09.05.2017 20:26

Վահան Թումանյան. Եթե հաղթել ենք...

Վահան Թումանյան. Եթե հաղթել ենք...

Մայիսը հայության հաղթանակների ամիսն է: Մայիսի 9-ը եռատոնի օր է: Մենք հաղթել ենք, որովհետեւ... Այս եւ նման խորագրերի պակաս չկա: Եռում է նաեւ ֆեյսբուքը, որտեղ գրառումների մի մասը հաղթական բաժակաճառ է, մյուսը՝ սպառնալիքներ աշխարհի բոլոր թուրքերի հասցեին: «Ամենամեծ հաղթանակը կլինի անամպ երկինքը»,- գրել էր մի օգտատեր: Եւ նա ամենաճշմարիտն է ասում: Եթե չկա խաղաղություն, ապա էլ ի՞նչ հաղթանակ: Իսկ խաղաղություն դեռ չի հաստատվել:

Ստացվում է, որ չենք հաղթել, որովհետեւ Ադրբեջանը չի պարտվել: Մի մեկնաբան մանվածապատ դատողություններ է անում 1994 թ. զինադադարի մասին: Անցել է 23 տարի, եւ իմաստ չունի վերստին ծամծմել, թե «կարելի էր ավելի առաջ շարժվել»: Եթե կարելի լիներ, կշարժվեինք, եւ ոչ ոք չէր կանգնեցնի հայկական բանակի հաղթարշավը: Ուրեմն կարելի չէր կամ այդ կարելին հետո կարող էր անկարելի իրավիճակ դառնալ եւ փոշիացնել ամեն ինչ: Ինչպես որ մի ժամանակ հայկական բանակը կռվում էր Էրզրումում, բայց հետո նահանջեց մինչեւ Երեւանի մատույցներ: Պատերազմում հաղթում են հզոր կոալիցիաները, եւ պարտվողը հաշտվում է նրանց սահմանած աշխարհակարգի հետ:

Երկու ժողովուրդների պատերազմում հաղթող եւ պարտվող չի կարող լինել: Ժողովրդին գլխովին չես ոչնչացնի, ոչ էլ նրան կպարտադրես պատմության եւ ապագայի քո ընկալումը: Ժողովուրդները դատապարտված են հանդուրժելու միմյանց գոյությունը: Ու, երեւի, ժամանակն է թոթափելու պատրանքների բեռը: Իրականությունը զորեղ է: Եւ պատմությունն արձանագրել է փաստը՝ մուսավաթական Ադրբեջանի պառլամենտում հայ պատգամավորներ, կառավարությունում ՀՅԴ անդամ նախարարներ են աշխատել, իսկ հայ ժողովրդի դահիճ Էնվերի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին հաց է մատակարարել: Եւ Հայաստանի պատվիրակությունը Կոստանդնուպոլսում 1918 թ. բանակցություններ է վարել երիտթուրքական կառավարության հետ: Եւ իմանալ, որ եթե այդպես չլիներ, Թուրքիան Հայաստանը չէր ճանաչի, եւ ամեն ինչ այդպես էլ կավարտվեր: Ասում են՝ պատմությունը հաճախ կրկնվում է, բայց արդեն... որպես ֆարս: Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրն է եւ հայոց պատմության որեւէ այլ իրադարձության հետ չի աղերսվում:

Շուշիի ազատագրումը լեռներում «հարսանիք» չէ: Մենք, ցավոք, ժամանակի հետ ավելի ենք տրվում «Արցախն՝ Ավարայր» ձեւակերպմանը, եւ ոչ միայն մեղք գործում իրականության հանդեպ, այլեւ ապագա սերունդներին զրկում պատմությունը որպես ամբողջականություն դիտելու հնարավորությունից, որովհետեւ մենք Ավարայրում սարսափելի պարտություն ենք կրել, երբ պարսից փղերի ոտքերի տակ տրորվել է հայ ազնվականությունը: Շուշին դառնալու էր նոր դարաշրջանի սիմվոլ, բայց վերածվեց բաժակաճառի: Եւ ինչպես խառնակություն է տիրում խնջույքի սեղանին, երբ անհաշիվ կարմիր գինի է հորդում, այդպես էլ այսօրվա Շուշին է, որտեղ պատերազմի հետքերը եւ հայ բուրժուազիայի վարքը սյուրռեալիստական պատկերների շարք են կազմում: Հին Շուշին երկու մուտք է ունեցել՝ Գանձակի եւ Երեւանյան դարպասներ: Ռուսական տիրապետության դարաշրջանում այդ անվանումները մոռացվել են: Երեւանյան դարպասների տեղում ռուսները կառուցել են իրենց «զաստավը»:

Հին շուշեցիները մինչեւ վերջերս տեղանքը կոչում էին այդպես: Շուշիի ազատագրումից անցել է քառորդ դար: Վերանորոգված Ղազանչեցոց եկեղեցուց բացի՝ ի՞նչ սիմվոլ ունի այսօրվա Շուշին: Իսկ եթե Շուշին ինքը պիտի դառնա սիմվոլ, ապա ինչի՞ եւ ե՞րբ: Եթե հաղթել ենք, ուրեմն Ադրբեջանը պարտվել է: Բայց եթե դեռ չկա խաղաղություն, էլ ի՞նչ հաղթանակ: Եւ գուցե դրանի՞ց է Շուշիի սիմվոլիկան սյուրռեալիստական...