11.05.2017 14:16

Արսեն Գրիգորյան. Ապուշության հարկ

Արսեն Գրիգորյան. Ապուշության հարկ

Մեր պետական պաշտոնյաները պետք է ապուշության հարկ վճարեն: Դրանից հետո նրանք ազատ են անելու այն, ինչ ուզում են:

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը երկու օր առաջ ասում է՝ Եռատոնի օրը եկեք ազատամարտիկների սոցիալական խնդիրներից չխոսենք: Հավանաբար՝ այդ մասին պետք էր խոսել ապրիլի 7-ին կամ հուլիսի 21-ին՝ Հանքափորի օրը: Խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողի հարցին, թե ո՞ր հանձնաժողովում կաշխատեր նոր խորհրդարանում, ասում է՝ ֆիզկուլտուրայի եւ սպորտի: Մեկ այլ փոխնախագահ՝ Էդուարդ Շարմազանովը, վստահեցնում է՝ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել, որովհետեւ վերցնող էլ չկա:

Ի՞նչ է ապուշության հարկը: Դա պետական փորձանքի ինդուլգենցիան է: Դա հարկ է, որ քեզ՝ պետական ծառայողին,  ազատում է հոդաբաշխ գոյությունից, պատասխանատվությունից եւ մտքից: Այդ հարկը Սահմանադրության մեջ ավելորդ խութեր չթողնելու պետության բնական պարտքն է, որպեսզի բյուջեն ինքն էլ «հասկանա», որ ոչ մի ենթադրելի հարկ իր ճիրաններից դուրս չի մնացել:

Հայտնի է, որ ապուշությունը տարբերվում է զառամախտից: Ապուշությունն ի բնե է: Զառամախտը ձեռք են բերում տարիքի բերումով: Այն հիմնականում ծերունական է եւ բնորոշ էր, ասենք, խորհրդային ղեկավարներին: Ապուշությունը տարիք չի ճանաչում: Դու ազատ ես անադեկվատ լինել ցանկացած տարիքում: Ամենակարեւորը՝ ապուշին ոչնչում մեղադրել չես կարող: Բառացի այն նշանակում է անուշադիր, ցրված: Հետեւաբար, ինքնին վիրավորանք դրա մեջ չկա: Մերոնք մի քիչ ավելի հեռու են գնացել, բայց զուտ էթիկայի պատճառով հարկը պետք է լինի ապուշության եւ ոչ թե զառամախտի: Նոր Սահմանադրությունը չի արգելում ապուշ լինել նույնիսկ պետություն առաջին դեմքին, տողատակերում նույնիսկ խրախուսանք կա: Զառամախտին էլ չի խանգարում: Բայց նոր խորհրդարանը հաստատ զառամախտով տառապող մարդ չի ղեկավարի: Կառավարությունը՝ չգիտեմ: Նոր խորհրդարանն այդ իմաստով շահեկանորեն կտարբերվի Սահմանադրական դատարանից, որտեղ զառամախտով տառապողների պակաս չկա:

Ապուշության հարկ սահմանելով՝ պետությունն ընդունում է ապուշի՝ մեզանից ավելին լինելու  սահմանադրականությունը: Ապուշության հարկն ի վերջո փաստում է, ասենք, լրագրողի եւ խորհրդարանի պատգամավորի բնական անհավասարությունը, որտեղ պատգամավորը բնական մեծություն է: Եվ վարչապետն էլ, ասենք, բնական իրավունքի շրջանակներում կարող է իր ստնտուին՝ վարկերի տակ կքած եւ խելքի չեկող գյուղացուն ասել՝ քեզ խելոք պահիր: Հետեւաբար՝ ապուշության հարկն անհրաժեշտ է պետական պաշտոնյային սովորական քաղաքացուց տարանջատելու համար, որպեսզի արդեն Սահմանադրությամբ քաղաքացին ունենա այն համոզմունքը, որ Էդուարդ Շարմազանովը իրեն՝ քաղաքացուն, ապուշի տեղ չի դնում՝ ասելով, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի տալիս: Որ քաղաքացին էլ չպոռթկա՝ երիտասարդ, ապուշը դու ես, ու դեռ ձեռքն էլ արտահերթ տանի ծխախոտին, որի կարիքն այդ պահին չկար:

Այդ հարկը պետք է մուծեն բացառապես բոլոր պետական պաշտոնյաները, դիցուք, Երեւանի քաղապետ Տարոն Մարգարյանը, որը ավագանու քարոզարշավի ժամանակ իրեն հարց ուղղող լրագրողներին հակադարձում է՝ թողեք շփվեմ քաղաքացիների հետ, հազիվ առիթ է: Այսպիսի խոսք ասողը ապուշության հարկը պետք է մուծի գերավճարով, որովհետեւ քաղաքացու հետ նրա շփումը ընտրությունների առիթով չպետք է լիներ: Կամ՝ լրագրողներից դեպի վերելակ փախչող, ՍԱՍ-ից պատգամավոր «ընտրված» Արտակ Սարգսյանն արդեն վերելակի մեջ մեն-մենակ դեռ ներքեւ իջնող կոճակը չսեղմած իրեն հարցեր ուղղող լրագրողներին ասում է՝ ճանապարհ կտա՞ք: Վերելակի մեջ է, պետք է ներքեւ իջնի, այսինքն, մինչեւ չիջնի, վերելակից դուրս չի գա... Ուրեմն, ապուշության հարկն անխուսափելի է: Օդն ինքն է բղավում այդ հարկի անխուսափելիության մասին: Արտակ Սարգսյանի նման պետական ծառայող ունեցող պետությանն, իհարկե, ապուշության հարկն էլ չի փրկի:

Դե իսկ իշխանական վերնախավի բազմաթիվ այլ «բոցերը» հերիք են, որ ապուշության հարկը մեր Սահմանադրության մեջ մտնի ոչ միայն պետական ապարատում ապուշության բնական իրավունքի, այլեւ Վենետիկի հանձնաժողովի, ՄԻԵԴ-ի, Հաագայի դատարանի եւ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջով: Եվ ի վերջո, ապուշության հարկը փոքրիկ հնարավորություն է պետական ապարատում կոռուպցիայի աննախադեպ ծավալներից բյուջեն սնելու համար: