17.05.2017 14:00

Առաքել Թավրիզյան. «Ներդուրում»

Առաքել Թավրիզյան. «Ներդուրում»

Ռոբերտ Քոչարյանը  «ներդրում» բառն արտասանում էր «ներդուրում»: Կարող էր ասել «ինվեստիցիա», դրա համար ավելի քիչ կծաղրեին, բայց գավառամտությունը հենց այն է, երբ մարդ կաշվից դուրս է գալիս, որպեսզի կրթված երեւա: Խոսքը 1998թվականից հետո իշխանության ընդհանուր որակի մասին է, երբ Հայաստանի ապագան կապվեց սփյուռքից տարեկան երկու-երեք հարյուր միլիոն դոլարի «ներդուրումներ» ապահովելու հետ: Արդյունքում՝ սփյուռքը հիասթափվեց, եւ ոչինչ չստացվեց: Իշխանությունը չխոստովանեց, որ սխալվել է, դա կնշանակեր վերադարձ Հայաստանի զարգացման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոնցեպցիային, եւ որպեսզի «ներդուրումների» գաղափարը փրկվի, դիմեց ավելի խայտառակ քայլերի՝ սփյուռքում բարերարների «հավաքագրմանը»:

ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բիզնես ունեցող մեր հայրենակիցները շատ արագ հասկացան, որ իրենց փողերը հիմնականում գրպանվում են իշխանության կողմից, եւ սառեցրին հարաբերությունները: «Լինսի» հիմնադրամի հետ կապված պատմությունը դրա վառ ապացույցն է: Մնացին ռուսաստանաբնակ հայերը, որոնց «հավաքագրմանը» ներգրավվեցին նաեւ Ռուսաստանի մերձիշխանական շրջանակները: Արդյունքում՝ Քոչարյանի նախագահության վերջին տարիներին Հայաստանը եւ Ղարաբաղը մնացին ռուսական ծագման «ներդուրումների» հույսին:

Պարզ է, որ դրա դիմաց Հայաստանը պետք է ինչ-որ բանով փոխհատուցեր: Պարզվում է, փոխհատուցման մի ձեւն էլ այդ մարդկանց դիվանագիտական անձնագրի տրամադրումն է: Այդ մասին հայտնի դարձավ Ռուբեն Թաթուլյանի շուրջ սկանդալից: Ինչու՞ է սոչիաբնակ Թաթուլյանը ստացել ՀՀ դիվանագիտական անձնագիր՝ ԱԳՆ պարզաբանումը շատ «օրիգինալ» է. որովհետեւ նա «նպաստում է Հայաստանում ներդրումների ներգրավմանը»: Թաթուլյանը հրապարակել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ադլեր քաղաքի դատարանի որոշումը, որով իրականությանը չհամապատասխանող են ճանաչված Չեխիայում նրան ձերբակալելու, Սոչիի օդանավակայանում դիվանագիտական համարանիշներով մեքենայով արգելափակոցը ջարդելու մասին մամուլում տարածված լուրերը:
Ինչպես գործող նախագահը կասեր՝ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, բայց ժողովուրդն ասում է. «Պղինձն ընկավ՝ չկոտրվեց, զրնգոցը տարածվեց»: Մնաց փաստը, որ աշխարհի ցանկացած երկրում Ռուբեն Թաթուլյանին կարող են հանցավոր աշխարհի հետ կապերի կամ ոչ օրինական բիզնեսով զբաղվելու մեջ առնվազն կասկածել, իսկ նա, պարզվում է, ունի ՀՀ դիվանագիտական անձնագիր եւ շրջում է ՀՀ դիվանագիտական համարանիշով ավտոմեքենայով:

Եվս քանի՞ ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեն ունի ՀՀ դիվանագիտական անձնագիր, արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները որքանո՞վ են մասնակից «ներդուրումներ» ներգրավելու գործին, իշխանություն- ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեններ հարաբերությունների ի՞նչ որակի հետ գործ ունենք, հարցերը մնում են առկախ, քանի դեռ իշխանությունը Հայաստանի ապագան չի կապում խաղաղության եւ բարիդրացիության միջոցով մեկուսացումը հաղթահարելու եւ համաշխարհային տնտեսությանը լեգիտիմ ինտեգրվելու հետ: Քանի դեռ այդպես է, «ներդուրումներ» չեն լինելու, բայց աղմուկ եւ Հայաստանի իմիջի կորուստներ շատ ենք ունենալու: