմն համաձայնվել են, չէ՞, որ հետագայում այդ թուղթը լրացվի ըստ դիմումն ընդունողի կամքի։ Ինչու՞ են համաձայնվել։ Որովհետեւ շա՞տ էին ուզում պատգամավոր դառնալ։ Բնականաբար՝ «հանուն իմ ժողովրդի»։ Ու գիտեին, որ «հանուն իմ ժողովրդի»՝ ԲՀԿ-ն պատկառելի ձայներ կստանա։ Ու կստանա, հաճելի է դա իրենց, թե տհաճ, հասկանալի է իրենց, թե անհասկանալի՝ միմիայն այդ կուսակցության առաջնորդի շնորհիվ։ Ու քանի որ գիտեին, ե՛ւ ստորագրել են նրա թելադրած դիմումի տակ, ե՛ւ ողջ քարոզարշավի ընթացքում հաճոյախոսել այն նույն Գագիկ Ծառուկյանի հասցեին, որի շնորհիվ իրենց հնարավորություն էր տրվելու էրվելու եւ փոթոթվելու «հանուն իմ ժողովրդի»։

Ի՞նչ է ստացվում։ Այդ նույն Գագիկ Ծառուկյանից մանդատ կորզելու համար գնացել են նրա դուռը, ժողովրդի լեզվով ասած՝ լեզու են թափել, մարդը շիտակ ներկայացրել է իր պայմանը, համաձայնվել են նրա առաջարկած պայմանին, չեն ասել՝ այս ի՞նչ նվաստացուցիչ պայման եք դնում մեր առջեւ, պարոն Ծառուկյան։ Դուռը չեն շրխկացրել ու հեռացել։ Սուսուփուս իրենց ստորագրությունը նկարել են թղթի վրա՝ դատարկ, թե «լիքը», կարեւոր չէ։ Ավելին՝ առավել ստորացուցիչ է դատարկ թղթի վրա սեփական ստորագրությունը դնելը, այնպես որ՝ ավելի լավ է լռեն դրա մասին ու չթմբկահարեն այդ ողորմելի փաստը։

Ուրեմն, այն պահին, երբ ԲՀԿ-ի ղեկավարը նրանց առաջարկել է ստորագրել այդ դիմումը, այսինքն՝ նվաստացրել է իրենց, այս տասներկու «ըմբոստները» պատրաստ էին նվաստանալ, որովհետեւ մանդատ ստանալու հույս ունեին։ Իսկ ահա երբ այդ նույն ԲՀԿ-ի ղեկավարը ոչ թե մանդատ նվիրեց իրենց, այլ դիմումը դարակից հանեց ու գործի դրեց, մեկ էլ հանկարծ սրանց ոտնատակ տված արժանապատվությունը քնից արթնացավ, եւ սրանք անսպասելի դարձան «ըմբոստներ»։

Իրո՞ք՝ ըմբոստ են, թե ժողովրդական լեզվով ասած՝ աչքի սուրմա թռցնող, իսկ ավելի հասկանալի՝ ջեբկիր։

Այս «ըմբոստներից» մեկին եմ շատ լավ ճանաչում՝ Արարատ Զուրաբյանին։ Երբ որոշեց գնալ ու բախել «Բարգավաճ Հայաստան»-ի դուռը, վստահ եմ՝ ճանապարհին հիշում էր, թե ինքն ու իր նման «սկզբունքայիններն» ինչ բոցաշունչ ելույթներ էին ունենում իր նախկին կուսակից ընկերների դեմ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ «հանցավոր» համագործակցության փորձի համար։ Հիշելը հիշում էր, բայց պատգամավոր դառնալու տենչը պարոն Արարատի «սկզբունքայնությանը» հաղթեց։ Կարո՞ղ էր իր «սկզբունքայնությունը» պինդ գրկել ու թարմ, յուղը վրան ՀՀՇ-ով առաջադրվել պարոն Արարատ Զուրաբյանը։ Չէ, չէր կարող, գիտեր, որ կպարտվեն։ Գիտեր, որ միմիայն նախկին կուսակիցների դեմ տարեկան երկու խղճուկ ասուլիսով քաղաքական ուժ չեն դառնում, քաղաքական դեմք՝ առավել եւս։

Դե, եթե հանուն մանդատի կարելի է անսկզբունքային լինել, ինչու՞ չի կարելի նաեւ ստորություն անել այն մարդու նկատմամբ, ում առաջարկած դիմումի տակ ստորագրում ես, հետո «ըմբոստանում» քո գրած դիմումի դեմ։

Եվ հիմա Արարատ Զուրաբյանը «ըմբոստ» ԱԺ պատգամավոր է։

Մնացած յոթն էլ՝ վերադիր։

Խեղճ ըմբոստություն։ Ո՞նց ես դիմանում էս անպատվությանը։