12.05.2017 20:30

ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ հավասարապես ստանձնել է կառավարության գործունեության ՈՂՋ պատասխանատվությունը

ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ հավասարապես ստանձնել է կառավարության գործունեության ՈՂՋ պատասխանատվությունը

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

«Եթե ՀՀԿ-ի առաջնորդությամբ կազմված նախորդ բոլոր կոալիցիոն հուշագրերում խոսվում էր զուտ «պատասխանատվության» մասին, ապա երեկ կնքված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցոն հուշագրում արդեն խոսվում է ամբողջական պատասխանատվության մասին:

Երբ պնդումներ էին հնչում, որ ՀՅԴ-ն, որպես կոալիցիոն անդամ, պատասխանատու է Արցախի հարցում իշխանությունների իրականացրած քաղաքականության համար, ՀՅԴ ներկայացուցիչները լուրջ դեմքերով հակդարձում էին, թե, իբր, ՀՅԴ-ն ոչ միայն պատասխանատու չի, այլև` չի ընդունում «Մադրիդյան սկզբունքները»: Նույնիսկ հայտարարում էին, թե, իբր, անկախ ՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիայից, ՀՅԴ-ն պատասխանատու է միայն սեփական ենթակայության տակ գտնվող նախարարությունների գործունեության համար: Ինչևէ:

Այսօրվա կոալիցոն հուշագրի տեքստում բառացի գրված է հետևյալը` ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն «ձևավորում են քաղաքական կոալիցիա և քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ՈՂՋ գործունեության համար»: Այսինքն` այս հուշագրում արդեն տարընթերցումների խնդիր բացարձակապես գոյություն չունի, և ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ հավասարապես ստանձնել է կառավարության գործունեության ՈՂՋ պատասխանատվությունը: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ նոր Սահմանադրության համաձայն ՀՀ-ն դարձել է խորհրդարանական երկիր, ապա ներկայիս հուշագրում տեղ գտած տվյալ դրույթի էությունը ավելի պարզորոշ է դառնում:

Բացի այս, հուշագրում նաև կարդում ենք հետևյալ տողերը` «Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են [...] հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ»*: Այսինքն` ըստ այս դրույթի, եթե, օրինակ ՀՀԿ-ական ինչ-որ պաշտոնյա ապօրինի գործունեություն է ծավալում, չարաշահումներ է անում, կամ ոչ հարիր վարք է դրսևորում, ապա ՀՅԴ-ն ևս պատասխանատվություն է կրում տվյալ պաշտոնատար անձի գործունեության համար»: