10.05.2017 15:53

Լիզա Ճաղարյան. «Տակ-տակ հիշատակ, այս փառավոր լույսի տակ...»

Լիզա Ճաղարյան. «Տակ-տակ հիշատակ, այս փառավոր լույսի տակ...»

Քաղաքը քաղաքապետ է ընտրելու։

Քաղաքը սովորական քաղաք չէ, մա՛յրաքաղաք է։

Այս մայրաքաղաքի բնակիչը մի քանի օր հետո տնից դուրս է գալու, գնալու է ընտրատեղամաս, վերցնելու է քվեաթերթիկը, մոտենալու է քվեախցիկին, քվեաթերթիկը դնելու սեղանին, գրիչը վերցնելու է ու...

Այստեղից սկսվում է տրագիֆարսը։

Ու՞մ ընտրել։

Եթե գիտես, գիտակցում ես, որ մայրաքաղաքը պետության սիրտն է, ու այդ սրտի զարկերով է պայմանավորված ողջ պետության կենսունակությունը։

Եթե Հանրապետական կուսակցությունից չես։

Եթե «Ելք» դաշինքից չես։

Եթե «Երկիր ծիրանի» կուսակցությունից չես։

Եթե ընտրակաշառակեր չես։

Եթե թալանչի չես։

Եթե երեսպաշտ չես։

Եթե ծալապակաս չես։

Սովորական, շարքային քաղաքացի ես, Երեւանի բնակիչ ես, արտագաղթելու նպատակ չունես, սկզբունքներիցդ հրաժարվելու միտք չունես։

Ու կանգնած ես քվեախցիկում, դիմացդ քվեաթերթիկն է, ձեռքիդ էլ՝ գրիչը։

Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանին չես ընտրի ոչ մի դեպքում, որովհետեւ վաղուց գիտես, որ իր կուտակած անծայրածիր հարստությունը ապուպապից ժառանգություն չի ստացել, ուրեմն՝ ինձանից ու իմ զավակից, քեզանից ու քո զավակից, նրանից ու նրա զավակից է գողացել։ Գումարած՝ մի կուսակցության անդամ է, որն արդեն քսան տարի է բզկտում ու ծվատում է այն պետությունը, որից արտագաղթելու մտադրություն չունես։

Տարոնին «ծալեցինք», դրեցինք մի կողմ։

Հաջորդը «Ելք»-ն է։ Այս դաշինքի առաջնորդներից մեկը ժամանակին հայտարարեց, որ երկիրը կարող է փրկել քաղաքացիական ինստիտուցիոնալ պայքարով՝ առանց որեւէ առաջնորդի։ Խոստացավ քսան տարի հետո ողջ ազգին «ինստիտուտավարտ» դարձնել։ Հետո մի օր էլ արթնացավ (քսան տարին դեռ յոթ սարերի հետեւում էր) ու որոշեց քաղաքացիներին կուսակցական դարձնել։ Որոշ քաղաքացիներ դարձան։ Իրենք երեւի ինստիտուտը «դասռոչնի» էին ավարտել, Հրանտի Աղունի ասած՝ «ունթյունակ» էին։ Առաջին կուրսում տեղում դոփողներս զարմացանք, բայց չզայրացանք։ Արդեն գիտեինք՝ ում հետ գործ ունենք։ Ինքն, իհարկե, շարունակում էր պնդել, որ այդ կուսակցության առաջնորդը չէ, բայց մենք չէինք հավատում, որովհետեւ, արդեն ասացի՝ գիտեինք, թե ում հետ գործ ունենք։ Հետո ինքը պնդում էր, որ փողոցային պայքարը մերժում է, որովհետեւ ինքը չի ուզում հասարակությանը հույս տալ, խաբել ու վերջում պարտություն մատուցել նրան։ Կարճ ասած՝ շարունակում էինք ինստիտուտում սովորել։

Մեկ էլ որտեղից որտեղ «Սասնա ծռերը» եկան ու ՊՊԾ-ն գրավեցին։ Զինված։ Այսինքն՝ այս մարդիկ համարում էին, որ միակ ելքը զինված պայքարն է։ Ու մեկ էլ փողոցային պայքարի դեմ մոլեգին ելույթներ ունեցող եւ պայքարի իր նախկին ընկերներին (փողոցում պայքարելու ու չհաղթելու համար) ցեխը մտցնող ու այնտեղից չհանող ինստիտուտի համեստ ռեկտորը հայտնվեց զինված պայքարի կողմնակիցների բողոքի ցույցերի կիզակետում։ Երեւի մտադիր էր հաղթանակ մատուցել ինստիտուտի առաջին կուրսի ուսանողներին, բայց կիզակետում էլի մարդիկ կային, որոնք ոնց որ թե գիտեին, թե այս ռեկտորն ով է, ու հասկացրին, որ իրենք այլ ինստիտուտի ուսանողներ են ու սույն ռեկտորից դիպլոմ չեն ակնկալում։

Դե՝ չեք ուզում, հեչ էլ ուզեք։ Ռեկտորը վերհիշեց, որ փողոցային պայքարը վաղաժամ է, հիշեց նաեւ, որ ա՛յլ ուժի փողոցային պայքարին մասնակցելու շնորհիվ պատգամավորական մանդատի տեր դառնալու ժամկետն ավարտվելու վրա է, խորապես գիտակցեց, որ ինքն այլեւս ի վիճակի չէ առանց մանդատի ապրելու, եւ ինստիտուտ-մինստիտուտ մոռացած՝ նետվեց մանդատակռվի հորձանուտը։ Ինը մանդատի տեր դարձավ երկու այլ կուսակցությունների հետ ուս-ուսի, որոնցից մեկի առաջնորդի մասին հասցրել էր հրապարակավ հայտարարել, որ նա իշխանության «հաճախորդն» է։ Ու քանի որ ինը մանդատի տեր դարձավ, խայտառակ ընտրությունները նրա լուսապայծառ հայացքի առջեւ «արդար» պար բռնեցին, եւ ռեկտորը սկսեց հեգնել նրանց, ովքեր շարունակում էին պնդել, որ ընտրությունները նույնքան խայտառակ էին, որքան հանրապետականների օրոք ընթացած բոլոր ընտրությունները։

Քանի որ ոչ միայն ռեկտորն էր բարեհաջող կերպով մոռացել քսան տարում ազգին ինստիտուտավարտ դարձնելու մասին, մոռացել էին նաեւ նրա համակիրները, արձանագրվեց, որ Ելքը շռնդալից հաղթանակ է տարել ԱԺ ընտրություններում, եւ ինը հոգով խորհրդարանում հաղթական երթ են սկսելու ու այլեւս հասարակությանը չեն խաբելու (պայքարի իր նախկին ընկերների պես), մտածեց՝ շռնդալիցը շռնդալից, իսկ ինչու՞ չդառնամ Երեւանի քաղաքապետ։ Ու քանի որ ցավալի է, բայց փաստ՝ հանրապետական իր հակառակորդը ազգիս «ազիզ բալեքից» մեկն է, մտածեց՝ ո՞նց հաղթի Տարոնին, ու որոշեց՝ տո՛, դու քո գրպանից տասը հազար դրամ ընտրակաշառք ես խոստանում, ես էլ մայրաքաղաքի բյուջեից տասնհինգ հազար կխոստանամ, կարող ա՞ պատահի՝ քեզանից պակաս տղա եմ, մոռացե՞լ ես՝ ինչ կենսագրություն ունեմ։

Ու խոստացավ։

Ու ես, որ թալանչի չեմ, գող չեմ, ընտրակաշառակեր չեմ, գրիչը ձեռքիս կանգնած եմ քվեախցիկում։

Ու՞մ ընտրել։

Ելքականներին էլ եմ «ծալում», դնում մի կողմ։ Եթե հանրապետականներն իշխանության հասնելուց հետո են իրենց իրական դեմքը ցուցադրել, սրանք մինչ իշխանություն դառնալն են ցուցադրում, ընտրեմ, որ ի՞նչ լինի։ Որ տեսնեմ՝ իմ ընտրած թեկնածուն ինչպե՞ս է աչքիս առաջ բացում ժամանակ առ ժամանակ ժայթքող իր բռնապետական ծալքերը։

Մնաց «Երկիր ծիրանին»։ Ուրախ կուսակցություն է։ Նայում ես, լսում ես ու մտածում՝ տիկինը չի խաբում, խոստանում է այնպիսի բաներ, որոնք էն գլխից գիտենք, որ հնարավոր չէ իրականացնել։ Ուրեմն՝ չի խաբում։ Ծանր, դժնդակ ժամանակներ ենք ապրում, ինքն էլ բազմազավակ մայր է, մոր ջերմ սիրտ ունի, տեսնում է, որ հալներս հալ չի, սիրուն հեքիաթներ է պատմում, որ չգժվենք։

Հենց գժվեմ՝ «Երկիր ծիրանի»-ին եմ ընտրելու։

Եթե չգժվեմ, քվեաթերթիկի վրա նկարելու եմ Մասիս սարը, մեկ էլ մի ծիտիկ՝ բերնումը «պիսմո», վրան գրած.

«Տակ-տակ հիշատակ,

Այս փառավոր լույսի տակ

Քեզ գրում եմ հիշատակ,

Հիշատակս անգին է,

Կարդացողը չնչին է»։