18.05.2017 12:55

ԱՄՆ-ը որոշել է չարգելել նոութբուքերը Եվրոպայից ժամանող չվերթերում

ԱՄՆ-ը որոշել է չարգելել նոութբուքերը Եվրոպայից ժամանող չվերթերում

ԱՄՆ-ը և ԵՄ-ն հրաժարվել են Եվրոպայից ԱՄՆ ժամանող ավիաչվերթերում պլանշետների և նոութբուքերի նկատմամբ արգելք սահմանելու մտքից: Նման որոշում է կայացվել Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի իշխանությունների ներկայացուցիչների և փորձագետների չորսժամյա հանդիպումից հետո:

Հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ այլ միջոցներ են քննարկվում թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, սակայն չի նշվում, թե ինչ միջոցների մասին է խոսքը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել է, որ հնարավոր է՝ պլանշետների և համակարգիչների նկատմամբ արգելք սահմանվի եվրոպական երկրներից ժամանող ինքնաթիռներում: Մարտի վերջին Վաշինգտոնն այդպիսի արգելք է սահմանել հիմնականում մուսուլմանական բնակչություն ունեցող մի շարք երկրներից ժամանող չվերթերի նկատմամբ: ԱՄՆ-ի սահմանափակումները վերաբերում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ութ երկրների, որոնց ԱՄՆ-ը դիտարկում է որպես ահաբեկչական սպառնալիքի հավանական աղբյուրներ՝ Թուրքիա, Մարոկկո, Հորդանան, Եգիպտոս, ԱՄԷ, Քաթար, Սաուդյան Արաբիա և Քուվեյթ:

Մեծ Բրիտանիայի սահմանած նույնպիսի արգելքը տարածվում է Եգիպտոսի, Թուրքիայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Թունիսի և Լիբանանի ուղիղ չվերթերին: Այն վերաբերում է ցանկացած սարքի՝ ներառյալ սմարթֆոնները:

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելք մտցնելու անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ տեղեկություններ կան, թե ծայրահեղականները կարող են պայթուցիկ սարքեր քողարկել նոութբուքերի, պլանշետների, տեսախցիկների, DVD-փլեյերների և էլեկտրոնային խաղային սարքերի մեջ:

Փոխանցում է BBC-ն: