12.05.2017 16:35

Լիզա Ճաղարյան. Մութուցուրտ ելք

Լիզա Ճաղարյան. Մութուցուրտ ելք

«Ելք»-ի երեկվա հանրահավաքի հռետոր(ուհի)ներից մեկը Հայաստանի նորագույն պատմության պատերազմի եւ հաղթանակի տարիներն անվանեց «մութուցուրտ տարիներ»։

Որքան էլ վերաբերմունքս դրական չէ այս քաղաքական դաշինքի նկատմամբ, բայց աղոտ հույս ունեի, որ հաջորդ հռետորները «կխմբագրեն» բոցաշունչ այս տիկնոջ շարադրության տեքստը։ Իսկ հույս ունեի ոչ թե այն պատճառով, որ հավատում էի հարթակին կանգնածների անաչառությանը կամ հիշողության «երկարությանը», այլ մտածում էի՝ գեթ մի կաթիլ հարգանք կունենան նույն հարթակում իրենց կողքը կանգնած Վազգեն Սարգսյանի եղբայր Արամի եւ ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի նկատմամբ։

Հույսս չարդարացավ։ Ոչ կուսակից-դաշնակիցներն անհանգստության նշաններ ցույց տվեցին, ոչ էլ նույնիսկ՝ Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը։

2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման առաջամարտիկներից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի մասին էլ դե՛ չասեմ. այս մարդն իր երեկվա ասածի տերը չէ, ինչ մնաց՝ տարիներ առաջվա։

Չմոռանանք. «մութուցուրտ տարիներ» բնորոշումը «պետական կարգավիճակ» ստացավ Քոչարյան Ռոբերտի օրոք եւ հաջողությամբ արմատացավ հետագայում՝ իշխող կուսակցության եւ նրա կամակատար հեռուստաընկերությունների ու մանրումեծ լրատվամիջոցների ջանքերով։ Ու շարունակվում է մինչ օրս՝ «ազգ-բանակ» հայեցակարգի եւ «ոչ մի թիզ թշնամուն» հերոսական լույսի ներքո։ Մնաց հասկանանք՝ ո՞նց են պատրաստվում ազգին աննկուն բանակ դարձնել ու «ոչմիթիզը» պաշտպանել անկախ Հայաստանի պատմության ընթացքում միակ շոշափելի հաղթանակը «մութուցուրտի» մամլիչով ճզմողները։

Սա՝ ի միջի այլոց։

Դառնանք օրվա թեմային՝ մայրաքաղաքային իշխանության ձեւավորման համար մղվող պայքարին։ Խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ ճանաչած «Ելք» դաշինքն այժմ անզիջում պայքար է մղում ընտրախախտումների դեմ։ Նույն իշխանությունն է նրանց հակառակորդը։ Հենց այն նու՛յն իշխանությունը, որը նախորդ ընտրություններն անցկացրեց, ըստ «Ելք»-ի, առանց էական խախտումների, եւ «Ելք»-ն ստացավ իր արդար, մաքուր ու զուլալ ինը քվեն։ Այս կարճ ժամանակում ի՞նչ փոխվեց, որ այս քաղաքական ուժը հանկարծ հավատը կորցրեց արդար ընտրություններ ապահովող Հանրապետականի նկատմամբ։

Իրենք կիմանան։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը մի արտահայտություն արեց, ըստ որի՝ քանի դեռ իրենց թվարկած խնդիրները վերացված չեն, ընտրությունները չեն կարող արդար լինել, եւ նրա կողքը կանգնած կուսակից-դաշնակիցներն անհանգիստ շարժումներ արեցին, ինչն այսպես կարելի է «թարգմանել»՝ շատ չոգեւորվի՞ մեր էմոցիոնալ լիդերը, հո չի՞ մոռացել, որ ասել ենք՝ նախորդ ընտրություններն արդար էին։

Չէ, չէր մոռացել, թեթեւ սայթաքում էր, կմոռացվի-կգնա։

Այնքան բան է մոռացվել ու մոռացվում։ Վաղը նույնիսկ կմոռացվի Նիկոլենց ընտրակաշառքի մասին խոստումը։ Որովհետեւ ահա այս պահին նույն Նիկոլենք պայքարում են Տարոնենց ձեռնարկած ընտրակաշառքի դեմ։

Խառն են ջահելները։ Իրենց հաշվարկներով եւ ըստ «բարի ու գեղեցիկ ավանդույթի»՝ հանրապետականները պետք է տասըհազարական դրամ ընտրակաշառք բաժանեին, իրենք խոստացան տասնհինգ հազար, ու մեկ էլ՝ ա՛յ քեզ խայտառակություն, պարզվեց՝ Տարոնենք քսան հազարական են բաժանում։ Հիմա կամ Նիկոլենք պետք է քսանհինգհազարական խոստանան, ինչը նույնպես ելք չէ, քանի որ Տարոնենց ձեռքը քարի տակ չի, նրանք էլ կսկսեն երեսուն հազար բաժանել, իսկ եթե Նիկոլենք երեսունհազարական խոստանան, Տարոնենք կբաժանեն քառասունհազարական...

Չէ, սա էլ ելք չէ։ Ժամանակը կարճ է, նոր ելք պետք է մտածել։

Նիկոլենք պրպտուն միտք ունեն, մի բան կհորինեն։

Նույնքան «օրինակա՞ն» կլինի, որքան ընտրակաշառքի խոստումն էր, թե մի քիչ ավելի կամ պակաս։

Օրենքի հերն էլ անիծած։

Գերխնդիրն ընտրվելն է։