17.05.2017 16:06

Վաղը VI գումարման ԱԺ առաջին նիստն է

Վաղը VI գումարման ԱԺ առաջին նիստն է

Վաղը՝ մայիսի 18-ին, տեղի կունենա վեցերորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը: Մինչեւ խորհրդարանի նախագահության ընտրությունը նիստը կվարի ամենատարեց պատգամավորը՝ ՀՀԿ ցուցակով անցած քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

Ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ մեծամասնությունը ստացած ՀՀԿ-ն կառաջադրի ԱԺ նախագահի եւ երեք փոխնախագահների թեկնածությունները: Ընդ որում, համաձայն օրենսդրության, փոխնախագահներից առնվազն մեկը պետք է լինի հակառակ սեռի ներկայացուցիչ, մեկը՝ ընդդիմության ներկայացուցիչ:

ՀՀԿ կազմակերպչական հարցերով քարտուղար Ռուբեն Թադեւոսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր երեկոյան իշխող կուսակցության ԳՄ նիստից հետո հայտնի կդառնա, թե ովքեր են առաջադրվելու նախագահության պաշտոններում, ինչպես նաեւ, հավանաբար, հայտնի կդառնան նոր կառավարության անդամների անունները:

Թադեւոսյանը նշել է, որ թեկնածուների շրջանակն արդեն պարզ է:

Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո ԿԸՀ հրապարակած արդյունքների համաձայն՝ վեցերորդ գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն հետեւյալ խմբակցությունները՝ ՀՀԿ-ն՝ 58 պատգամավորով (այդ թվում մեկական՝ ասորի, քուրդ, եզդի համայնքներից), «Ծառուկյան» դաշինքը՝ 31 մանդատ, որից մեկը՝ ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատով եւ Դաշնակցությունը՝ 7 պատգամավորով: Ընդամենը խորհրդարանը կազմված կլինի 105 պատգամավորից:
Հիշեցնենք, որ ընտրություններից հետո «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Սահմանադրական դատարանում բողոքարկել է ԿԸՀ-ի արձանագրած արդյունքները: ՍԴ-ն անփոփոխ է թողել ԿԸՀ-ի որոշումը:

2017-ին ձեւավորած խորհրդարանում նվազագույն թվով՝ 4 խմբակցություն կլինի: Մինչ այդ եղած խորհրդարաններում առնվազն 5 խմբակցություն է գործել: Առաջին գումարման խորհրդարանն ընտրվել է 1995-ի հուլիսի 5-ին: ԱԺ նախագահի պաշտոնը մինչ օրս զբաղեցրել են Բաբկեն Արարքցյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Դեմիրճյանը, Արմեն Խաչատրյանը, Արթուր Բաղդասարյանը, Տիգրան Թորոսյանը, Հովիկ Աբրահամյանը (ընդհատումով՝ երկու անգամ), Սամվել Նիկոյանը եւ Գալուստ Սահակյանը:  Համաձայն Սահմանադրության, 2018-ի ապրիլին գործող խորհրդարանն առաջին անգամ կընտրի երկրի պաշտոնական ղեկավարին՝ նախագահին եւ փաստացի առաջին դեմք վարչապետին: