15.05.2017 16:00

Մոտ ապագայում վաճառքում կլինեն 5 րոպեում լիցքավորվող սմարտֆոններ

Մոտ ապագայում վաճառքում կլինեն 5 րոպեում լիցքավորվող սմարտֆոններ

Հաջորդ տարի նախատեսվում է վաճառքի հանել իսրայելական ընկերության արտադրած լիցքավորիչները, որոնց միջոցով հնարավոր կլինի ամբողջովին լիցքավորել խելախոսները 5 րոպեի ընթացքում: Առաջին անգամ իսրայելական ստարտափը նոր մարտկոցները ներկայացրել է Լաս Վեգասում 2015-ին կայացած CES ցուցահանդեսի ժամանակ, փոխանցում է BBC-ն:

Ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ նոր մարտկոցների զանգվածային արտադրությունը կմեկնարկի 2018-ի սկզբին: Սակայն որոշ փորձագետներ թերահավատությամբ են վերաբերում այս խոստմանը:

Իսրայելական արտադրողը նշել է, որ չի կարող դեռեւս հայտնել այն ընկերությունների անունները, որոնք համաձայնվել են օգտագործել նոր մարտկոցներն իրենց սմարտֆոններում:

Նոր մարտկոցների մեջ օգտագործվում են օրգանական միացությունների վրա հիմնված նանոնյութեր, որոնք զգալիորեն արագացնում են անոդից կատոդ իոնների տեղաշարժը, այսինքն՝ լիցքավորումը: