15.05.2017 11:06

Վահան Թումանյան. Վերադառնալ եւ առաջ անցնել

Վահան Թումանյան. Վերադառնալ եւ առաջ անցնել

Պառլամենտի ընտրություններում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը երեսուն հազար քվե է ստացել: 1988թ. փետրվարյան կես միլիոնանոց միտինգներում կա՞ր երեսուն հազար մարդ, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում էր ոչ թե Մոսկվայում, այլ Երեւանում: Հաստատ չկար: Սեփական ուժերի վրա հենվելու եւ ճիշտ ստրատեգիա մշակելու գաղափարը հասարակության մեջ տարածում գտավ հետո: Հարկ եղավ շուրջ երկու տարի հետեւողական աշխատանք տանել, մինչեւ որ ժողովրդի գիտակցության մեջ կոտրվեց «նամակ ռուսաց թագավորին» ստերեոտիպը:

Այսօր խնդիրը ավելի բարդ է: Երկու տասնամյակ է՝ Հանրապետականը եւ Դաշնակցությունը խեղաթյուրում են Ղարաբաղի հարցը, խաղում ժողովրդի զգացմունքների վրա: Երկիրը հայտնվել է իռացիոնալ միջավայրում: Տնտեսությունը խայտառակ վիճակում է, արտագաղթը խորանում է, մարդիկ կորցնում են ապագայի հանդեպ հավատը: Իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ, գրեթե բոլոր պաշտոնյաները հասարակության մեջ ունեն գանձագողի կայուն համարում, բայց պետական քարոզչությունը կարողանում է ամեն ինչ մատուցել Ղարաբաղի հարցում անզիջում «հայրենասիրության» սոուսով: Գործ ունենք հասարակական գիտակցության մանիպուլյացիայի հետ, որը բոլոր ավտորիտար ռեժիմների գլխավոր զենքն է:

Կա գերխնդիր, այն է՝ կոտրել մանիպուլյատիվ մեքենան: Այսինքն, վերադառնալ 1988-90թթ. տակտիկային, երբ Հայոց համազգային շարժումը կարողացավ հասարակության էներգիան կուտակել Հայաստանի խնդիրների լուծման գաղափարի շուրջ: Նույնը պետք է արվի այսօր: Երեսուն հազար քաղաքացի քվեարկել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին: Եւս առնվազն 300 000 հայաստանցի հոգով եւ սրտով կիսում է խաղաղության եւ բարիդրացիության գաղափարը եւ համոզված է, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման մենք զարգացման հեռանկար չունենք:

Պետք է վերադառնալ անցյալին, որպեսզի կարողանանք առաջ անցնել: Ներկա իրավիճակը չի տալիս Հայաստանի անվտանգ եւ բարեկեցիկ ապագայի ոչ մի հույս: Ընդհակառակը, եթե այն տեւի եւս հինգ-տասը տարի, ապա Հայաստանը կարող է հայտնվել 1918-20թթ. մղձավանջներում: Ղարաբաղյան ստատուս-քվոն ամեն գնով պահպանելու մոլագարությունը մեր երկիրը տանում է ինքնիշխանության կորստի, ազգային իմունիտետի սպառնալի դեգրադացիայի: Բավական է հետեւել մամուլին, որպեսզի պարզ դառնա. Ղարաբաղի հարցի լուծումը կապվում է կամ ռուս-հայկական այնպիսի դաշինքի հետ, որը ենթագիտակցորեն վերադարձ է Իսրայել Օրու ժամանակներին, կամ էլ Սեւրի պայմանագրի ռեինկառնացիային: Քաղաքագիտական կոչվող մտքից դուրս է մղվել հարցը սեփական ուժերով կարգավորելու ընկալումը:

Միջազգային հարաբերություններում մոտենում է կոնցեպտուալ հանգուցալուծման էպոխան: Պետք է գիտակցել, որ 21-րդ դարում սիստեմային վերաձեւումներ չեն կարող լինել: Չի եղել եւ չի լինելու երրորդ համաշխարհային պատերազմ, գործ ունենք կառավարելի կոնֆլիկտների հետ, հետեւաբար՝ Պոտսդամ եւ Նյուրնբերգ չի սպասվում: Մրցակից բեւեռները պայմանավորվածությունների են գալու առանց «կրտսեր դաշնակիցների», եւ շահելու կամ առնվազն չի կորցնելու նա, որի դիվանագիտական դոսյեն ադեկվատ է լինելու օբյեկտիվ իրականությանը:

Ժամանակը պարտադրում է սթափ գնահատել սեփական հնարավորությունները: Հայաստանը դեռեւս պահպանում է Ղարաբաղի հարցը խաղաղ եւ արժանապատիվ ձեւով լուծելու պոտենցիալը: Վաղը դա կկորցնենք, եթե շարունակենք ապավինել 1991-94 թվականների հաջողություններին կամ անցյալ տարվա ապրիլի դիմադրողականությանը: Հայաստանի հնարավորությունը քաղաքական նախաձեռնողականությունն է, խնդիրը խորությամբ քննարկելու եւ լուծում առաջարկելու պատրաստակամությունը: Վերադառնալով ներազգային սուվերենությանը՝ Հայաստանը կվերականգնի միջազգային իրավասուբյեկտությունը: Երեսուն հազար զինվոր Ղարաբաղի պատերազմում մենք չունեինք, բայց կարողացանք կանխել աղետը եւ հասնել զինադադարի: Երեսուն հազար քաղաքացիներով հնարավոր է իրավիճակ փոխել: Պետք է վերադառնալ անցյալին, որպեսզի Հայաստանի համար բացվի առաջընթացի ճանապարհ: