17.05.2017 13:28

Հարութ Ուլոյան. «Բացառապես «հայրենիքի շահի» մասին մտածող անձինք» կամ «Չքաղաքականացված ընդդիմադիրներ»

Հարութ Ուլոյան. «Բացառապես «հայրենիքի շահի» մասին մտածող անձինք» կամ «Չքաղաքականացված ընդդիմադիրներ»

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրում է.Կաշառակերությունից ու վարչական ճնշումներից վերադառնանք ֆեյսբուքյան ազատամիտների դաշտ:

Ի՞նչ է կատարվում քաղաքական գիտակցությունը սաղմնավորող ֆեյսբուքում: Առերևույթ՝ ֆեյսբուքահայության ճնշող մեծամասնությունը «ընդդիմադիրներ», ավելի ճիշտ` «չքաղաքականացված ընդդիմադիրներ» են, որոնց թվում են նաև մեր «չեզոք» մտավորականներն ու «հասարակական գործիչները»: Նույնիսկ կոալիցիոն գործընկերոջ համախոհներն են օր ու գիշեր քննադատում իշխանական ներկայացուցիչներին: Ցանկացած ընտրությունից հետո ողջ ֆեյսբուքահայությունը իր զզվանքն է արտահայտում արդյունքների կապակցությամբ:

Ֆեյսբուքահայության տրամադրությունների ձևավորման գլխավոր գործառույթը իրականացնում են հենց այդ «չքաղաքականացված ընդդիմադիրները»: Ինչո՞վ են զբաղված այդ մարդիկ: Խաղալով ընդդիմադիր դաշտում՝ օր ու գիշեր ծաղրուծանակի են արժանացնում իշխանական (և ոչ միայն) վերնախավի բոլոր ներկայացուցիչներին, իսկ երբ պահը գալիս է դրսևորելու քաղաքական գիտակցություն, այդ մարդիկ որոշում են, որ իրենք չեզոք, բացառապես «հայրենիքի շահի» մասին մտածող անձնավորություններ են, ոչ մի քաղաքական ուժի չեն հավատում և այլն, և այլն: Այնինչ իրականում այդ մարդիկ, կամա թե ակամա, տարիների ընթացքում ստեղծել են հասարակական ՃԱՀԻՃ, ոչնչացրել են եղած քաղաքական գիտակցության նշույլներն անգամ: Ընդամենը մի քանի իրավիճակ հիշեցնեմ:

- Երբ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորին սպառնում էր, որ եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, ապա իր տարածքից ևս 20-30 տոկոս կկորցնի, մեր «չքաղաքականացված ընդդիմադիրները» մի չտեսնված օրգազմ ապրեցին այդ  հայտարարությունց, կենցաներ էին ձոնում Սերժին. թե բա` «վերջապես հարգեցինք», «ապրի մեր նախագահը», «հիանալի քաղաքական դրսևորում», «Ադրբեջանը խուճապի մեջ ա այսուհետ», «մենք մեր նախագահի կողքին ենք»... Ստացվեց այնպես, որ Ադրբեջանի հերթական ագրեսիայի հետևանքով մենք կորցրինք 800 հեկտար տարածք: Ո՞ւր էին այդ մարդիկ այդ ժամանակ... Այդ ժամանակ էլ հպարտանում էին, որ Սերժի «հիանալի քաղաքականության» հետևանքով «Ադրբեջանը վազեց ռուսների մոտ` զինադադար կնքելու խնդրանքով»...
- Երբ նույն Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայ ժողովրդի անունից, սեփական նախաձեռնության տապալման համար, «քցվածի» հոգեվիճակով «գրողի ծոցը» ուղարկեց թուրքերին, մեր «չքաղաքականացված ընդդիմադիրները» մեկ այլ օրգազմ ապրեցին: Թե բա` «տեսեք ինչ նախագահ ունենք, թուրքերին ինչ օրը գցեց», «հայի պատիվը բարձր պահեց վերջապես»... 
- «100 դրամ»-ի, «Էլեկտրիկ Երևան» ակցիաների ժամանակ` «չքաղաքականացնել մեր ակցիաները», «շրեկ», «չեբուռաշկա», «կանգնելու ենք մինչև վերջ»: «Հաղթանակներից» հետո` «այո, մենք ստիպեցինք, և մեր նախագահը ընդառաջեց մեր պահանջները», «տեսաք, որ առանց քաղաքականացնելու պիտի հարցերը լուծվեն, ոչ թե թշնամանքով»...
- Օր ու գիշեր թմբկահարում են` «ոչ մի քաղաքական ուժ բանի պետք չի, մեզ հեղափոխությունը կփրկի միայն»: Տեղի է ունենում «Սասնա Ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումը: «Չքաղաքականացված ընդդիմադիրները» որոշ ժամանակով անցնում են ընդհատակ, այնուհետև գնահատականները միանշանակ են. «ոչ մի այլ իշխանություն այդքան օր չէր հանդուրժի նման իրավիճակ, հալալ ա Սերժի խոհեմությանը», «ինչ ուզում եք ասեք, բայց մեր ուժային կառույցները պրոֆեսիոնալ են»... և այլն, և այլն:

ՀՀԿ-ի «բարեփոխումը».
- Արփինե Հովհաննիսյանը նշանակվում է նախարար: «Ողջ աշխարհը կնախանձեր այսպիսի արտաքինով նախարար ունենալ», «հիանալի որոշում»...
- Արմեն Ամիրյանը նշանակվում է նախարար: «Այսպիսի հրաշալի նախարար մենք երբեք չենք ունեցել», «նա իր ազնիվ կերպարով կբարեփոխի ողջ համակարգը»...
- Կարեն Կարապետյանը նշանակվում է վարչապետ: «Ինչ նման ա Կարեն Դեմիրճյանին», «մեր փրկիչն ա», «ՀՀԿ-ի բարեփոխման հիմքը դրված ա», «կանայք խելագարվում են նրա արտաքին տեսքից»... և այլն, և այլն:

...Ու այս տրամադրություններով օր ու գիշեր բռնաբարվում է ֆեյսբուքյան «ազատամիտների» տիրույթը: Վերջում էլ ստացվում է այնպես, որ, ըստ «չքաղաքկանացված պռադվինուտի ընդդիմադիրների», ընտրությունների արդյունքները կանխորոշում են դեգրադացված, իրականությունից կտրված, հետամնաց հասարակական շերտերը, ովքեր ոչ մի առնչություն չունեն քաղաքական գիտակցություն դրսևորող ֆեյսբուքյան «ազատամիտ» հասարակության հետ: