18.05.2017 17:06

Գեւորգ Նալբանդյան. Հայաստանի դեմքը

Գեւորգ Նալբանդյան. Հայաստանի դեմքը

Ռուսական մի արտահայտություն կա՝ «դոժիլի»: Հայերեն, երեւի, կասվի՝ «էս ի՞նչ օրն ենք ընկել»:

Էպոխա է փոխվում, իսկ Հայաստանի պառլամենտը աշխարհին կներկայանա Արա Բաբլոյանի դեմքով: Մի քիչ ֆրանսերեն խոսում է, ոչինչ: Նախորդը նույնիսկ հայերենից էր երկու ոտքով կաղում, եւ նրա համեմատ՝ Բաբլոյանը գուցե գյուտ է: Բայց յոթանասուն տարեկանում քաղաքական գործիչ չեն դառնում նույնիսկ ԱՄՆ-ում: Բարեբախտություն է, որ Հայաստանում պառլամենտի նախագահը զուտ ներկայացուցչական ֆիգուր է: Ցավն այն է, որ տարեցտարի ֆորմալ է դառնում առհասարակ իշխանությունը, որ ցուցանակի դեր է կատարում: Բուն որոշումներն ընդունում է «պոլիտբյուրոն», եւ պաշտոնի հերթում բոլոր կանգնածները պարտադիր անցնում են Մելիք-Ադամյանով:

Հայաստանի անկախությունը սկսվել է Մելիք-Ադամյան փողոցից, երբ տասնյակ հազարավոր մարդիկ Գերագույն խորհրդի նախագահի ընտրություններում պաշտպանում էին Հայոց համազգային շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդ հուժկու աջակցության շնորհիվ է, որ կոմունիստական Մոսկվան չհամարձակվեց զորքեր մտցնել Երեւանի կենտրոն եւ կանխորոշել քվեարկության արդյունքները: Քսանյոթ տարի անց Մելիք-Ադամյան փողոցը, որտեղ պետք է կանգնեցվեր Հայաստանի անկախության եւ դեմոկրատիայի համար պայքարը խորհրդանշող արձան, երեւանցիների եւ ողջ հայ ժողովրդի համար դարձել է հասարակության թիկունքում գաղտնի որոշումների ընդունման վայրի սիմվոլ: Իշխանությունը պղծել է ե՛ւ Բաղրամյան 26-ը, ե՛ւ Մելիք-Ադամյան փողոցը: Անկախ Հայաստանի բոլոր սիմվոլները պղծված են:

Եւ եթե Բաբլոյանի փոխարեն պառլամենտի նախագահ ընտրվեր, ասենք, որեւէ երիտհանրապետական, ոչինչ չէր փոխվի: Որոշումը, միեւնույն է, կայացնում է «պոլիտբյուրոն», որին շուտով կմիանա նաեւ ՀՅԴ Բյուրոն, եւ ամեն ինչ «տեղը կընկնի»: Այսինքն, Հայաստանը դուրս կգա սահմանադրական հունից եւ կվերածվի պարտոկրատական միապետության:

Ամեն ինչ վերադառնում է սկզբին: Հայաստանի դեպքում դա էլիտա կոչվածի կոմսոմոլական երիտասարդությունն է, բյուրոյի որոշումների «անշեղ կատարման» ստերեոտիպը: Հայտնի ճշմարտություն է, որ ստրուկը չի տենչում ազատության, նրան պետք է, որ դառնա ստրկատեր: Հայաստանի կոմսոմոլա-դաշնակցական էլիտան ստրկացրել է ժողովրդին, որպեսզի որոշումներ կատարողից վերափոխվի կառավարողի: Մելիք- Ադամյան փողոցի սիմվոլիկան խորտակած է: Հայաստանը քայլ առ քայլ վերադառնում է ավտորիտարիզմին:

Իշխանությունը, որ ունակ չէ լուծել որեւէ քաղաքական կամ տնտեսական հարց, որոշել է վերջնականապես ստրկացնել ժողովրդին, նրանից ստեղծել ազգ-բանակ եւ երկիրը դարձնել զորանոց: «Առաջնագիծ ծառայության են գնում, այո, հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների տղաները»,- խոստովանել է պաշտպանության նախարարը: Ահա կոմսոմոլա-դաշնակցականության իդեա-ֆիքսը՝ աղքատներին է տրված հայրենիքի պաշտպանության սուրբ գործը, իսկ հարուստները թող զրկված մնան այդ «թանկ հաճույքից»:

1920 թվի աշնանը աղքատների բանակը Հայաստանի Բյուրո կառավարությունից վրեժխնդիր եղավ եւ առանց կրակոցի թողեց Կարսը: Հող եւ հայրենիք հանձնած Դաշնակցությունը մինչեւ վերջին կոպեկը կողոպտեց պետական գանձարանը, հաստատվեց Փարիզում եւ ժողովրդից խլած փողերով հնարեց Հայաստանի դեմ բոլշեւիկա-քեմալական դավադրության միֆը: Այդ միֆն է կերակրում Հայաստանի կոմսոմոլա-դաշնակցական պարտոկրատիային, եւ միստերիան դառնում է Հայաստանի իրականությունը...