06.05.2017 12:03

Վահան Թումանյան. «Ես ձեւը գիտեմ»

Վահան Թումանյան. «Ես ձեւը գիտեմ»
Ծաղրանկարը` Վլադիմիր Աբրոյանի

Հայաստանում բոլորը «ձեւը գիտեն»: Մեկը՝ ինչպես կարելի է ԵԱՏՄ իմպերիայից դուրս գալ՝ Նախիջեւանն էլ որպես վրադիր վերցնելով: Մյուսը՝ ինչպես լցնել բյուջեն: Երրորդը՝ ինչպես ստեղծել երկպալատ պառլամենտ, մի տեղ հավաքել աշխարհասփյուռ հայության բոլոր պայծառ ուղեղները եւ դառնալ հզոր երկիր: Հաջորդն առաջարկում է ատոմային զենքի իր «գյուտը»: Մյուսի կարծիքով՝ եթե բացվի Մաշտոցի այբուբենի «կոդը», ապա աշխարհը կծնկի մեր առջեւ եւ կհպատակվի մեր աստվածային ազգի տիրապետությանը:

Հայաստանում ամեն ինչի «ձեւը գիտեն», բացի մի բանից՝ ինչպե՞ս կառուցել օրինական, սոցիալական պետություն, ինչպե՞ս անել, որ հարեւանները մեզ կասկածանքով չվերաբերվեն... Որ մարդիկ երկրից չհեռանան... Որ սահմանամերձ համայնքները չդատարկվեն... Որ ունենանք կարգին ճանապարհ... Առօրյա հարցերի պատասխանը չգիտենք, բայց երազել կարողանում ենք: Ինչքան երազում ենք, այնքան չարանում ենք, որովհետեւ երազն ավարտվում է, եւ իրականությունը թվում է ավելի ծանր, անտանելի, կյանքը՝ դաժան եւ, մանավանդ, անիմաստ:

Ապրելն ի՞նչ իմաստ ունի, երբ ոչ մի երազանք իրականություն չի դառնում: Եւ դարձյալ «ձեւը գտնվում է»: Այս անգամ՝ «ներքին թուրքի վերջը տալու» կոչի տեսքով: Սա միակ «ձեւն» է, որ կախարդանքի ուժ ունի: Մյուս դեպքերում «ձեւ իմացողները» միմյանց հանդեպ կատաղի անհաշտ են, «ներքին թուրքի վերջը տալու» հարցում՝ կուռ-միաբան: Այդպես ապրելը նպատակավորվում է, քանի որ այդպես մյուս «ձեւերը» վերացականից դառնում են պահանջված: «Երբ ներքին թուրքի վերջը տանք, կունենանք եւ ատոմային զենք, եւ Մաշտոցի այբուբենի «կոդը» կբացվի, եւ բոլոր խելոք եւ մեծահարուստ հայերը կգան Հայաստան, եւ Նախիջեւանը կազատագրենք»...

«Ներքին թուրքն» ո՞վ է, արդեն կարեւոր չէ: «Ձեւը գտնված է»: Թող որ դա ավելի իռացիոնալ է, քան Հայաստանում «կեղտոտ ատոմային ռումբ ստեղծելու» ֆանտազիան: Նպատակն արդարացնում է միջոցը: Իսկ նպատակը մեկն է՝ բոլոր «ձեւ իմացողներին», որ պոտենցիալ ապստամբական են, հավաքել «ներքին թուրքի վերջը տալու» գաղափարի շուրջ: Մանիպուլյացիան գործում է արդեն քսան տարի

Հայաստանում բոլորը «ձեւը գիտեն», բայց չգիտեն, որ պատմական ընտրության պահին միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է: Եւ էլիտա կոչվածը չի հասկանում, որ ավելի հաճախ հանգուցալուծում տեղի է ունենում առանց որեւէ «ձեւ գտնելու»՝ ինքնին, պատմական զարգացումների անողոք տրամաբանությամբ: Այդպես ահռելի կայսրություններ են խորտակվել: Խորհրդային Միության օրինակն ամենաթարմն է:

Հայաստանի գոյության եւ զարգացման մի ձեւ կա՝ արժանապատվորեն դուրս գալ պատերազմից, կարգավորել հարաբերություները բոլոր հարեւանների հետ եւ քայլ առ քայլ վերականգնել տնտեսությունը, օրինականությունը, ժողովրդի արժանապատվությունը: Ղարաբաղի խնդրի արդարացի լուծման միակ երաշխիքը դա է: Մյուս բոլոր «ձեւերը» փորձարկված եւ արժեզրկված են: