15.05.2017 17:47

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է

2017 թվականի մայիսի 11-ին կաշառք ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի  մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը: Փաստի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով, որից հետո ծառայության քննիչի կողմից դատավորը ձերբակալվել է:

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ Հավաքված բավարար փաստերի համակցության հիման վրա, դատավորին մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ կաշառք պահանջելու և ստանալու համար:

Այսպես, Արազյանի կողմից 07.03.2017թ.-ին վարույթ ընդունած քրեական  գործով, ինքնիրավչություն կատարելու համար Գ. Շ.-ին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն դրանով նախատեսված սանկցիայի շրջանակներում առավել մեղմ պատժատեսակ` 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու համար, դատավորն ամբաստանյալից պահանջել է 600 ԱՄՆ դոլարի կաշառք: Արազյանը Գ. Շ.-ի հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի վերջինս պահանջված գումարն իրեն հանձնի  դատավճիռը հրապարակելուց հետո` մի քանի օր անց: Պայմանավորվածության համաձայն` դատավոր Լեւոն Արազյանն իր պահանջած կաշառքը Գ. Շ.-ից անձամբ ստացել է 11.05.2017թ.-ին` Վեդի քաղաքի իր նստավայրում գտնվող դատարանի շենքում:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արազյանը կալանավորվել է: