18.05.2017 16:44

Որ մենք հերոս կամ խաղաղ ժամանակների ֆիդային

Որ մենք հերոս կամ խաղաղ ժամանակների ֆիդային

Աբովյան փողոցի շենքերից մեկի ճակատին մի համեստ հուշատախտակ կա. «Այս տանն ապրել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը»:

ԱԺ պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանը երեկ՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ տարածել է իր կենսագրությունը, որտեղ բառացիորեն գրված է. «2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կամավորական ջոկատի հրամանատար»:

Ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմերն ավելի քան հարյուր զոհ են տվել. նրանց մի մասը եղել են ոչ թե պարտադիր զինծառայողներ, այլ՝ կամավորներ: Կամավորները կռվել եւ նահատակվել են պատերազմական գործողությունների ժամանակ, մարտի դաշտում:

Ապրիլյան պատերազմի օրերին հազարավոր կամավորներ են մեկնել ճակատ, նրանցից ոչ բոլորին են տարել ճակատ, բայց կռվել են շատերը: Ովքեր էլ որ չեն կռվել, ինչ-որ կերպ փորձել են առաջին գծում աջակցել կռվողներին:

Շատերն այդ կռվից տուն չեկան, շատ մայրեր սեւեր հագան, ու որքան էլ ամոթալի՝ հերոսներից ոչ բոլորի անունները անգիր գիտենք: Այդպիսին է մարդկային հիշողությունը, ցավոք. սգացինք ու կամաց-կամաց անցանք մեր առօրյային: Ու մայրերից շատերը մնացին մեն-մենակ ու դեմ հանդիման իրենց ցավի հետ: Կորստի հետ, որ էլ երբեք հետ չեն բերի: Ու մենք մնացինք մեն-մենակ՝ զոհված եւ ողջ մնացած տղաների արած այն հերոսության հետ, որ դեռ բավարար չափով չգնահատվեց, որովհետեւ նրանք ու նրանց հարազատները չափազանց համեստ էին՝ կռիվ տված տղաների հերոսությունները մատի փաթաթ սարքելու համար: Եւ թերեւս իրենք իրենց այդ համեստությամբ ավելի հերոսացան, կամ թերեւս՝ համեստությունը իրական հերոսների բնավորության անբաժանելի մասն է:

Հերոսները, իրական հերոսները ամպագոռգոռ հայտարարություններ չէին ու չե՛ն անում, կուրծք չէին ծեծում, հերոսները լուռ էին ու ե՛ն համեստ:

Որովհետեւ հերոսությունը խոսքը չէ, խոսքի մեջ աղմուկն է շատ, աղմուկի մեջ՝ անգործությունը եւ սուտը, հերոսությունը լռության մեջ է՝ իր ամբողջ մաքրությամբ, անաղարտությամբ եւ անմեղությամբ, առանց ստի ու կեղծիքի: Այնքան մաքուր, որ մենք՝ այդ հերոսությանը կողքից դիտողներս, այդ հերոսությանը «դիպչելու» համար պիտի նախ մաքրվենք:

Հավերժ փառք պատերազմի ժամանակ իրենց կյանքը տված նահատակներին, նրանց, ովքեր պատրաստ են եղել իրենց կյանքը զոհել եւ խիզախություններ են արել մարտի դաշտում՝ շատ լավ իմանալով, որ հերոսությունը հաճախ նաեւ մոռացության հետ է քայլում կողք կողքի….

Հա, ի՞նչ էի ասում. Աբովյանի վրա գտնվող մոխրագույն շենքի պատին հուշատախտակ կա՝ «այստեղ ապրել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը»…

Իսկ զուգահեռ աշխարհում պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանը հավելում է արել իր կենսագրության մեջ եւ գրել. «2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կամավորական ջոկատի հրամանատար»: Հրամանատար: Այսինքն` ԿԱՄԱՆԴԻՐ: Այսինքն, հիմա այդ կուսակցությունում, ըստ Փաշինյանի, արդեն երկու ԿԱՄԱՆԴԻՐ կա. մեկը` ինքը, մյուսը` Սասուն Միքայելյանը:

Իշխան Պողոսյան