08.05.2017 23:00

Ընտրակաշառքը ընտրակաշառք է՝ «նաղդ» լինի, թե «նիսյա»

Ընտրակաշառքը ընտրակաշառք է՝ «նաղդ» լինի, թե «նիսյա»

Ամեն ինչ տեսել էինք, բայց ապառիկով ընտրակաշառք` ոչ: Տեսանք: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, ըստ որի՝ եթե իրենք հավաքեն ձայների մեծամասնությունը, ապա այդ դեպքում նախատեսում են մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել այն ընտրողներին, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքից։

Այդ ուժը հայտարարել է, թե այդ ծրագրի համար նախատեսել են մոտ 3 միլիարդ դրամ գումար, և կբավարարեն բոլոր դիմողների խնդրանքը։

Այն, որ իշխող քաղաքական ուժերն ընտրություններից առաջ ընտրակաշառք են բաժանում, գիտեն բոլորը: Այն, որ դա ոչ միայն վատ բան է, այլեւ` հանցագործություն` դա էլ փաստ է:

Բայց, մինչ այս պահը, որեւէ մեկի մտքով չէր անցել կաշառքի դեմ պայքարել կաշառքով: Ավելի ճիշտ` ապառիկ կաշառքով: Մինչ այժմ ընտրություններին մասնակցողներն ու այդ ընտրությունները դիտարկողները փորձում էին բռնել կաշառքի փորձերը, ապացուցել, որ այն կա, քանի որ կաշառքը բացահայտելու համար պատասխանատուները մատը մատին չէին տալիս դրա համար: Փորձում էին, չէր ստացվում՝ իհարկե, բայց փորձում էին: Քանի որ այլ տարբերակ չկար:

Իսկ հիմա, ահավասիկ, գտնվել է ելքը. էսօր կաշառք մի վերցրեք, ընտրեք մեզ, ու վաղը մենք ձեզ օրինական տարբերակով` ավագանու որոշմամբ, այդ գումարը կտանք: Դեռ մի կողմ թողնենք, թե այդ 3 մլրդ դրամ գումարը ինչպես են հայթայթելու, ինչի համար նախատեսված ծախսերից են տնտեսելու (եթե իհարկե ընտրվեն), տնտեսական հաշվարկը մի կողմ, բայց քաղաքական ու բարոյական առումով` ինչպե՞ս կարելի է նման հայտարարություն անել: Չէ՞ որ սա ոչ թե պայքար է ընտրակաշառքի դեմ, որը հանցագործություն է, ոչ թե ընտրողներին կողմնորոշելու տարբերակ է, այլ` բառի բուն իմաստով ապառիկով ընտրակաշառքի խոստում: Այն էլ` ուժի կողմից, որն իրեն ընդդիմադիր է համարում:

Հիմա հարց. ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի ու այդ քաղաքական ուժի միջեւ այսքանից հետո:

ՀՀԿ-ն ի՞նչ խնդիր ունի, ոչ մի: Բոլորը գիտեն՝ ՀՀԿ-ն ինչ է, ինչպես է եկել իշխանության, ինչպես է պահել այդ իշխանությունը, եւ հետեւաբար հասկանում են, որ այդ ուժի պարագայում ցանկացած ապօրինություն օրինաչափութուն է:

Այլ հարց է, երբ նման բան անում է մի ուժ, որն իրեն ընդդիմադիր է հռչակել, ընդդիմադիր էլ չէ, թիվ մեկ ընդդիմադիրը, համար մեկը, միակը եւ այլն:

Ու չենք էլ քննարկում` արդյոք որքանո՞վ է այս պլանն իրատեսական: Այսինքն, քանի հոգի, որ սովորաբար ընտրակաշառք է վերցրել, կհրաժարվի, քննարկման միակ հարցը «ընդդիմադիր» ուժի առաջարկն է: Ավելի ճիշտ` դրա բովանդակությունը:

Էսօր մի կաշառվեք, կաշառվեք վաղը: Ապօրինի մի կաշառվեք, կաշառվեք վաղը` օրինական ձեւով: ՀՀԿ-ից փող մի վերցրեք, մենք այդ գումարը կփոխհատուցենք բյուջեից: Այսինքն` գաղափար-բան մի կողմ: ՀՀԿ-ն իր օլիգարխների գումարն է բաժանում ձեզ (որը կուտակվել է բյուջեն թալանելուց), մենք էլ ձեզ ուղիղ բյուջեից կտանք այդ գումարը:

Այստեղ են ասել` աշխարհ, կանգնիր, իջնող կա: Հայաստանում թերեւս առաջին անգամն է, երբ իրեն ընդդիմադիր հռչակած ուժը նույն բանն է անում, ինչ իշխանությունը, միայն թե` ապառիկով:

 

Իշխան Պողոսյան