15.05.2017 17:35

Արսեն Գրիգորյան. Քաջարի զինվորները

Արսեն Գրիգորյան. Քաջարի զինվորները

Ուսուցչուհին իր գործն արեց՝ Տարոնին դարձրեց քաղաքապետ: Առանց երեւակայության: Դեռ մեկ շաբաթ նա կմտնի դասարան եւ կասի՝ երեխաներ, երբ Արքիմեդն իր լոգարանում ընկղմվեց ջրի մեջ, հայտնաբերեց ծանրության ուժը:

Հետո գուցե կմտնի հաշվապահություն: Կստանա 97 հազար դրամ աշխատավարձը: Կթողնի հաշվապահին պարտք մնացած 20 հազար դրամն ու դուրս կգա: Հընթացս կհիշի, որ շտապելու տեղ չունի, երեխաներն արդեն մեծ են, ունեն իրենց սիրելիները: Իսկ ի՞նքը: Ինքը ի՞նչ: Իրեն հիշում են միայն, երբ քվե կեղծելու կամ ծնողին սպառնալու կարիք կա:

Գուցե այդ օրը շտապի Աբովյան փողոցի հագուստի խանութներից որեւէ մեկը: Մեկ ամիս առաջ ինչ-որ հագուստ է տեսել՝ կանաչ «պալոսկեքով», պիտի որ զեղչի «վախտերն ըլնեն»: Հետո՞: Հետո ի՞նչ: 77 հազար դրամն ի՞նչ փող է, որ ուսուցչուհին երեւակայություն ունենա: Փոխարենը հիշում է, որ ոչ ոք իրեն շնորհակալություն չհայտնեց, որ Տարոնին «իրա փայով» դարձրեց քաղաքապետ: Բայց խիղճը հանգիստ է, եւս մեկ անգամ ինքը ապացուցեց, որ վստահելի է:

Գուցե այդ օրը կվճարի ինտերնետի վարձը եւ հանգիստ խղճով կսկսի «ճանապարհորդել» աշխարհով: Փարիզը: Ամառ է գալիս: Ախր ինչու՞ չի կարող իր աշխատավարձով Փարիզ հասնել: Գուցե ՍԱՍ-ու՞մ աշխատեր, ՍԱՍ-ի քվեն Փարիզ է: Կամ գուցե բավարարվի Սոչիո՞վ: Մոտենում են արձակուրդները: Ի՞նչ սրտով: Ախր ի՞նչ սրտով: Ամուսինը փայտի նման վեր է ընկած տանը եւ Ռուսաստանում մի ծանոթ էլ չունի, որ աշխատանք մուրա: Դե այդպիսինին սիրելու տրամադրությու՞ն կմնա:

Հաջորդ օրը կգնա գործի եւ կտեղեկանա, որ տնօրենի համար ամբողջ դպրոցով փող են հավաքում: Վերջին զանգի առիթով: Կտա իրենից պահանջվող 5 հազար դրամը: Նույն իրիկունը հարեւանուհուն կբողոքի տնօրենից՝ տվածն ի՞նչ է, որ հավաքում է: Բնավ չի հիշի, որ մի քանի օր առաջ ինչ-որ մեկին քաղաքապետ դարձնելու համար «դոշ» էր տալիս բոլորովին անծանոթ լրագրողների առաջ, որոնց ներկայությունը, իմաստը, գոյությունն ընդհանրապես չէր հասկանում՝ տեսնես դրանք ծնող ունե՞ն: «Թողեք ընտրենք, էլի»,-նույն իրիկունը հեգնանքով կպատմի ամուսնուն իր արկածները, իսկ ամուսինը չի էլ արձագանքի, զի վաղուց այս աշխարհի դարդերին անհաղորդ է:

Հետո կհիշի, որ մահացել է ընկերուհու ամուսինը: Անհավեսի մեկն էր: Երկու անգամ գնաց Ռուսաստան, երկու անգամ էլ քցեցին, ճանապարհեցին: Եկավ, դարձավ հանրապետական: Մարդը մեռավ հանրապետական: Հիշեց, որ ինքն էլ է ՀՀԿ-ական: Ի՞նչ կյանք է, այ մարդ, որ մեռնենք, ի՞նչ ենք տանելու էս կյանքից: Ո՞վ էր ասել (Թումանյանին այդպես էլ չի հիշի-Ա. Գ.): Աղջիկը կգա ու կասի՝ մամ, էրեխեքով Աղվերան ենք գնում, փող տուր: Հաճույքով դստերը ցույց կտար ձեռքի ծանրության ուժը: Բայց գուցե դուստրը «աբառոտկա ֆռռա»: Հիմիկվա ջահելներին ո՞վ գիտի: Նախկինում դուստրը երբեք փող չի ուզել: Եթե հիմա ուզում է, գուցե խփի էլ: «Չունեմ, աղջիկ ջան»,-կասի նրան: «Մամ, բոլոր ընկերներիս ասել եմ Հանրապետականին են քվեարկել, իրանք գնան, ես չգնա՞մ»,-արդարացիորեն կդժգոհի դուստրը: «Էդ Հանրապետականի վերջին զանգի փո՞ղն ես ուզում, բալես»,-տան անկյունից ծուլորեն կհարցնի հայրը, որից վաղուց ոչ մեկը ոչ մի առիթով դրամ չի ուզել: Այդպիսի պատկերավոր ծաղր ինքն իր ամուսնուց չէր սպասում՝ 20 տարվա մեջ հազիվ մի քանի բառ է ասել: Ստիպված է դստերը տալ ուզած գումարը՝ 10 հազար դրամ: Ուղիղ այնքան, ինչքան կանաչ «պալոսկեքով» զեղչված հագուստն էր: Չէ, ուսուցչուհին էլ սիրտ չունի: Հիմա սկայպով կկապվի նախկին հարեւանուհուն եւ կտեղեկանա, թե Ռուսաստանում ինչքանո՞վ են երեխա պահում:

Կողքի շենքից ընկերուհու 14-ամյա աղջիկն է գալիս՝ ընկեր Կիրակոսյան, Շռեյկի քաջարի զինվորներն ունե՞ք, պապան է ուզում: «Բալիկ ջան, երեւի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածներն» ես ուզում»,- կփորձի ուղղել էդ գրքի մասին առաջին անգամ լսած ուսուցչուհու ամուսինը: «Դե ի՞նչ տարբերություն»,-կասի 14-ամյա աղջիկը: «Իսկապես, ի՞նչ տարբերություն, աղջիկս, հիմա կտամ»,- կասի ամուսինը եւ աղջնակին կտա դեռ քրքրվող գիրքը: