18.05.2017 11:17

«Նա խելագարվել է». Բենզեմա-Վալբուենա առճակատման նոր փուլը

«Նա խելագարվել է». Բենզեմա-Վալբուենա առճակատման նոր փուլը

«Ռեալի» հարձավող Կարիմ Բենզեման պատմել է «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի հետ կոնֆլիկտի մասին: Հիշեցնենք, որ վերջինս 2015 թվականին մադրիդցիների հարձակվողին մեղադրել է տեսագրության միջոցով իրեն շանտաժի ենթարկելու մեջ: Բենզեման այդ պատճառով հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից:

«Ամեն ինչ այդ պատմությունից սկսվեց: Մենք ամբողջ ճշմարտությունը չգիտենք: Ամենածիծաղելին այն է, որ դրանից հետո նա ասաց, որ զայրացած չէ ինձ վրա ու պատրաստ է խաղալ նույն թիմում: Կարծում եմ` նա աննորմալ է: Ընդ որում, հենց սկզբից այդպես է եղել: Նրա ասելով՝ ես հանցագործ էի, սպառնում էի նրան, վախեցրել եմ, իսկ հիմա ասում է, որ դեմ չէ ինձ հետ խաղալ:

Նա ասում է, որ դատարան չէր դիմի, եթե իմանար, որ այդ ամենի կենտրոնում ես եմ հայտնվելու: Նա խելագարվել է: Մեկուկես տարի է նրա թշնամին եմ, վատ օրինակ մյուսների համար, «փլեյբոյ», ում հարկավոր է բանտարկել… Եվ դրանից հետո մարդիկ իմ անունն են սևացնում…

Գրեթե երկու տարի է չեմ կարողանում հանդիպել իմ լավագույն ընկեր Կարիմ Զենատիին (Վալբուենայի գործով մեկ այլ մեղադրյալի-խմբ.), որովհետև եթե տեսնվենք, կհայտնվենք բանտում: Իսկ Մաթյոն պարզապես հանգստանում է: Նա պետք է դադարի զբաղվել այս կեղտով»,- «L’Équipe»–ի հետ զրույցում ասել է Բենզեման:

Վալբուենայի պատասխանը երկար սպասել չի տվել: Ֆրանսիացին իր թվիթերյան էջում գրել է.

«Զրպարտանքը թույլերի զենքն է: Դա շատ տխուր է: Ճշմարտությոունն այն է, որ արդարությունը կհաղթի»: