Նիդեռլանդների թագավորը գաղտնի աշխատում է որպես մարդատար ինքնաթիռի օդաչու

Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը խոստովանել է, որ գահ բարձրանալուց հետո էլ պարբերաբար ուղևորատար ինքնաթիռներ է վարում՝ այդ ընթացքում մնալով անհայտ: Միապետը թռչում է KLM չվերթերում՝ որպես երկրորդ օդաչու, իսկ ուղևորները երբեմն ճանաչում են նրա ձայնը:
Այն, որ Վիլլեմ-Ալեքսանդրը ինքնաթիռներ է վարում՝ հայտնի էր դեռ մինչև նրա գահակալությունը 2013 թ.: Սակայն մինչ օրս հայտնի չէր, որ թագադրումից հետո էլ նա ամիսը երկու անգամ գաղտնի աշխատում է որպես երկրորդ օդաչու:
Նրա ուղևորները, սովորաբար, գործարարներ են, որոնք մեկնում են Բրիտանիա, Գերմանիա, Նորվեգիա և Եվրոպայի այլ երկրներ:
De Telegraaf թերթին տված հարցազրույցում թագավորը պատմել է, որ շարունակելու է ինքնաթիռ վարել, իսկ ամռանը ավելի մեծ Boeing 737s վարելու դասընթացներ կանցնի, որ կարողանա դրանով թռչել:
Ավելի վաղ Վիլլեմ-Ալեքսանդրն ասել էր, որ եթե պալատում ծնված չլիներ, ապա կուզենար այնպիսի մեծ ինքնաթիռ վարել, ինչպես Boeing 747-ն է:
Ղեկի մոտ նստելով՝ թագավորը, առանց ներկայանալու, բարձրախոսով դիմում է ուղևորներին, քանի որ երկրորդ օդաչուն պարտավոր չէ ներկայանալ: Բացի այդ՝ նրան դժվար է ճանաչել KLM-ի համազգեստով ու գլխարկով, պատմել է թագավորը հարցազրույցի ժամանակ: Այնուամենայնիվ, հավելել է նա, ուղևորներից ոմանք գլխի են ընկնում, թե ով է օդաչուների խցիկում:
Վիլլեմ-Ալեքսանդրը գահ է բարձրացել այն բանից հետո, երբ նրա մայրը՝ Բեատրիքս թագուհին, 2013 թ. հրաժարվեց գահից: Այս տարվա ապրիլին նա դարձավ 50 տարեկան:
Փոխանցում է BBC-ն: