17.05.2017 14:57

Վահան Թումանյան. Ա-ն եւ Բ-ն

Վահան Թումանյան. Ա-ն եւ Բ-ն

Անցած կիրակի Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ հունիսին սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, որից հետո, ըստ անհրաժեշտության, կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Նրան շատ օպերատիվ՝ արդեն հաջորդ օրն արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որի կարծիքով՝ մոսկովյան վերջին հանդիպումը ցույց տվեց, որ «խաղաղությունը հնարավոր է «խաղաղություն՝ տարածքների փոխարեն» սկզբունքով»: Խոսելով Ադրբեջանի պաշտոնակցի հետ հավանական հանդիպման մասին՝ Նալբանդյանը որեւէ ակնարկ չի արել բանակցությունների առարկայի կամ ենթադրյալ համաձայնության սկզբունքների մասին: Նա միայն ասել է, որ «բանակցություններն այլընտրանք չունեն», իսկ Մամեդյարովը վստահեցնում է, որ «բոլորի համար պարզ է, որ Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Մոսկվայում եռակողմ հանդիպմանը հաջորդած հայկական մեկնաբանություններում մի նյուանս կար՝ փաստի հանդեպ տարակուսանք: Ասես ինչ-որ մեկը հավաստիացրել էր, որ Հայաստանը հրաժարվելու է որեւէ ֆորմատով Ադրբեջանի հետ բանակցություններից, եւ Նալբանդյանի Մոսկվա գործուղումը դիտվում էր «նախապայմաններից նահանջ»: Արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ բանակցություններում նախապայմանների մասին խոսելը ցնորամտություն է թե հայկական, թե ադրբեջանական կողմից: Բանակցությունները նրա համար են, որպեսզի գտնվի փոխզիջում: Թե ով է ում ինչ ասում, ինչ ինստրուկտաժ են անցնում հայ եւ ադրբեջանցի քաղաքագետները, բացարձակապես նշանակություն չունի: Ղարաբաղի հարցի կարգավորման կոնցեպցիան հայտնի է՝ որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին, ԼՂ օժտում անցումային կարգավիճակով, իսկ վերջին փուլում՝ միայն ղարաբաղցիների մասնակցությամբ ռեֆերենդում, որի արդյունքները պարտադիր իրավական ուժ կունենան բոլորի, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համար:

Կողմերի պաշտոնյաները տվյալ կոնցեպցիայից առանձնացնում եւ հնչեցնում են Ա-ն: Ադրբեջանը խոսում է «օկուպացված տարածքները վերադարձնելու», Հայաստանը՝ Ղարաբաղի ինքնորոշումը ճանաչելու մասին: Բուն բանակցություններում այդպես չի կարող լինել, դա կնմանվեր երկու խուլ մարդու «խոսակցության»: Ինչքան Հայաստանի իշխանությունն է փորձում Ադրբեջանին որոշ տարածքների վերադարձը զանազան անորոշ ձեւակերպումներով քողարկել, նույնքան էլ Ադրբեջանում չեն ուզում խոստովանել, որ քննարկում են Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ խնդիր ունեն գտնել իրենց համար նվազ կորստաբեր տարբերակը:

Ամեն ինչ բնական է: Ոչ օրինաչափը հասարակության հետ իշխանության անպարկեշտ խաղն է, երբ անգաժավորված մեկնաբանների միջոցով ներշնչվում է, որ Ղարաբաղի հարցով «բանակցություններ չկան եւ չեն կարող սկսվել, մինչեւ Ադրբեջանը չկատարի մեկ տարի առաջ Վիեննայում ստանձնած պարտավորությունները»: Դա ֆարս է: Եթե Վիեննայում ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ Ադրբեջանը հրաժարվում է կատարել դրանք, ապա ի՞նչ է պարտավորվել Հայաստանը: Ա-ն ասողը պետք է հաշվի առնի, որ կա նաեւ Բ: Ապրիլյան էսկալացիայից մեկ տարի անց կողմերը մտնում են բանակցությունների նոր փուլ: Չկա երաշխիք, որ այն նախորդներից արդյունավետ է լինելու, բայց այլընտրանքը չափազանց վտանգավոր է: