08.05.2017 18:17

Արսեն Գրիգորյան. Շուշիի անկումը

Արսեն Գրիգորյան. Շուշիի անկումը

Վաղը Շուշիի հաղթանակի օրն է:

 

Իրականում դա ողբերգական օր է, եթե հաղթանակը բովանդակություն չէ:

Պարտության օր է, քանի որ Շուշին, ինչպես երբեք, տեղանուն է: 

Մեռելոցի օր է, եթե այն քո ներսում հակամարտության մեջ է «հարություն» բառի հետ:

Ծիծաղելի օր է, երբ հրապարակ է մտնում զինուժը՝ չգիտես ում, -որն ունի այդ նույն զենքերը,- ինչ ապացուցելով:

Սովորական օր է, երբ հավաքում ես ճամպրուկդ կամ կնոջդ հետ քննարկում ես հավաքելու կոնկրետ օրը:

Դավադիր օր է, երբ ուսուցիչդ իրենով կեղծում է անպատմելին:

Անհասկանալի օր է, երբ վերեւներին ու ներքեւներին հարազատեցնում են միմյանց վրա սեղմված ատամները:

Խամաճիկ օր է, եթե ընտրություն չկա:

Շուշիի հաղթանակն այլեւս անկախ Հայաստանի օրերից մեկը չէ:

Իրականում դա հուսահատության օր է, եթե որդիդ «ազգ-բանակ» հերթական հաղթական կոնցեպտի մատաղացուն է:

Ինքնասպանության օր է, եթե նրանում արգելակված է նույնիսկ անցյալը:

Խեղճության օր է, երբ փոքր ես AKM-ի այնքան աներեւույթ փամփուշտից:

Պարծենկոտության օր է, երբ վաղվա նվաճումդ նույնպես ստատուս-քվոն է:

Վախկոտության օր է, երբ հաղթանակից ուսանածդ դիմանալն է:

Փախուստի օր է, որտեղ թիկունքդ պատմական հերթական Հայաստանն է՝ աշխարհագրությունից որբ:

Դավաճանության օր է, երբ զինվորի քվեն ոչ թե տեսիլքն է, այլ՝ հրամանատարի կոնկրետ ախպերը:

Կարծրատիպի օր է, երբ հաղթանակը մահարձան է:

Ինքնախաբեության օր է, եթե արդարացումդ  հպատակի կենսունակությունն է:

Խուճապի օր է, երբ խաղաղությունը բազմապատկում է մուրացկանին:

Թյուրիմացության օր է, երբ ազատագրված կամ գրավյալ տարածքներում ապրում է այդ տարածքների համար ընկածներից ավելի քիչ մարդ:

Լքումի օր է, եթե հաղթանակը միշտ իր տեղում է:

«Թուրքը մնում է թուրք»-ի օր է, եթե հայն ուրիշ է, բայց՝ ՍԱՍ-ում:

Ռաբիսի օր է, եթե ամեն տարի այն միշտ քո նույն ստեղծագործությունն է:

Անպարկեշտ օր է, երբ պաշտոնյայի մուննաթն անքննելի է:

Սարսափի օր է, որովհետեւ զինվորդ սահմանին ապրում է ոչ թե հաղթանակի երկաթյա զրահով, այլ՝ բախտի բերմամբ:

Ձախորդ օր է, որովհետեւ «աջորդը» այդ օրից մնացած պաթոսն է:

Բարդույթի օր է, որովհետեւ երեք Սահմանադրություն փոխելուց հետո էլ բանակդ շարունակում է մնալ «ամենակայացած» կառույցը:

Հոգեորսության օր է, քանզի հաղթանակն արդեն գրոհում է առանց ապացույցների, քանի որ ապացույցները բանտերում են կամ տնանկ:

Քաղքենու օր է, քանզի այս օրը հարմարավետության եւ ուրիշների գնով ապրելու մղումն է ի տես նրանց, որոնք բանտերում են կամ տնանկ:

Ամոթի օր է, երբ արդեն ամաչողները չկան:

Շուշին օրացույցի մեջ է՝ կարմիրով, բայց նա դուրս է մարդուց: