18.05.2017 19:00

Լիզա Ճաղարյան. Սովետական ազատ աշխարհի մանրակերտը ՀՀ ԱԺ-ում

Լիզա Ճաղարյան. Սովետական ազատ աշխարհի մանրակերտը ՀՀ ԱԺ-ում

Որեւէ տեքստ գրելիս ոմանք նախընտրում են լռությունը, ոմանք՝ երաժշտությունը, իսկ ես այսօրվանից որոշեցի գրել Հայաստանի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների հոգեպարար ելույթների ներքո։

Ինչու՞։

Որովհետեւ վաղուց ի վեր այսքան երջանիկ չեմ զգացել ինձ, ապահովության այսպիսի բուռն զգացումը երբեւէ չի ողողել իմ ցամաքած հոգին, ապագայի հանդեպ այսչափ լավատես չեմ եղել երբեք, որքան հիմա։

Ինչեր լսեցի այսօր ԱԺ պատվավոր ամբիոնից։ Լսեցի, որ ունենք մի իշխող կուսակցություն, որն իշխող է դարձել առանց ընտրակեղծիքների դույզն-ինչ նշույլի, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։

Վերջապես հասկացա, որ միմիայն նախկին Սահմանադրությունն էր մեղավոր մեր երկրում սանձազերծված թալանի, կոռուպցիայի, սպանությունների եւ սպանության հեղինակների անպատժելիության, արտագաղթի եւ առհասարակ բոլոր-բոլոր այն սահմռկեցնող ապօրինությունների համար, որ նախկին Սահմանադրության պատճառով տարեցտարի ավելի ու ավելի ամբարտավանությամբ են ներխուժում մեր տները, մեր աշխատավայրերը, մեր հոգիները։

Է՞լ ինչ պարզվեց այսօր։ Պարզվեց, որ այդ դահլիճում նստածները՝ մեկ մարդու պես, ապրում, շնչում, քնում ու արթնանում են հանուն Հայաստանի Հանրապետության։ Եվ եթե նախկին Սահմանադրության պայմաններում հանուն Հայաստանի Հանրապետության նրանց ինքնազոհողությունները արդյունք չէին տալիս, ապա հիմա՜...

Եվ պատկերացնու՞մ եք, հո միայն ե՛ս չէի երջանիկ, երջանիկ էին նաեւ գրեթե բոլոր նորընտիրները, եւ երջանիկ էին հատկապես ու մասնավորապես, որովհետեւ ԱԺ նախագահ է դարձել Արա Բաբլոյանը՝ մեծ քաղաքագետ, կարկառուն դիվանագետ, հայերենի փայլուն իմացությամբ մի անհատ, որը նաեւ չափազանց անկեղծ մարդ է՝ խոստովանեց, որ նախկինում ուրիշի փոխարեն քվեարկել է, ինչի համար զղջում է, խոստացավ էլ նման փիս-փիս բաներ չանել։ Եվ իհարկե՝ այս բոլոր երջանիկները երախտապարտ էին Հանրապետական կուսակցության ղեկավարին, որովհետեւ հենց նա է տվել «այսքան ուրախ կյանքը մեզ»։ 

...Կցավակցեի, իհարկե, «միակ ընդդիմադիր ուժ» ԵԼՔ-ին, եթե մոռացած լինեի, որ այս ուժը ներկայացնողներն էին նաեւ, որ քվեարկելով Սահմանադրության փոփոխության օգտին՝ հաստատեցին հանրապետականների այն պնդումը, որ մեր երկիրը պատած բոլոր արհավիրքների պատճառը գործող Սահմանադրությունն է, ոչ թե այդ Սահմանադրությունն ամեն քայլափոխի ոտնահարող իշխանությունը։ Կցավակցեի, եթե դեպի «պալիտբյուրոյական» Հայաստան մղող նոր Սահմանադրության դեմ պայքարողներին չհեգնեին «կեղծ օրակարգ» մեջտեղ բերելու համար։

Կցավակցեի, եթե մոռացած լինեի, որ ա՛յս ուժը հայտարարեց խորհրդարանական եւ մայրաքաղաքային ընտրությունները լեգիտիմության մասին, եւ իշխող կուսակցության ներկայացուցիչները հերթական «փայլուն» ընտրության մասին խոսելիս՝ արդեն հաճույքով վկայակոչում են նաեւ «միակ ընդդիմադիր ուժի» այս հայտարարությունը։

Չէ, չեմ ցավակցում այդ դահլիճում նստած, այսպես կոչված՝ փոքրամասնությանը։

Արժանի են մեծամասնությանը։

Ցավակցում եմ Հայաստանի բոլոր անմանդատ քաղաքացիներին։ Նաեւ նրանց, ովքեր դեռ չեն գիտակցում, թե մեր երկիրը դեպի ուր են տանում քաղաքականությունից յոթ սար ու յոթ ձոր հեռու գտնվող Արա Բաբլոյանին ձեւականորեն ԱԺ նախագահի աթոռին նստեցրած «պալիտբյուրոյականները» (բժիշկ մարդ է, թող նստի էլի էդ աթոռին, հիվանդանալ կա, բան կա՝ պետք կգա)։

Վաղ թե ուշ կգիտակցեն բոլորը։

Երբ «պալիտբյուրոն» իր մագիլները ցույց տա, «ադաբրյամսը» մտնի բոլորիս տները եւ առնվազն յոթանասուն տարի այլեւս դուրս չգա մեր տներից։

Միայն Սիբիր չունենք, դե դա էլ լուծելի հարց է՝ կդիմենք մեր դարավոր բարեկամին, որ մի քիչ նեղ անեն, տեղ անեն։