10.05.2017 13:40

Առաքել Թավրիզյան. Մինչեւ վերջ՝ քինախնդիր

Առաքել Թավրիզյան. Մինչեւ վերջ՝ քինախնդիր

Անկախ Հայաստանի պետական լրջագույն կառույցներից մեկը Լեզվի տեսչությունն էր, որ ոչ միայն վերահսկող, այլեւ գիտական եւ կանոնակարգող ֆունկցիաներ էր իրականացնում՝ որոշակիորեն կատարելով նաեւ խորհրդային ժամանակների Տերմինաբանական կոմիտեի դերը: 1998 թվականից հետո Լեզվի պետական տեսչությունը, որպես ինքնուրույն կառույց՝ լուծարվեց եւ դրվեց կրթության նախարարության ենթակայության տակ: Այսօր որոշված է, որ այդ ձեւով էլ կառույցն «անօգտակար է» եւ պետք է առհասարակ կազմաքանդվի:

Գործադիր իշխանության կառուցվածքում հարյուրավոր, շատ հաճախ իրար կրկնօրինակող եւ կոռուպցիայի մեջ թաթախված ստորաբաժանումներ ունեցող երկրում, պարզվում է, բյուջեի համար բեռ է Լեզվի պետական տեսչությունը, թերեւս՝ միակ մարմինը, որ հիշեցնում է Հայաստանի անկախության, իրական ինքնիշխանության ժամանակների մասին, երբ պառլամենտում եւ գործադիր իշխանության մարմիններում հարգի էր գրական հայերենը, եւ պաշտոնյաները ենթարկվում էին Հանրապետության նախագահի խոսքի կուլտուրային:

Հայաստանի ներկայիս իշխանության համար Լեզվի պետական տեսչությունը միայն իր գոյությամբ սեփական թերարժեքության բացահայտիչն է, ուստի որոշել են ազատվել նրանից: Չկա այդ կառույցը, չկա նաեւ պետական լեզվի նկատմամբ հարգանքի, պաշտոնական պատասխանատվության եւ պարզապես կրթվածության խնդիր: Պետական համակարգը, որտեղ պառլամենտի ամբիոնից հայհոյախոսություն է հնչում եւ պարսավանքի չի արժանանում, իհարկե, չպիտի հանդուրժի Լեզվի պետական տեսչության գոյությունը, որի դերը վերջին երկու տասնամյակում առանց այդ էլ հասցված էր նվազագույնի:

Այդքան քինախնդիր միայն թերուս իշխանությունը կարող է լինել: Եւ նա լիովին արդարացնում է իր հանդեպ մտավորական Հայաստանի անվստահությունը: Հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Երեւի կանցնեն խորհրդային Հայաստանի հիմնի վերականգնմանը: Այն, ինչ չկարողացավ մինչեւ վերջ անել Ռոբերտ Քոչարյանը, ավարտին կհասցվի առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրին համահունչ...