13.05.2017 11:08

Վահան Թումանյան. Եռաստիճան սուտ

Վահան Թումանյան. Եռաստիճան սուտ

Ղարաբաղի քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը համարում է, որ ԼՂ-ի համար պետք է ստեղծվի անվտանգության եռաստիճան համակարգ: 

Նրա կարծիքով, դա ուժեղ Ղարաբաղն է, նրա թիկունքին կանգնած Հայստանը եւ ռեգիոնալ բարենսպաստ կոնյունկտուրան: Երեւում է, նրան հասու չէ ժողովրդական խոսքը, որ Աստված երկու երանի չի տալիս, թե չէ կբավարարվեր գոնե Հայաստան-Ղարաբաղ ռազմական ալյանսի մասին դատողություններով:
Այս ֆանտասմագորիային ուշադրություն չէինք դարձնի, եթե Բորիս Առուշանյանը չտար առիթը: Խոսելով 1992 թվականի ամռանը Հռոմում Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ ղարաբաղյան պատվիրակության գործունեությունից, նա եռաստիճան ստախոսություն է արել: Ըստ Առուշանյանի, մինչեւ Հռոմ ճանապարհվելը նրան ընդունել է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ասել, որ «պետք է զիջողական լինել»: Հռոմում Հայաստանի պատվիրակության հետ հանդիպմանը Բորիս Առուշանյանը տեղեկացել է, որ «քննարկվում է ղարաբաղյան ուժերը Շուշիից եւ Լաչինից դուրս բերելու հարցը», իրեն առաջարկվել է «ստորագրել այդ փաստաթուղթը», բայց ինքը զայրացել է եւ ասել, որ թշնամին գրավել է Մարտակերտը, իսկ «դուք խոսում եք Շուշիից եւ Լաչինից զորքերը հեռացնելու մասի՞ն, ուզում եք մեզ նորից շրջափակման մեջ թողնե՞լ»: Եւ, իբր, ղարաբաղյան պատվիրակության հերոսական ջանքերով այդ հարցը հանվել է օրակարգից:
Անցել է 25 տարի, ով ինչ ուզենա՝ կարող է ասել, լեզվի տակ ոսկոր չկա: Հռոմի բանակցություններն էլ վաղուց կորցրել են նույնիսկ պատմական նշանակությունը: Ընթերցողն էլ թող հիանա Բորիս Առուշանյանի դիվանագիտական տաղանդով, որ կարողացել է մի հարվածով ի չիք դարձնել Ղարաբաղի դեմ արտաքին եւ ներքին ուժերի ծրագրած խարդավանքը: Ամեն ինչ գեղեցիկ է, բացի նրանից, որ Բորիս Առուշանյանը նույնիսկ կարգին ստելու ընդունակություն չունի եւ իր բերանով խոստովանում է, որ Հռոմի բանակցություններում Ղարաբաղի պատվիրակությունը դեռեւս... լիարժեք կողմի կարգավիճակ չուներ:
Այսինքն, քննարկումներում միայն լսողի եւ դիտողի դերում էր: Տրագիկոմեդիա է՝ ինչպե՞ս է Ղարաբաղի պատվիրակությունը հասել Շուշիից եւ Լաչինից զորքերը դուրս բերելու կետը օրակարգից հանելուն, եթե դեռեւս ճանաչված չէր որպես բանակցությունների սուբյեկտ: Այս հարցի պատասխանը փնտրելիս ի՞նչ սուտ է հորինելու Բորիս Առուշանյանը: Հետաքրքիր կլիներ լսել նաեւ նրա պարզաբանումը, թե ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանը կողմ էր Շուշին եւ Լաչինը հանձնելուն, բայց արդյունքում ոչինչ տեղի չունեցավ: Այստեղ տեղն է ասել. «Լսիր, բարեկամս, ստիր, բայց չափդ իմացիր»։