10.05.2017 14:39

Վահան Թումանյան. Որպեսզի «մաս» չդառնաս...

Վահան Թումանյան. Որպեսզի «մաս» չդառնաս...

«Հայաստանը դառնում է Ռուսաստանի քաղաքականության մաս, սա է վտանգավորը»,- ահազանգում է քաղաքագետը: Իսկ առիթը ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունն է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար պատրաստ են նաեւ Տաջիկստանում, Ղրղզստանում եւ Հայաստանում ռուսական ռազմաբազաները: Գուցե չարժե Լավրովի ասածը ընդունել ուղղակի իմաստով: Բայց եւ չի կարելի բացառել  այն իրավիճակը, երբ դա կարող է շատ հավանական դառնալ կամ նույնիսկ՝ իրական:

Պետք է նկատի ունենալ, որ դա ասվել է Պուտին-Էրդողան հանդիպումից հետո: Ու երեւի կարիք է զգացվել, որ Լավրովը հասկանալ տա, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան ոչ այնքան Թուրքիային զսպող, որքան  ԻԼԻՊ-ի դեմ ուղղված ուժ է: Այս կոնտեքստում լրիվ հասկանալի է որոշակի շրջանակների տագնապը:

Բայց աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, եւ ռուսները ժամանակին են հասկացրել, որ չի կարելի լինել անվտանգության մի համակարգում, բայց ձգտել դեպի քաղաքակրթական այլ միջավայր: Ասել են, երբ Հայաստանը Եվրամիության հետ ասոցացման շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին էր խոսում: Հետեւեց սեպտեմբերի 3-ի «գիշերային» որոշումը, որի տրամաբանության մեջ է նաեւ ռուս-հայկական համատեղ զորամիավորման ստեղծումը:

Հիմա ի՞նչ, Ռուսաստանը պիտի Հայաստանին «Իսկանդեր» մատակարարի, բայց Հայաստանում իր ռազմաբազան չներառնի՞ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Պետք է մի կողմ թողնի իր շահը եւ սպասարկի Հայաստանի՞ շահը: Այդպես չի լինում նույնիսկ «դեմոկրատական» ԱՄՆ պարագայում, որը դաշնակիցների տարածքում ռազմաբազաներ օգտագործելիս ամենեւին էլ չի մտահոգվում, որ նրանք կարող են միջազգային ահաբեկչության թիրախ դառնալ:

Որպեսզի Հայաստանը չդառնա Ռուսաստանի քաղաքականության «մաս», չպետք է ունենանք «Իսկանդերի», «Սմերչի» կամ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու եւ մեր օդային տարածքը ռուսական C 300-ով փակելու կարիք: Որպեսզի կարիք չունենանք, չպետք է խոսենք եւս մեկ հաղթական պատերազմի մասին: Որպեսզի չխոսենք, որ պատրաստ եւ ունակ ենք խորտակել Բաքուն, հարկավոր է ոչմիթիզականությունը չհռչակել միակ ճիշտ լուծում...

Ասել է թե՝ իդեա ֆիքս չդարձնենք 1992-94 թվերի ստատուս-քվոն եւ չկառչենք այն «հավերժացնելու» գաղափարից: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղում երաշխավորված խաղաղության հաստատումը, բնականաբար, Հայաստանին լիովին չի ապահովագրի գալիք մարտահրավերներից, բայց այդ դեպքում գոնե քաղաքականության «մաս» դառնալու ավելի մանեւրային միջավայր կունենանք: