15.05.2017 12:11

Առաքել Թավրիզյան. Մի նենգափոխման մասին

Առաքել Թավրիզյան. Մի նենգափոխման մասին

Ինֆորմացիոն դաշտում տարածվել է ՌՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի հոդվածը, որի հիմնական թեզն է. 1991թ. դեկտմբերի 21-ին Հայաստանը «պոստխորհրդային տարածքում ձեւավորված Անկախ պետությունների համագործակցության իրավական փաստաթղթերի շրջանակում ճանաչել է բոլոր մասնակիցների, այդ թվում եւ նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ չճանաչելով ԼՂՀ անկախությունը»: Ընդ որում, որպես ասածի հիմնավորում՝ նա տողատակի ծանոթագրության մեջ հղում է անում 1992թ.փետրվարի 18-ին ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանի եւ ԼՂՀ պատվիրակության հանդիպման մասին տեղեկատվությանը, ըստ որի՝ Արարքցյանը Ղարաբաղի պատվիրակներին ասել է, որ «Հայաստանը չի կարող որոշել ԼՂ կարգավիճակը եւ մտադիր է ենթարկվել միջազգային իրավունքին»: Հայտնի չէ, թե որտեղից է Մանվել Սարգսյանը քաղել այս տեղեկությունը, բայց դրանում արտառոց ոչինչ չկա: 1991թ. դեկտեմբերի 10-ին Ղարաբաղը ռեֆերենդումի միջոցով հռչակել էր իր անկախությունը, եւ Հայաստանը, բնականաբար, չէր կարող որոշել ինքնորոշված ԼՂՀ կարգավիճակը:

Այժմ անդրադառնանք Հայաստանի կողմից 1991թ. դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի «սուվերենության եւ տարածքային ամբողջականության ճանաչմանը»: Մանվել Սարգսյանը երեւի նկատի ունի Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում պոստխորհրդային 11 հանրապետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ընդունված Հռչակագիրը: Այնտեղ, այո, խոսք կա անդամ պետությունների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանները փոխադարձաբար ճանաչելու մասին: Այլ կերպ լինել չէր կարող: Եւ եթե Հայաստանը չցուցաբերեր պրագմատիզմ, ապա հետեւանքները կլինեին պարզապես աղետալի: Երբ Ղարաբաղը պաշարման մեջ էր, Ստեփանակերտում տեղակայված էր ԱՊՀ (փաստացի՝ Ռուսաստանի) զինված ուժերի 366-րդ գունդը, ապա խելահեղություն կլիներ կանգնել եւ հայտարարել, որ ԱՊՀ անդամ պետք է ճանաչել նաեւ հազիվ տասը օր առաջ անկախություն հռչակած Ղարաբաղը, հակառակ դեպքում Հայաստանը չի ստորագրի Հռչակագիրը:

Մանվել Սարգսյանը գուցե չգիտի, որ Ալմաթիի Հռչակագիրը Ադրբեջանի պառլամենտում չի վավերացվել: Այսինքն, այդ փաստաթուղթը Հայաստանի կողմից Ադրբեջանի «սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը ճանաչելու» մասով իրավական ուժ չի ստացել Ադրբեջանում իշխանության համար սրված պայքարի պատճառով: Ընդդիմադիր ուժերը պառլամենտում արգելափակել են նախագահ Մութալիբովի կողմից ստորագրված փաստաթղթի ռատիֆիկացիան, եւ Ադրբեջանը չի դարձել ԱՊՀ անդամ: Այդ կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության սկիզբ է համարվում 1993թ. սեպտեմբերի 24-ը, երբ Հեյդար Ալիեւը հայտարարել է այդ մասին: Բայց դա արդեն բոլորովին այլ իրավիճակ էր:

Նախ, փոխվել էր ուժերի հարաբերակցությունը, ի դեպ՝ նաեւ ԱՊՀ-ին Հայաստանի լիարժեք անդամակցության շնորհիվ, ռազմաճակատում իրավիճակ էին թելադրում հայկական ուժերը, երկրորդ՝ Ռուսաստանի միջնորդությանը զուգահեռ՝ ձեւավորվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որը թույլ էր տալիս Ղարաբաղի հարցում ավելի ճկուն լինել, երրորդ՝ ԼՂՀ-ն արդեն ուներ պետական բոլոր ինստիտուտները, չորրորդ, որ ամենակարեւորն է՝ Հայաստանի հստակ դիրքորոշման արդյունքում Ստեփանակերտը դարձել էր կարգավորման բանակցությունների լիարժեք մասնակից:

Հայաստանի լեգիտիմ իշխանությունը քայլ առ քայլ նախապատրաստում էր Ղարաբաղի անկախության ճանաչումը: Բանակցությունները եռակողմ էին: Եռակողմ էր հրադադարի անժամկետ համաձայնագիրը: Կարգավորման առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում էին Երեւանին, Ստեփանակերտին եւ Բաքվին:

1998 թվականին ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Քաջություն է պետք, որպեսզի վերլուծվի այդ առեղծվածը, եւ հարցը դրվի կոնկրետ. ե՞րբ եւ ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի հարցը: Այսօր որոշումներ ընդունելու ժամանակն է, վերլուծաբանի խնդիրը՝ նպաստել ամենաօպտիմալ տարբերակի ընտրությանը: Իսկ անցյալը նենգափոխելու համար մեծ խելք եւ մանավանդ համարձակություն պետք չէ: