05.05.2017 16:29

Առաքել Թավրիզյան. Լրջանու՞մ է

Առաքել Թավրիզյան. Լրջանու՞մ է

Մայիսի 4-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ղարաբաղի արտգործնախարարների հանդիպում: Քննարկվել են անցյալ շաբաթ Մոսկվայի եռակողմ բանակցություններին առնչվող հարցեր: Երեւում է, Մոսկվայում ինչ-որ լուրջ բանավեճ է ծավալվել, եթե Հայաստանի եւ Ղարաբաղի արտգործնախարարների հանդիպման կարիք զգացվել է: Երբ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ հանդիպեց Մամեդյարովին, Ղարաբաղի արտգործնախարարի հետ կոնսուլտացիայի անհրաժեշտություն չծագեց, իսկ ահա վերադառնալով Մոսկվայից՝ նա իր մոտ է հրավիրել ղարաբաղցի գործընկերոջը եւ փաստացի տեղեկացրել, թե ինչ է խոսել Լավրովի եւ հատկապես Մամեդյարովի հետ:

Իշխանությունը Մոսկվայի բանակցությունների մասին ոչինչ չի ասում, իսկ նրան սպասարկող մի շարք քաղաքագետներ խոսում են, որ քաղաքական հարցեր չեն քննարկվել, Հայաստանը պնդել է, որ նախ պետք է կատարվեն Վիեննայի պայմանավորվածությունները, որից հետո միայն հնարավոր կլինի անցնել բուն բանակցություններին: Բայց Ղարաբաղի արտգործնախարարին Երեւան հրավիրելու եւ նրա հետ Մոսկվայի հանդիպման քննարկումը բոլորովին ուրիշ իմաստ են ստանում:

Հայաստանի եւ Ղարաբաղի արտգործնախարարների հանդիման մասին պաշտոնական ինֆորմացիայի տարածումը բավական խոսուն է, որպեսզի հասկացողը մի էական եզրահանգում անի. ԼՂ հարցում ընթանում են փակ քննարկումներ, որոնց Հայաստանի միջոցով ներգրավվել է նաեւ պաշտոնական Ստեփանակերտը: Մի մասով դրանք կարող են լինել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Միաժամանակ՝ օրակարգում է կարգավորման ինչ-որ պլան, որի հիմքում Մադրիդյան հայտնի սկզբունքներն են:

Պառլամենտական ընտրություններին միջազգային արձագանքները վկայում են, որ Հայաստանին տրվել է նոր իշխանություն ձեւավորելու քարտ-բլանշ: Բայց այդ իշխանությունը նաեւ պարտավոր է ԼՂ հարցում ցուցաբերել ավելի մեծ ըմբռնում: Դրա համար նրան պետք է Ղարաբաղի համաձայնությունը: Նալբանդյանն սկսել է «մշակել» Ղարաբաղի արտգործնախարարին: Իրավիճակը գնալով լրջանում է: