16.05.2017 13:41

Կաշխատեմ ընդդիմադիր. տիրապետում եմ ընտրություններ լեգիտիմացնելու գործիքների

Կաշխատեմ ընդդիմադիր. տիրապետում եմ ընտրություններ լեգիտիմացնելու գործիքների

Երեւանի ավագանու ընտրություններից հետո կայքերում տեղամասերից՝ հաշվարկից հետո տեղադրված մի քանի լուսանկարներ առնվազն տարօրինակ էին: Բանն այն է, որ դրանցից մի քանիսի վրա ամենագեղեցիկ կերպով քվեարկված էր ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին, սակայն քվեաթերթիկների վրա այլ հավելյալ նշաններ եւս կային: Մեկի վրա, օրինակ՝ մեծ խաչ էր քաշված այնպես, որ այն ծածկի բոլոր երեք թեկնածուների անունները: Մարգարյանի օգտին քվեարկված մեկ ուրիշ քվեաթերթիկի վրա էլ լատինատառ ինչ-որ գրառում էր արված ու նորից այնպես, որ քվեաթերթիկն անվավեր լինի: Հիմա հարց. եթե ընտրողը երեք թեկնածուներին էլ դեմ է, եւ քվեարկության է գնում թերթիկն անվավեր դարձնելու համար, ու որպեսզի իր ձայնը չօգտագործվի, ապա ինչի՞ համար նա պետք է սկզբում քվեարկի Տարոն Մարգարյանի օգտին, հետո նոր անվավեր դարձնի քվեաթերթիկը:

Կամ էլ եթե նա իրոք Մարգարյանի ընտրողն է, այդ ինչպե՞ս է ստացվում, որ կարողանում է սիրուն «պծիչկա» դնել, սակայն չգիտի, որ եթե ամբողջ թերթիկով մեկ խաչ քաշի, ապա այն անվավեր կդառնա: Այսինքն, ակնհայտ է, որ այդ առնվազն երկու ընտրողները միտումնավոր «փչացրել» են այդ քվեաթերթիկները. Ուշադրություն, ոչ թե անվավեր են դարձրել, այլ՝ հենց «փչացրել են»: Իսկ դա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ, այն է՝ Մարգարյանի օգտին դրված «պտիչկա»-ի հեղինակները իրենք չեն, նրանց այդ քվեաթերթիկն արդեն քվեարկված է տրվել, եւ նրանց, այսպես ասած՝ ընդվզման միակ տարբերակը մնացել է թերթիկը փչացնելն այնպես, որ իրենց ձայները Մարգարյանի օգտին չհաշվեն: Սա նշանակում է, որ այս ընտրություններին մենք գործ ենք ունեցել ոչ միայն ընտրակաշառքի տոտալ բաժանման, տոտալ վերահսկողության եւ ահաբեկումների, կեղծ դիտորդների, այլեւ՝ հին ու բարի կարուսելի հետ: ԱԺ ընտրությունների ժամանակ կարուսել անելն, իհարկե, բարդ էր, եւ գուցե իմաստ էլ չուներ, քանի որ քվեաթերթիկները մի քանիսն էին: Հենց այդ պատճառով էլ գործի էին դրվել լիովին այլ մեխանիզմներ: Այս անգամ, սակայն, երբ քվեաթերթիկը մեկն էր, կարուսելը իսկը աշխատող տարբերակ էր: Ահա այսպիսի մթնոլորտում են անցել Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք տեղական իրական դիտորդների գնահատմամբ՝ ազատ ու արդար անվանել չէր կարելի:

Այս պարագայում, ահա, բավականին զարմանալի ու տարօրինակ է ընտրություններին որպես ընդդիմություն մասնակցած «Ելք» դաշինքի հետընտրական գնահատականը:

Այսպես, ըստ այդ դաշինքի՝ «ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կազմակերպված եւ կենտրոնացված բնույթ, …այս ապօրինի երեւույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում», «իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը, ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների բացահայտմանը»:

Ու ահա այս ամենից հետո դաշինքը հայտարարում է, որ «ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում»: Սա է ամենակարեւորը: Այսինքն, այս քաղաքական ուժը, արձանագրելով այս ամենը, ըստ էության՝ ընդունել է ավագանու ընտրությունների արդյունքները (ճիշտ այնպես, ինչպես ընդունել է ԱԺ ընտրությունների արդյունքները)՝ փաստացի լեգիտիմացնելով իշխանություններին: Ու այս ամենը՝ ոչ միայն հենց իրենց կողմից արձանագրված, այլեւ՝ մյուս ուժերի, դիտորդների կողմից արձանագրված խախտումներից հետո: Երբ բոլորի համար ակնկալելի էր, որ մասնակից ընդդիմադիր ուժը այս ամենը արձանագրելուց հետո ընտրությունների հարցում «քարը քարի վրա չպիտի թողներ»: 

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ այս մարդկանց միակ նպատակը հասարակության եւ միջազգային հանրության աչքում այս երկու ընտրությունները լեգիտիմացնելն էր՝ այդ ծառայության դիմաց արժանանալով իշխանության համակողմանի աջակցությանը երկու ընտրական ցիկլերում: Իսկ այն գոռոցներով թատրոնները, որոնց հասարակությունը ականատես եղավ վերջին ամիսներին, ընդամենը սովորական թոզփչոցի էր:

Իշխան Պողոսյան