16.05.2017 14:29

Ադրբեջանական խնձորի գործով 8 մարդու մեղադրանք է առաջադրվել. 2-ը կալանավորվել են

Ադրբեջանական խնձորի գործով 8 մարդու մեղադրանք է առաջադրվել. 2-ը կալանավորվել են

Ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրումների և մաքսային ծառայության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ծառայությունում քննվող երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ մի շարք ձեռնարկատերեր, առանց անհրաժեշտ մաքսային ձևակերպումների, ապօրինի ճանապարհով ներկրել են առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, ինչին նպաստել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, որոնք դրա դիմաց գործարարներից պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ  են ստացել:

Գործով 4 քաղաքացիների և ՊԵԿ 4 պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել:

Մասնավորապես,  քննությամբ պարզվել է, որ մաքսայինի աշխատակիցների օգնությամբ ապօրինի ապրանքի ներկրման հետևանքով 7 միլիոն 341 հազար դրամի հարկեր ու տուրքեր չեն վճարվել: Բացի այդ, հիշյալ անձինք զբաղվել են նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ. ներկրված ապրանքները վաճառել են «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում` առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, որի հետևանքով չի վճարվել նաև 907.680 ՀՀ դրամի շրջանառության հարկ:

Քննությամբ պարզվել է նաև, որ գյուղմթերքն առանց հայտարարագրման ներկրելու և օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերից խուսափելու նպատակով` Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բագրատաշենի բնակիչներ Ա. Խ.-ի և Գ. Թ.-ի հետ, ովքեր համապատասխան վարձատրության դիմաց համաձայնվել են օժանդակել նրանց. այսպես, տեղափոխվող ապրանքի ամբողջական ծավալը քողարկելու և առանց հայտարարագրման ներկրվող ապրանքների` օրենքով թույլատրելի չափաքանակ ապահովելու համար, Ա. Խ.-ն ու Գ. Թ.-ն Վրաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում գյուղմթերքը բաշխել են իրենց,  իսկ որոշ դեպքերում` նաև այլ անձանց կողմից շահագործվող տարբեր մարդատար ավտոմեքենաների մեջ, այնուհետև` ՀՀ տարածք տեղափոխելուց հետո, դրանք վերաբարձել են  Հ. Ֆ.-ի և Ա. Ե.-ի բեռնատար ավտոմեքենան: Հիշյալ անձանց անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնաս:

Մի շարք դեպքերում էլ, գյուղմթերքն առանց խոչընդոտների հանրապետություն ներկրելու համար, Բագրատաշենի բնակիչ Ա. Խ.-ն նախնական պայմանավորվածությամբ տարբեր չափերի կաշառքներ է տվել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողներին:

Բացի այդ, ՊԵԿ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները կաշառքներ են ստացել նաև մի շարք այլ տնտեսվարողներից` նրանց օգտին անօրինական գործողություններ կատարելու և Բագրատաշենի մաքսակետով ներկրվող գյուղմթերքը մաքսային ձևակերպումների չենթարկելու համար: Քննությամբ պարզվել է, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի 3 մաքսային տեսուչ և նույն բաժանմունքի հերթափոխի պետի պարտականությունները կատարող անձը  խմբի կազմում` նախնական համաձայնությամբ,  անհատ ձեռնարկատերերից կաշառքներ են ստացել` թույլ տալով նրանց  առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրել տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական խնձոր:

Չորս պաշտոնյայի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել Պաշտոնյաներից երկուսի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց եւ նրանց օժանդակողներին: