12.05.2017 15:39

Առաքել Թավրիզյան. Մահ կամ կոալիցիա

Առաքել Թավրիզյան. Մահ կամ կոալիցիա

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը, որի մասին այդքան երկար խոսվում էր, ստորագրված է: Դաշնակցությունը իշխանության հետ «ամուսնանում է» արդեն հինգերորդ անգամ: Կարելի է ասել, որ նրանք միմյանց լավ են ճանաչում: Հարց է, թե դրանից ի՞նչ է շահում երկիրը: Շուտով կլրանա քսան տարին, որ Դաշնակցությունը Հայաստանում իշխանության մաս է, բայց կյանքը գնալով ավելի է վատանում, ավելի սպառնալի են դառնում արտաքին մարտահրավերները:

Կոալիցիոն մեմորանդումի նպատակները շարադրված են խիստ անորոշ: Առանձնակի մտահոգության տեղիք է տալիս «Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման» մասին դրույթը: Պառլամենտական ընտրությունների ծրագրում Դաշնակցությունը Ղարաբաղի հարցը համարել է Հայ դատի մաս: Իր տեղում առիթ ենք ունեցել ասելու, որ դա նշանակում է մի բան՝ ՀՅԴ-ն Ղարաբաղի հարցի լուծման կողմնակից չէ: Կոալիցիոն մեմորանդումը ավելի է ամրապնդում մեր տեսակետը:

Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը դիտարկել փոխկապակցվածության մեջ՝ նշանակում է Հայաստանը նույնպես համարել կոնֆլիկտային երկիր: Անկասկած, միջազգային փորձագետները լուրջ ուշադրություն են դարձնելու կոալիցիոն գործընկերների արտաքին քաղաքական այս նոր «դոկտրինին»: Արվելու են համապատասխան եզրակացություններ, որոնք Հայաստանի համար նպաստավոր չեն լինելու:

Բայց մենք ելնում ենք կոալիցիոն գործընկերների քաղաքական պարկեշտության կանխավարկածից: Գործնականում կոալիցիոն հուշագրում ինչ է գրված՝ որեւէ նշանակություն, երեւի, չունի: ՀՀԿ-ին այդ կոալիցիան պետք է, որպեսզի ներկայանա քաղաքակիրթ դեմքով: ՀՅԴ-ն կոալիցիա է կազմում նախարարական մի քանի պորտֆելի եւ այլ պաշտոնների տիրանալու համար, սակայն իշխող ուժի նկատմամբ կասկածանքներն այնքան ուժեղ են, որ մեմորանդումի առանձին կետով սահմանվել է վերսահմանադրական մարմնի՝ կոալիցիոն խորհրդի ստեղծման գաղափարը:

Հայաստանում, այսպիսով, ստեղծվում է ՀՀԿ-ՀՅԴ կազմից «պոլիտբյուրո», որը պետք է քննության առնի պետության համար կարեւորագույն հարցեր, ընդունի որոշումներ եւ համապատասխան «դիրեկտիվ իջեցնի» կառավարությանը, պառլամենտին: Ահա թե ուր է հասցնում առանձին վերցրած մեկ կուսակցության սրված իշխանատենչությունը: ՀՅԴ-ն «Մահ կամ ազատություն» կարգախոսը փոխարինել է «Մահ կամ կոալիցիա» էգոիզմով: Դա կարող է չափազանց հեռուն տանել, եւ մի օր էլ Հայաստանում ձեւավորվի նոր Բյուրո կառավարություն: 1920թ. մայիսի 4-ին կազմավորված Բյուրո կառավարությունը դեկտեմբերի 2-ին ստորագրեց Հայաստանի անկախության կործանման ակտը: Մի՞թե այսօր փաստացի Բյուրո իշխանություն է ստեղծվում, որպեսզի... Թե չէ ինչու՞ են Հայաստանի եւ Ղարաբաղի «անվտանգության ապահովման» խնդիր դրել...